«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. հնդիկ հայ բժիշկը` ինտերվենցիոն սրտաբան Արու Տամբա

«Մասնագիտությունը՝  բժիշկ» շարքից. հնդիկ հայ բժիշկը` ինտերվենցիոն սրտաբան Արու Տամբա

«…արդեն 20 տարի է՝ այստեղ եմ ապրում, և այդ տարիների ընթացքում ես արդեն կարծես հայ եմ դարձել»
Հնդիկ բժիշկ Արու Տամբան ընտրել է բարդ, բայց չափազանց կարևոր` ինտերվենցիոն սրտաբանի, մասնագիտությունը և առանձնակի գոհունակությամբ է պատմում իր՝ ժամերի մեջ չսահմանափակված, ծանր աշխատանքի մասին: Նա Հայաստանի մասին առաջին անգամ տեղեկացել է այն ժամանակ, երբ բժշկական կրթություն ստանալու համար ընկերները խորհուրդ են տվել ուսանել Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում, ինչն էլ առիթ է դարձել ամբողջովին կապվել այս երկրին, սիրել, ինչպես ինքն է ասում՝ հայ դառնալ:

 

Ի՞նչու հենց ինտերվենցիոն սրտաբան…
2000-ին Հայաստան եկա բժշկական` համալսարանում սովորելու, օրդինատուրան անցա որպես սրտաբան:  Հետո՝ ինչպես բոլոր հնդիկ ուսանողները, որոշեցի գնալ Հնդկաստան: Մեկ տարի աշխատեցի այնտեղ, բայց զգում էի, որ Հայաստանն ասես ձգում է և ուզում եմ վերադառնալ: Եկա և սկսեցի աշխատել սրտաբանական բաժանմունքում: Հետո՝ 2012-ին, գնացի Յամայկա, այնտեղ աշխատեցի մեկ տարի: Վճարում էին լավ, բայց կային ազատության սահմանափակումներ, և ես չկարողացա հարմարվել: Նորից Հայաստան եկա: Յամայկայից վերադառնալուց հետո վերապատրաստվեցի և դարձա ստենտավորման մասնագետ՝  ինտերվենցիոն բժիշկ:

 

Այս մասնագիտությունը բավարարվածության մեծ զգացողություն է առաջացնում, որովհետև ինտերվենցիոն սրտաբանը խիստ կարևոր գործ է անում՝ սրտի իշեմիայի, ինֆարկտի ժամանակ բացում է խցանված անոթը, կարգավորում սրտամկանի սնուցումը` մարդուն վերադարձնելով կյանք: Ստենտավորման շնորհիվ հիվանդը կյանքը լիարժեք շարունակելու հնարավորություն է ստանում: Շատ լավ է, որ այսօր ստենտավորումների մեծ մասն անվճար է կատարվում, և մենք կարողանում ենք օգնել մարդկանց: Հայաստանում միայն սրտի փոխպատվաստում չկա: Լավ կլիներ, որ դա ևս զարգանար:

 

Քանի որ, հենց սկզբից, սկսեցի այս հիվանդանոցում աշխատել, այն արդեն ինձ համար հարազատ է դարձել, և որքան էլ այլ տեղեր են առաջարկում, մտքովս էլ չի անցնում այստեղից գնալ: Շատ են առաջարկում նաև այլ երկրներ՝ ԱՄՆ, Անգլիա մեկնել, որտեղ ավելի շատ են վճարում, բայց ինձ համար դա կարևոր չէ: Ասենք մի քանի միլիոն ավելի ունեցա, մեկ է՝ վերջը բոլորս նույն հողում ենք ամփոփվելու: Կարևորն այն է, որ ընտանիքս բարելավված է, մեքենա ունեմ, և ի՞նչ կարևոր է՝ արժեքը 3 մլն է, թե` 5 հազար: Ընդհանրապես, մարդն ագահ է, միշտ ավելին է ցանկանում, բայց դա սխալ է:

