«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր հատվածներում հայտնաբերվում են վնասված օջախներ: Կախված այդ օջախի տեղակայումից և չափերից, ի  հայտ են գալիս տարբեր աստիճանների ախտահարումներ և կլինիկական նշաններ, տուժում են  տարբեր ֆունկցիաներ:

 

Ինչպե՞ս է արտահայտվում հիվանդությունը:
Համեմատել և գտնել երկու ՄՈՒԿ-ով միմյանց նման հիվանդ, հնարավոր չէ, որովհետև յուրաքանչյուրի մոտ ախտահարումը արտահայտվում է յուրովի. կարող են ախտահարվել գիտակցական մակարդակը կամ խոսքը, տեսողությունը, լսողությունը, կոորդինացիան կամ հենաշարժիչ համակարգի ֆունկցիաները, և, կախված այն բանից, թե ուղեղի որ մասն է առավել ախտահարված, բուժումը և մոտեցումները տարբեր են:

 

Հենաշարժիչ համակարգում գործում են ծալիչ-տարածիչ, բերիչ-առբերիչ մկաններ: Հիվանդության դեպքում մկանների տոնուսն անհամաչափ է՝ մկանների մի խումբն ավելի ակտիվ է, քան` մյուսը. միշտ վերջույթների միջև առկա է ինչ-որ տարբերություն: Օրինակ, ձախ կողմում մկանները կարող են նորմալ լինել, իսկ աջում՝ ծանր ախտահարված:

 

Երբեմն խոսքը, գիտակցության մակարդակը նորմալ վիճակում են, և լինում է միայն արտահայտված ջլային կոնտրակտուրա: Նման դեպքերում, եթե բոլոր այլ ախտաբանությունները ժխտվում են, որպես հիվանդության պատճառ դիտարկվում է ՄՈՒԿ ախտորոշումը: Իհարկե, շատ հաճախ ծնողները դրան խիստ բացասաբար են վերաբերվում:

 

Բուժման ի՞նչ մոտեցումներ կան:
Ի սկզբանե, մարդիկ մի պարզ բան պետք է հասկանան, որ տարբեր խնդիրներ առաջացրած ուղեղի վնասված հատվածը վերականգնելու համար ներկայում բժշկությունը որևէ միջոց չունի: Ընդամենը մասնագետները փորձում են հասնել նրան, որ ուղեղի առողջ հատվածները հիվանդ հատվածի ֆունկցիան վերցնեն իրենց վրա:

 

Օրինակ, oրթոպեդները և վերականգնողաբանները oրթոզիստների hետ աշխատում են, որպեսզի հոդերում կոնտրակտուրաներ չառաջանան, ջլերը կարճ չլինեն, քանի որ երկարատև հիվանդության կամ սխալ զարգացման արդյունքում մի խումբ մկանների, մեծավ մասամբ, ծալիչների, կարճացում է դիտվում:

 

Խնդիրը կարգավորվում է վիրահատական ճանապարհով: Այդ միջամտության նպատակը տարբեր մկանային խմբերը հավասարակշռելն է:
Եթե մկաններ մի խումբը լավ է զարգացած, մյուս խումբը՝ ոչ, առաջին խմբի մկաններից մեկը փոխվում է թույլի հետ, որպեսզի այդ խումբը կարողանա թերի ֆունկցիան վերակագնել: Կամ իրականացվում է մկաների ու ջլերի երկարությունների փոփոխություն:
 

Շատ տարբեր վիրահատություններ կան, արդյունքը կախված է երեխայի սկզբնական վիճակից:

 

Որքանո՞վ է վիրահատությունն արդյունավետ:
Ընդհանուր առմամբ, գործում է այն սկզբունքը, որ, եթե մինչև 4-5 տարեկան երեխան դեռևս չի նստում, մեջքը չի պահում, կոորդինացիան նորմալ չէ, դժվար թե քայլի: Այստեղ գործում է մի քայլի սկզբունքը՝ երեխան, որը նստում է՝ կկանգնի, որը կանգնում է՝ կքայլի, եթե քայլ է գցում, արդեն հնարավորություն կա ավելի նորմալ, ավելի ճիշտ քայլքի: Շատ երեխաներ լիովին անհույս են՝ ինտելեկտի ախտահարումով, նստել չեն կարողանում. նման երեխայի մոտ կատարել վիրահատություն, անիմաստ է: Եթե երեխան երբեք չի կանգնելու և ուրեմն՝ չի քայլելու, ո՞րն է կոնք-ազդրային հոդախախտն ուղղելու իմաստը: Նման երեխաների ծնողներին հույս տալը կարելի է անգամ դաժանություն համարել, առավել ևս, որ վիրահատությունները շատ բարդ են և մեծ վտանգներ են պարունակում:

 

