«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` բ.գ.դ, վիրաբույժ-ուռուցքաբան Գագիկ Համբարձումյան. բժշկի համար ամենաբարձր պարգևատրումը հիվանդների գնահատանքն է

«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` բ.գ.դ, վիրաբույժ-ուռուցքաբան Գագիկ Համբարձումյան. բժշկի համար ամենաբարձր պարգևատրումը հիվանդների գնահատանքն է

Վիրաբույժ-ուռուցքաբան Գագիկ Համբարձումյանը բժշկի երկար և պատվաբեր ուղի է անցել և իր մեծ ավանդն ունի բժշկագիտության վիրաբուժության ոլորտում: Նա տարբեր վիրաբուժական մեթոդների, վիրահատությունների ներդրողն է եղել հանրապետությունում, բազմաթիվ հրապարակումների հեղինակ է, մասնակցել է բազում գիտաժողովների:

Իր աշխատանքային պրակտիկան, սկսելով պատերազմական տարիներին` սահմանամերձ Մեղրիում, հետո այն շարունակելով Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում, ապա Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, այժմ հրավիրվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն և ղեկավարում է վիրաբուժական կլինիկան:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում աշխատելու տարիներին շատ վիրահատություններ է իրականացրել. կերակրափողի լրիվ և մասնակի հեռացում ՝ վերականգնումով, ստամոքսի ամբողջական և մասնակի հեռացում, լյարդի տարբեր ծավալների բլթային մասնահատումներ, ենթաստամոքսային գեղձի տարբեր հատվածների ուռուցքային ախտահարումների դեպքում գեղձի մասնահատումներ՝ ռեկոնստրուկցիայով, կոլոպրոկտոլոգիական վիրահատություններ իրենց ամբողջ ծավալով:

Խոսենք Ձեր անցած ճանապարհի մասին:

Ծնվել եմ և սովորել Երևանում, ավարտել եմ Երևանի պետական բժշկական ինստիտուտը, որից հետո 1988-1991 թվականներին, որպես երիտասարդ մասնագետ, գործուղվել և աշխատել եմ Մեղրու մարզում, սահմանամերձ գոտում: Դրանք ծանր տարիներն էին, երբ բոլորս Արցախյան հարցով էինք անհանգիստ: Նախարար էմիլ Գաբրիելյանին խնդրեցի, որ ինձ Արցախ ուղարկեն: Նա ասաց, որ բոլորն Արցախին օգնում են, բայց Հայաստանում կա մոռացված մարզ, որտեղ վիրաբույժի կարիք կա. «Եթե այդքան հայրենասեր ես, գնա այնտեղ»:

Մեկնեցի Մեղրի և պատերազմի ու երկրաշարժի թոհուբոհի տարիներին աշխատել եմ այնտեղ որպես վիրաբույժ` զուգահեռ ապահովելով նաև անեսթեզիոլոգիական և վերակենդանացման ծառայությունները: 1992-ից` արդեն «Էրեբունի» բժշկական կենտրոնում էի, որտեղ անցա կլինիկական օրդինատուրա` պրոֆեսոր Հովհաննես Վազգենի Սարուխանյանի ղեկավարած ամբիոնում, և շարունակեցի աշխատել նույն կենտրոնում` որպես վիրաբույժ:

Դրանք բեղմնավոր տարիներ էին:  Պրոֆեսոր Սարուխանյանի հետ աշխատելը մասնագիտական աճ էր:  Պատերազմական տարիներին մեծ քանակի վիրավորներ էինք ընդունում և ապահովում նրանց առողջացումը: 2000 թվականից աշխատանքի անցա Ուռուցքաբանության ազգային կենտրոնում` որպես վիրաբույժ, իսկ 2002 թվականի հոկտեմբերից ստանձնեցի այդ ինստիտուտի որովայնային ուռուցքաբանության բաժնի վարիչի պարտականությունները` մինչև 2019-ի սեպտեմբերը:

Պրոֆեսոր Հայրո Գալստյանի ղեկավարությամբ պաշտպանել եմ թեկնածուական և դոկտորական թեզեր` նվիրված ստամոքսի քաղցկեղի բուժման արդիականացմանը, մոտակա և հեռակա արդյունքների բարե լավմանը: Ստամոքսի քաղցկեղի բոլոր ասպեկտները ուսումնասիրվեցին կուտակված փորձի, կատարված արդեն ավելի քան 600 վիրահատությունների արդյունքում: Արդյունքները ներկայացրել եմ ԱՊՀ երկրների ուռուցքաբանների մի շարք գիտաժողովներում:

Ինչո՞ւ ընտրեցիք բժշկի մասնագիտությունը:

Ծնողներս բժիշկներ չեն եղել` մայրս ուսուցչուհի էր, հայրս` ինժեներ: Ծնողներիս ծնողներն են եղել բժիշկներ: Բժիշկ դառնալու որոշմանը նպաստեց մորաքրոջս հետ կապված խնդիրը: Այդ ժամանակ 8-րդ դասարանում էի, մտածեցի, որ մարդկանց օգնելու համար պետք է բժիշկ դառնալ:

Ըստ Ձեզ, ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ բժշկին:

Բժիշկը պետք է լինի բարի, մարդասեր, սիրի հիվանդին, մասնագիտորեն լինի պատրաստված, պետք է ունենա բավականին մեծ գիտելիքներ` թե՛ տեսական և թե՛ գործնական, ու մշտապես կատարելագործի այդ գիտելիքները:

Բժիշկը պետք է լինի համբերատար, ամեն օր կարողանա հաստատել բժշկի իր կոչումը: Նա չպետք է տարվի աստղային հիվանդությամբ, և մեկանգամյա հաջողությունը չընդունի որպես ապահովվածություն ամբողջ կյանքում: Բժիշկ, մասնավորապես` վիրաբույժ դառնալ, նշանակում է ամբողջ կյանքում պատրաստ և ունակ լինել էքստրեմալ պայմաններում ճշգրիտ որոշումներ կայացնելու, որոշումներ, որոնցից կախված են մարդկային կյանքեր:  Վիրաբույժը պետք է ունենա լիդերի հատկություններ և առաջնորդի իր վիրաբուժական թիմին թե՛ վիրահատարանում` վիրահատության պահին, թե՛ նախա և հետվիրահատական գործունեության ամբողջ ընթացքում:
 
Ինչպիսի՞ գնահատանքների եք արժանացել:

Պարգևատրումներ ունեցել եմ նախարարության կողմից: Սակայն բժշկի համար ամենամեծ և ամենաբարձր պարգևատրումը հիվանդների գնահատանքն է:

22.05.2020