«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Ինտերվենցիոն սրտաբանական ծառայությունը «Արմենիա» ԲԿ-ում. հարցազրույց Պողոս Սարգիսյանի հետ

Ինտերվենցիոն սրտաբանական ծառայությունը «Արմենիա» ԲԿ-ում. հարցազրույց Պողոս Սարգիսյանի հետ

Ե՞րբ է հիմնվել ինտերվենցիոն սրտաբանական ծառայությունը «Արմենիա» բժշկական կենտրոնում
Անգիոգրաֆիա, կորոնարոգրաֆիա իրականացվում է կորոնար և պերիֆերիկ անոթների խցանումների ժամանակ, ինչը և՛ ախտորոշիչ, և՛ բուժական միջամտություն է: Անոթի խցանումը հայտնաբերելու դեպքում կատարվում է ստենտավորում: Այս միջամտությունն անգնահատելի է՝ անոթը բացելով, փաստորեն, հիվանդին կյանքը շարունակելու հնարավորություն է տրվում:

 

Արմենիա ԲԿ սրտաբանական կլինիկայի ղեկավարը Մայրանուշ Դրամբյանն է, ում մեծ ջանքերի շնորհիվ 2014 թվականին հիմնվեց և սկսեց աշխատել կարդիոանգիոգրաֆիայի ծառայությունը: Նա փորձառու և հմուտ մասնագետ է, հոյակապ անձնավորություն, հետևողական և խստապահանջ: Իր հետ միասին և իր գլխավորությամբ արդեն վեց տարուց ավելի է, որ աշխատում ենք: Հատուկ շնորհակալություն և մեծ հարգանքս հիվանդանոցի գլխավոր տնօրեն պրոֆեսոր Գրիգորի Գրիգորյանին, ով միշտ մեր կողքին է` մեզ զորավիգ լինելու համար:

 

Ֆրանսիայում ուսանած բժշկուհի Կարինե Պետրոսյանը և ես, միասին սկսեցինք աշխատել անգիոգրաֆիկ ծառայությունում: Մեկ և կես տարուց Կարինեն մեկնեց Գերմանիա: Ես մինչև հիմա մենակ եմ աշխատել: Ինտենսիվ բաժանմունքից սրտաբան Տամբա Արուն, որը որոշ ժամանակ իմ օգնականն էր, ավարտել է նվազագույն ինվազիվ միջամտության կուրսերը և արդեն երկուսով ենք աշխատելու:

 

Ի՞նչ հագեցվածություն ունի բաժանմունքը:
Մենք աշխատում ենք Siemens Artis Zee գերմանական SIEMENS ընկերության սարքի օգնությամբ: Երբ սկսեցի աշխատել, սարքը Հայաստանում նորագույններից էր: Այն իր բարձր որակով թույլ է տալիս հետազոտել ո՛չ միայն սիրտը սնող, այլ նաև պերիֆերիկ անոթները:

 

Արմենիա ՀԲԿ անգիոգրաֆիկ ծառայության բաժանմունքը հագեցած է գերմանական վերջին սերնդի՝  Siemens Artis Zee  անգիոգրաֆով, որը Հայաստանում եզակի է : Սարքի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում՝ ո՛չ միայն սրտի անոթների, այլև` մյուս օրգանների:

 

Կարող եմ այս հիվանդանոցի առավելությունը նշել ուրախությամբ` կյանքի ցուցումով վիրահատում ենք` առանց սպասելու գումարային պարզաբանումների:

 

Որո՞նք են կորոնարոգրաֆիայի ցուցումները:
Ցուցումներն են, առաջին հերթին՝ սրտամկանի ինֆարկտը, սուր կորոնար համախտանիշը: Սուր կորոնար համախտանիշի ժամանակ, եթե հիվանդն ունի անբավարարություն, պետք է պարզել՝ պատճառը կորոնար անոթնե՞րն են, թե՞ սրտամկանն է վնասված: Երբեմն մարդիկ սաստիկ ցավեր են ունենում, բայց էլեկտրասրտագրությունը նորմայի սահմաններում է: Նման դեպքերում կատարվում է թրեդմիլ թեստ (լարվածության թեստ), կորոնարոգրաֆիա, խիստ անհրաժեշտության դեպքում` կորոնար զարկերակների անգիոպլաստիկա՝ բալոնային դիլատացիա և ստենտավորում:

 

Անգիոգրաֆիա իրականացվում է նաև սրտի խոռոչների ներանոթային հետազոտության նպատակով ՝ վենտրիկուլոգրաֆիա և հեմոդինամիկ ցուցանիշների գնահատում: Կատարվում են աորտայի և նրա ճյուղերի, քնային զարկերակների, ներուղեղային և երիկամային զարկերակների, վերին և ստորի վերջույթների անգիոգրաֆիա:

 

Խոսենք Հայաստանում սրտային խնդիրների առանձնահատկությունների և պետական օժանդակության մասին:

Ցավոք, Հայաստանում հիվանդները շատ ուշ են դիմում բժշկի, երբ «դանակը ոսկորին է հասնում»: Առկա են ֆինանսական խնդիրներ, բայց այժմ պետության աջակցությունը բավականին մեծ է սոցշահառուների, զինծառայողների, պաշտպանության նախարարության աշխատողների, երրորդ, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողների շրջանում: Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողներին մեկ տարի է, ինչ ստենտավորումը կատարվում է անվճար (պետպատվերի շրջանակում ընդգրկվում է միայն ST սեգմենտի էլևացիաները):
Բայց այն հիվանդները, որոնք չեն ընդգրկվում պետական աջակցության խմբերում, մեծ դժվարությամբ են վճարում ծառայության դիմաց։

 

11.01.2021