Որքա՞ն ժամանակ է, ինչ մեզ մոտ իրականացվում են նման վիրահատություններ:
Վիրահատություններ միշտ էլ կատարվել են, պարզապես օրթոպեդիան այնպիսի ոլորտ է, որն ուղիղ կապ ունի տեխնիկայի հետ: Մեծ դեր ունեն նոր տեխնոլոգիաները, նոր մետաղական կոնստրուկցիաները, որոնք այսօր ավելի որակով ու արդյունավետ են, և թույլ են տալիս հիվանդին ավելի արագ ոտքի կանգնել և քայլել:

 

Օրինակ, նախկինում արթրոսկոպներ չունեինք և ծնկան վիրահատությունների ժամանակ մենիսկն ամբողջությամբ հեռացվում էր: Իսկ այժմ մենիսկի հեռացումը բարբարոսություն է համարվում, այն հեռացվում է հազվադեպ դեպքերում, երբ վիճակն անհույս է:
Ներկայում ունենք տարբեր սարքեր և գործիքներ, որոնք թույլ են տալիս փակ վիրահատություններ կատարել ոսկրերի վրա` նվազագույն ինվազիվ եղանակով:

 

Օրթոպեդիան բժշկության ամենաթանկ ոլորտներից է, որովհետև անընդհատ պահանջում է նոր սարքեր, նոր վերապատրաստումներ, արտասահմանյան փորձի փոխանակում:

 

Ի՞նչ համագործակցության եզրեր ունեք:
Արտերկրի գործընկերների հետ ունենք մշտական կապեր, փորձի փոխանակում է տեղի ունենում համացանցի շնորհիվ, յուրաքանչյուր հետաքրքիր դեպք քննարկում ենք, կարծիքներ փոխանակում: Սա շարունակական գործընթաց է:

 

Երեմն մեր մոտեցումներն արտերկրի բժիշկների համար արտասովոր են թվում: Այնտեղ բժիշկները գիտեն, որ յուրաքանչյուր հիվանդության համար կա ստանդարտ սխեմա և անհրաժեշտ սարքեր, իսկ մենք՝ լինելով ոչ հարուստ երկիր, չենք կարող այդ ամենը ձեռք բերել, և տարբեր իրավիճակներում յուրովի մոտեցումներ ենք գտնում: Եվ հաճախ բուժում ենք մի փոքր այլ կերպ՝ փորձելով հարմարեցնել մեր հնարավորություններին, ու լուրջ հաջողություններ ենք ունենում: Ելք չունենալուց միտք ենք շարժում, փոխարինող տարբերակներ փնտրում: Դա, իհարկե, դժվարացնում է բժշկի գործը, բայց արդյունքերը լինում են խոստումնալից և հետ չեն մնում արտերկրի բժիշկների ստացած արդյունքներից:

 

Որքանո՞վ են վիրահատությունները հասանելի:
Մեզ մոտ 0-18 տարեկան երեխաների մոտ բոլոր կոտրվածքների, թարմ վնասվածքների ծախսերը պետությունը լիովին վճարում է, վճարում է նաև մետաղական բոլոր տեսակի կոնստրուկցիաների համար: Չեն վճարվում ծնկան կարերի թելերը,  0-18 տարեկան երեխաների պլանային վիրահատությունների նյութածախսը՝ երկաթը: Այսինքն, եթե հիվանդը դիմում է Փարոս, սոցանապահովություն, ապա ռեկոնստրուկտիվ վիրահատության ծախսերը պետությունը չի հոգում:

 

Ոլորտում ի՞նչ խնդիրներ կարող եք առանձնացնել:
Մենք պետք է պետականորեն աջակցենք բժշկության զարգացմանը, և այն չթողնենք վերջին պլանում, որովհետև պատերազմող երկիր ենք: Անկախության 30 տարիների ընթացքում բժշկության մեջ ինչ կատարվել է՝ 90 տոկոսը բժիշկների անձնական զոհաբերությունների, չարչարանքների հաշվին է կատարվել և կատարվում է: Այդ պատճառով վերջին տարիներին բժիշկների մեծ արտահոսք կա արտասահման, որն անձամբ ինձ համար շատ մտահոգիչ է: Օրինակ, մանկական անեսթեզիոլոգ Հայաստանում մի քանի հոգի են մնացել, և դա խնդիր է երկրի մակարդակով: Շատ մասնագիտություններում որակյալ կադրերի պակաս ունենք, կորոնավիրուսային վարակի այս օրերին դա առավել նկատելի է:

 

Ուզում եմ նաև նշել, որ շատ երեխաներ այսօր բանակից ազատվում են տարբեր առողջական խնդիրներով, որովհետև ժամանակին անհրաժեշտ բուժօգնությունն այս կամ այն պատճառով չեն ստացել, իսկ դա անթույլատրելի է մեր երկրի համար:

 


Մանկական oրթոպեդիայի և վնասվածքաբանության ծառյության ղեկավար,

Այվազյան Արա Աշոտի,

բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր



12.02.2021