 

Մանկու՞ց եք ցանկացել բժիշկ դառնալ:
Հայրս խելացի մարդ էր և միշտ բիզնեսմեն է եղել, խանութ է ունեցել: Ընտանիքում 6 երեխա ենք, ունեմ երկու քույր, երեք եղբայր: Եղբայրներս հորս հետ սկսեցին բիզնեսով զբաղվել: Բայց հայրս ցանկացավ, որ ես բժիշկ դառնամ: Եվ միայն ես այլ մասնագետ դարձա:


Նոր երկրում ամեն դեպքում շատ բան խորթ է՝ տարբեր են մշակույթը, կրոնը, մարդկային հարաբերությունները: Ինչպե՞ս կայացավ այդ բարդությունների հաղթահարումը

Սկզբում արտասովոր էր ամեն բան, բայց որքան շփվեցի մարդկանց հետ, այնքան սիրեցի: Հիմա այստեղ արդեն իմ ընտանիքն է, ասես նաև՝ իմ հայրենիքը, նույնիսկ արդեն իմ հայրենիքից ավելի եմ սիրում: Հայաստանում մնալու ամենակարևոր պատճառն ինձ համար մարդիկ են, ապա՝ անվտանգությունը. գիշերվա 3-ին, 4-ին կարող ես դուրս գալ և ոչ ոք չի անհանգստացնի: Դրսում՝ Յամայկայում, ԱՄՆ-ում աշխատելիս շատ դաժանություններ եմ տեսել, երբ անգամ վախենում ես մեքենայից իջնել:
Այստեղ նաև եղանակային փոփոխություններն են ինձ դուր գալիս՝ ձյունը, ձմեռը, սար բարձրանալը:

 

Երբևէ հնարավո՞ր է Հնդկաստան վերադառնաք:
Ես ծնվել և 20 տարի ապրել եմ Հնդկաստանում: Այդ տարիքում արդեն մարդիկ սկսում են ճիշտ հասկանալ ամեն բան և որոշում կայացնել: Եվ ես վճռեցի այստեղ մնալ: Ու արդեն 20 տարի է այստեղ եմ ապրում, և այդ տարիների ընթացքում ես արդեն կարծես հայ եմ դարձել, արդեն չեմ զգում, որ օտար եմ: Այսուհետև չեմ էլ կարող այլ տեղ ապրել: Արդեն հայկական բնավորությունը մեջս է: Ամուսնացել եմ համակուրսեցուս՝ Ժաննայի հետ, ով մասնագիտությամբ էնդոկրինոլոգ է: Երկու երեխա ունենք. աղջիկս 9 տարեկան է, տղաս՝ 2,5: Երկու երեխաներս էլ հայկական անձնագիր են ստացել, ազգությունները գրվել է «հայ»:

Իսկ կրոնի հարցում բարդություններ չկան, Հնդկաստանում ևս քրիստոնեության հետ որևէ խնդիր չկա՝ հինդուիզմն ու քրիստոնեությունը իրար մոտ են, երկուսի հիմքում էլ մարդուն չվնասելն է:
Այստեղ ապրելիս հայերեն սովորեցի, համալսարանում ռուսերեն եմ սովորել: Փաստորեն գիտեմ հայերեն, անգլերեն, ռուսերեն, 2-¬3 հնդկերեն լեզու: Հնդկաստանում 14 պետական լեզու կա, տարբեր նահանգներում տարբեր լեզուներ են. ընդհանուր լեզուն անգլերենն է: Հայրս ու մայրս տարբեր լեզուներով են խոսում:

 

