«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Մաշկի ճիշտ խնամքը կորոնավիրուսային վարակից պաշտպանական միջոցների օգտագործման ժամանակ. մաշավեներաբան Արեգ Չալաբյան

Մաշկի ճիշտ խնամքը կորոնավիրուսային վարակից պաշտպանական միջոցների օգտագործման ժամանակ. մաշավեներաբան Արեգ Չալաբյան

Ստեղծված իրավիճակում մարդիկ անընդհատ օգտագործում են անհատական պաշտպանիչ միջոցներ, ինչպիսիք են` դիմակը, ձեռնոցները, և ավելի հաճախ են ախտահանում ձեռքերը, քան` սովորաբար: Արդյունքում կարող են մաշկի հետ կապված խնդիրներ առաջանալ, պացիենտների մոտ սրվել առկա քրոնիկ հիվանդությունները:


Ինչո՞ւ է կարևորվում մաշկը:
Վիրուսը կարող է փոխանցվել կոնտակտային և օդակաթիլային ճանապարհներով, ընդ որում, կոնտակտայինը համարվում է փոխանցման հիմնական ուղին: Վիրուսի տարածման ուղիները դեռ լիովին պարզ չեն, հայտնի չեն նաև ախտահանման եղանակները: Այդ պատճառով հայտնի բոլոր պաշտպանական միջոցները պետք է չանտեսվեն, հատկապես մաշկի հիգիենան, որի դերն այս պարագայում չափազանց կարևոր է: Անկախ առկա մաշկային խնդիրներից, խուսափել անհատական պաշտպանիչ միջոցների կիրառումից` հնարավոր չէ:

 

Ո՞ր ախտահանիչ քսուկների, օճառների կիրառումն է առավել անվնաս:
Ձեռքերի ախտահանիչները պետք է կիրառվեն միայն չոր և մաքուր մաշկի վրա, որը պետք է տարածել այնքան, մինչև մաշկն ամբողջովին չորանա` մոտավորապես 30 վայրկյան: Պետք է ձեռքերը չլվանալ անմիջապես ախտահանելուց հետո և՝ հակառակը: Ախտահանիչներ օգտագործելու միջակայքում ձեռքերը հարկ է լվանալ միայն նկատելի աղտոտվածության դեպքում: Այսինքն, ձեռքերի հիգիենայի պահպանումը պետք է լինի խելամտության սահմաններում և ախտահանման եղանակները հերթագայվեն, այլ ոչ թե զուգադրվեն:

 

Տարածված կարծիք կա, որ սև, հակաբակտերիալ օճառներն ավելի օգտակար են, սակայն, իրականում, դրանք շատ են չորացնում մաշկը: Նպատակահարմար է օգտագործել ավելի նուրբ և ոչ հիմնային օճառներ, որոնք վաճառվում են դեղատներում:

 

Ձեռքերը ցանկալի է լվանալ ոչ շատ տաք, սենյակային ջերմաստիճանի ջրով: Լվանալու տևողությունը պետք է լինի հնարավորին օպտիմալ, այսինքն, շփումը ջրի հետ երկարատև չլինի՝ մացերացիաներից, մաշկի պաշտպանիչ շերտի հավելուրդային հեռացումից խուսափելու համար:

 

Ձեռքերը լվանալիս խոզանակներ չօգտագործել, մաշկին քսել նրբաքսուկներ, հատկապես փափկեցնող միջոցներ` տարածելով այնքան, մինչև լիովին ներծծվեն: Ձեռնոց օգտագործելու դեպքում ձեռքերը պետք է լինեն չոր:

 

Քսուքները ցանկալի է ձեռք բերել դեղատներից և չշփոթել ձեռքերի խնամքի համար նախատեսված տարաբնույթ կոսմետիկ քսուկների հետ, որոնք պարունակում են բազմաթիվ գրգռիչ քիմիական նյութեր:

 

Աշխատանքի ընթացքում հարկ է խուսափել մատանիներ, զարդեր կրելուց, որոնք կարող են լրացուցիչ խնդիրներ առաջացնել:

 

Որքանո՞վ են նպատակահարմար ձեռնոցների կիրառումը և ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:
Ձեռնոցները պարտադիր են բուժաշխատողների, առողջապահության աշխատակիցների համար: Ընդհանրապես, ԱՀԿ հայտարարությունները հակասական են ձեռնոցների վերաբերյալ:

 

Ձեռնոցը պետք է լինի անվնաս, չոր, կրելու տևողությունը՝ կարճ, փոխել հաճախ, որովհետև ձեռքերը քրտնում են, խոնավանում, ինչը կարող է գրգռել մաշկը, սրացնել եղած խնդիրները, սնկային հիվանդության պատճառ դառնալ:

 

Ի՞նչ խնդիրները կարող են առաջանալ դիմակ կրելիս:
Դիմակը դարձել է մեր կենսակերպի անբաժան մասը, այն հաճախ կրում ենք երկարատև, որը ստեղծում է փակ տարածություն, ինչը չի կարող չանդրադառնալ մաշկի վրա: Բերանի խոռոչը պարունակում է մեծ քանակությամբ մանրէներ, որոնք նստում են դիմակի ներսային մակերեսին, մաշկին, դրան միանում է արտաշնչվող խոնավ օդը, քրտինքը` դառնալով մի շարք խնդիրների պատճառ. պերօրալ դերմատիտ, ռոզացեա, կորյակային հիվանդության սրացում, կոնտակտային դերմատիտ, ճաքեր, մացերացիա, քոր և այլն:

 

Այդ ամենից խուսափելու համար, դիմակ կրելուց առաջ և հետո, պետք է մաքուր ձեռքերով, գոլ ջրով լվանալ դեմքի մաշկը, դիմակը հագնել չոր մաշկի վրա: Նախքան դիմակը կրելը և հետո հարկ է օգտագործել խոնավեցնող քսուկներ, հրաժարվել շպարից, որը կարող է մաշկի ծակոտիների խցանման պատճառ լինել և ավելի բարդացնել վիճակը:

 

Դիմակը պետք է հաճախ փոխել՝ նվազագույնը 2 ժամը մեկ անգամ, ինչը, ցավոք, չի պահպանվում:
Ներկայում շրջանառվում են տարբեր գործվածքների դիմակներ: Ավելի նախընտրելի են բժշկական, շնչող, ոչ սինթետիկ դիմակները:

 

Այս օրերին հարկ է խուսափել կոսմետիկ միջամտություններից, սկրաբների օգտագործումից, հիմնային օճառներից, որոնք մաշկի ավելորդ վնասման պատճառ են դառնում: Հազալ և փռշտալ պետք է ոչ թե ձեռքի ափի մեջ, այլ արմնկափոսի, այդպես կարելի է խուսափել ամեն անգամ ձեռքերը մշակելուց:

 

Ինչպե՞ս վարվել բարդություններ առաջանալու դեպքում
Ցանկացած ցան առաջանալու դեպքում պետք է դիմել մաշկաբանի և չզբաղվել ինքնաբուժությամբ, որը կարող է վատ հետևանքների պատճառ դառնալ: Հատկապես, որ շրջանառվող տարբեր ախտահանիչ միջոցները, երբեմն անհայտ ծագման, պատրաստված տան պայմաններում, կարող են վնասակար լինել ու առաջացնել նաև ալերգիկ ռեակցիաներ:

25.06.2020