«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ գլխավոր բուժքույր Ստելլա Սուջոյանի հետ

Հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ գլխավոր բուժքույր Ստելլա Սուջոյանի հետ

Ստելլա Սուջոյանն «Արմենիա» ՀԲԿ-ում որպես գլխավոր բուժքույր աշխատում է 2015 թվականից, դասավանդում է Երևանի հենակետային բժշկական քոլեջում, «Հայբուսակ» համալսարանի բազային քոլեջում և պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջում` «քույրական գործ» գործնական դասընթացները:

 

Հեշտ աշխատանք չէ կորոնավիրուսի պայմաններում և պատերազմի ծանր իրավիճակում բազմապրոֆիլ բուժհիմնարկության գլխավոր բուժքրոջ աշխատանքը: Ստելլա Սուջոյանը կարողանում է բոլորի հետ և բոլորի կողքին պատվով կատարել իր աշխատանքը: «Մեր թիմը հաջողված է, մեր թիմը պատրաստ է փորձությանը». հպարտությամբ ասում է նա:

 

Մեր զրույցի ընթացքում նա չէր կարողանում թաքցնել հուզմունքը. «2020 թվականը մեզ համար մեծ փորձությունների շրջան էր, աշխատում ենք ծանրաբեռնված: Մարտ ամսից սկսել ենք պայքարը COVID-19-ի դեմ: Աշխատանքի ծավալը մեծ է, որովհետև սեզոնային բնույթի գրիպի կանխարգելմանը միացավ կորոնավիրուսը, անհրաժեշտ էր կազմակերպել ելք ու մուտքի սահմանափակումներ, սահմնհիվանդների` հարազատների հետ հանդիպումները, վերահսկել անձնակազմին` սանիտարական նորմերի պահպանման հետ կապված: Այդ ամենը կազմակերպելու գործընթացում համագործակցել ենք համաճարակաբանի հետ և փորձել հնարավորին խուսափել ծանր իրավիճակներից»:

 

Ի՞նչ աշխատանքներ են տարվում կորոնավիրուսի բաժանմունքներում:
Ունենք կորոնավիրուսային երկու բաժանմունք: Մտավախություն կար, որ COVID-19-ի ծանր ընթացքի մասին լուրերի հետևանքով անձնակազմի հետ կառաջանան դժվարություններ, բայց համաճարակաբանի հետ միասին իրազեկման շնորհիվ հնարավոր եղավ ամեն բան կարգավորել: Կարողացանք պատշաճ մակարդակով իրականացնել սանիտարական նորմերը, անահատական պաշտպանիչ միջոցների կիրառումը, ձեռքերի հիգիենան, բժշկական թափոնների վերացման կառավարումը, մաքուր և կեղտոտ գոտիների աշխատանքները:

 

 

 

Անձնակազմը նույնպես կարող էր վարակվել…
Իհարկե, վտանգի գործոնը մեծ էր, բայց փորձեցինք ամեն ինչ կազմակերպել այնպես, որ նվազեցնենք բուժանձնակազմի վարակման ռիսկերը:

 

Հասարակության հետ աշխատանքում ի՞նչ դժվարությունների բախվեցիք:
Հասարակության մի մասը սկզբում հիվանդությանը լուրջ չէր վերաբերվում, բայց իրականացված աշխատանքների արդյունքում շատերը գիտակցեցին դրա լրջությունը, դիմակ կրելու, ձեռքերի ախտահանման կարևորությունը: Որպես գլխավոր բուժքույր՝աշխատանք եմ տարել նաև հիվանդի հարազատների հետ:

 

Կազմակերպչական աշխատանքը մեծ լարվածություն է պահանջում…
Իհարկե՛, ամեն ինչ համակարգել ենք, այլապես քաոս էր լինելու:

 

Պատերազմի օրերին լրացուցիչ ծանրաբեռնվածությանն ինչպե՞ս դիմակայեցիք:
Չարաբաստիկ պատերազմը, որը բոլորիս համար մեծ ցավ էր, ավելի բարդացրեց իրավիճակը: Խնդիրները հիմնականում տեսակցություններն էին:  Փորձել ենք հնարավորին դրանք սահմանափակել, որպեսզի զերծ պահենք վիրավորիներին վարակման վտանգից:

 

 

Բուժանձնակազմից բացի ուրիշ ովքե՞ր են ներգրավվել այդ աշխատանքներում:
Մեզ շատ են օգնել կամավորները, շատ շնորհակալ ենք բոլոր կամավորներից:

 

 

 

Ֆիզիկական հոգնածությունից զատ` բուժանձնակազմի հոգեկան լարվածությունը…
Անկասկած, բուժքույրեր ունենք, որոնց որդիները ռազմաճակատում են եղել, ունեցել ենք կորուստներ, սակայն անձնական ապրումները չեն անդրադարձել աշխատանքի վրա:


Ո՞րն է գաղտնիքը…
Հայ լինելը…

 

Ի՞նչ կցանկանաք մաղթել մեր ժողովրդին:
Խաղաղություն: Պատերազմները միշտ իրենց անդառնալի կորուստներն են ունենում, միշտ չարիք են մարդկության համար: Առաջին հերթին, մաղթում եմ խաղաղություն:

 

22.01.2021