Վերջին տարիներին սրտի հետ կապված խնդիրներն ավելի շատ են հանդիպում…
Այո, Հայաստանում սրտի խնդիրներով տառապողները մեծ թիվ են կազմում, որովհետև այստեղ շատ են միս օգտագործում, որը անոթներում խոլեսթերինի կուտակումների պատճառ է դառնում: Պետք է տարբեր մթերքներ օգտագործել՝ սպիտակուցներ, վիտամիններ, անհրաժեշտ է ճիշտ հարաբերակցություն պահպանել բանջարեղենային և այլ մթերքների միջև:
 Նաև ֆիզիկական ակտիվությունն է կարևոր: Երբ ուսանող էի՝ շատ էինք քայլում, հիմա, 15 տարի անց, ամեն բան փոխվել է: Ես ինքս էլ՝ առավոտյան գալիս եմ աշխատանքի, հետո տուն եմ գնում և այլևս դուրս չեմ գալիս:
Վնասակար սովորություններն էլ իրենց հերթին են վնասում անոթները և սիրտը: Հայաստանում շատ են ծխում: Մեծ դեր ունի նաև սթրեսը, որի համար վերջին տարիներին այստեղ պատճառները շատ են:

 

Ինտերվենցիոն բժիշկները քիչ են, բնականաբար, շատ եք ծանրաբեռնված…
Միշտ քաղաքում եմ, գրեթե դուրս չեմ գալիս, որովհետև ցանկացած պահի կարող է դեպք լինել: Երբ զանգահարում են, շտապ գալիս եմ, արագ հավաքվում է մեր խումբը, կատարում ենք ստենտավորումը և փրկում հերթական կյանքը: Ստենտավորմամբ երկու բժիշկներով ենք զբաղվում՝ ես և Սարգսյան Պողոսը, այդպես գոնե կարողանում ենք միմյանց փոխարինել:
Հանգստյան օրերին եմ միայն մի քիչ կարողանում ընտանիքիս հետ շփվել:

 

Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:
Բժիշկը միշտ պետք է կարդա, ամեն օր նորություններ են լինում, պետք է զարգանա, այլապես հետ կմնա: Իմ ընկերները ԱՄՆ-ից, Անգլիայից, Ռուսաստանից, բոլորրը զարմանում են, որ այդքան հաջողությունների եմ հասել: Իսկ բանաձևը շատ պարզ է. եթե մարդ ցանկանա, շատ բանի կհասնի:

 

Ինչպիսի՞ն պետք է լինի բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունը:
Պետք է բոլորը հարգեն միմյանց՝ անկախ դիրքից:
Բժիշկները միշտ զբաղված են, լարված և հիվանդների հետ չեն կարողանում շատ շփվել, բայց հիվանդի հետ շատ կարևոր է բժշկի հետ խոսելը, նրան պետք է ամեն բան բացատրել հանգիստ, համբերատար: Ես չեմ ընդունում հիվանդների հետ պաշտոնական հարաբերություններ և հավասարի պես եմ վերաբերվում բոլորին:  Եվ շատ լավ եմ զգում, որ գնահատում են, սիրում են ինձ: Կոնֆլիկտներ չեմ սիրում:  Կարծում եմ, ինձ հետ հեշտ է աշխատելը:

 

Ինչպե՞ս եք հանգստանում:
Կյանք փրկելու ուրախությունն այնքան մեծ է, որ արդեն ամեն հանգստից լավ է ազդում: Այն բառերը, որ հիվանդն ու հարազատներն են ասում՝ հանգստացնում է: Շատ հիվանդներ եմ փրկել, ես չեմ հիշում, բայց իրենք հիշում են, կանգնեցնում են փողոցում, ասում որ փրկել եմ: Դա շատ հաճելի է: Ոմանց հետ անգամ մինչև այժմ կապ ունեմ:

 

Ձեր մաղթանքը:
Աստված տա, որ բոլորն առողջ լինեն, առողջ ապրելակերպի հետևեն: Ես չեմ ցանկանում շատ հիվանդ ունենալ,  պարզապես ուզում եմ օգնած լինել:  


21.11.2020