«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Գլխացավեր. հարցազրույց Օֆելիա Ավետիսյանի հետ

Գլխացավեր. հարցազրույց Օֆելիա Ավետիսյանի հետ

Գլխացավի ի՞նչ տեսակներ կան:


Գլխացավը նյարդաբանական տեսակետից ամենահաճախ հանդիպող գանգատն է, որը կարող ենք դիտարկել ինչպես որևէ հիվանդության, կլինիկական դրսևորում, այնպես էլ՝ որպես առանձին հիվանդություն: Դրանից ելնելով, գլխացավերը լինում են առաջնային և երկրորդային:


Առաջնայինի դեպքում գանգատը հենց գլխացավն է, և այլ կլինկական դրսևորում չկա: Իսկ երկրորդայինի դեպքում այն որևէ հիվանդության ախտանշային դրսևորում է և կա պատճառա-հետևանքային կապ:


Ո՞ր հիվանդությունները կարող են արտահայտվել գլխացավով:


Գլխացավի պատճառ կարող են լինել ուռուցքային գործոնները, ՔԿԱ հիվանդությունները, ողնաշարային, հատկապես պարանոցային հատվածի խնդիրները, անոթային ախտաբանությունները, վարակները և այլն:


Ո՞ր գլխացավերն են առավել հաճախ հանդիպում, և ինչպե՞ս տարբերակել դրանք:


Առաջնային գլխացավերն ավելի հաճախ են հանդիպում, քան երկրորդայինները: Իսկ առաջնային գլխացավերի մեջ առավել հաճախ հանդիպողը լարվածության գլխացավերն են, որոնք կազմում են ընդհանուր գլխացավերի 60-70 տոկոսը:


Առաջնային գլխացավերի հանդիպման հաճախականությամբ երկրորդ տեղում միգրենոզ նոպաներն են, ապա՝ կլաստերային գլխացավերը:


Որպեսզի գլխացավերը տարբերակենք միմյանցից, ուշադրություն ենք դարձնում տևողությանը, ինտենսիվությանը, ուղեկցող վիճակներին և ախտանիշներին. օրինակ, միգրենի ժամանակ հաճախ լինում են սրտխառնոց և փսխում:

Լարվածության գլխացավերը կլինիկորեն ինչպե՞ս են արտահայտվում:


Լարվածության գլխացավերի դեպքում ցավի ինտենսիվությունը ուժեղ չէ, հիվանդը դա նկարագրում է որպես իրեն ուղեկցող մշտական վիճակ՝ սեղմող, պայթող բնույթի ցավ, ասես գլխին «մետաղյա սաղավարտ» են հագցրել, կամ ուժեղ կապել, և այն սովորաբար՝ երկկողմանի է: Եթե երկար ժամանակ պացիենտը չբուժվի, ցավի ինտենսիվությունը կարող է շարունակաբար ավելանալ: Ցավը միատոն է և չի ուղեկցվում սրտխառնոցով, փսխումով, լուսավախությամբ, ձայնավախությամբ, որոնք կարող են արտահայտվել այլ գլխացավերի դեպքում:


Լարվածության գլխացավի ժամանակ դրդող գործոններ չկան:


Կլինիկորեն ինչպե՞ս են արտահայտվում միգրենոզ գլխացավերը:


Միգրենն ընթանում է փուլերով, արտահայտվում է գլխացավով, փսխումով, որը թեթևություն չի բերում: Հիվանդը չի ցանկանում շփվել, խոսել շրջապատողների հետ, մթություն և  հանգիստ է պահանջում:


Միգրենի ժամանակ պանիրը, գինին, անքնությունը, շատ ծխելը կարող են նպաստել գլխացավի առաջացմանը:


Խոսենք կլաստերային գլխացավերի մասին:


Հաջորդ հաճախ հանդիպողը կլաստերային գլխացավերն են, որոնք կոչվում են խրձային, զարթուցիչային. հիվանդները նշում են, որ դրանք այնքան ուժեղ են, որ ցավն արթնացնում է քնից:


Նշում են նաև արցունքահոսություն, քթահոսություն, կարող է փակվել աչքը: Որևէ դեղորայք այս ցավին չի օգնում: Ցավին բնորոշ է տևողության որոշակի ժամանակահատված:


Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում գլխացավերի ժամանակ:


Գլխացավի տեսակից կախված հետազոտությունները բազմազան են՝  , ակնահատակի զննումից մինչև ՄՌՏ հետազոտություն:


Բուժման ի՞նչ մեթոդներ կան:


Երկրորդային գլխացավերի դեպքում պետք է փնտրել պատճառը՝ զարկերակային ճնշման տատանումներ, անոթային խնդիրներ, ողնաշարային, բորբոքային խնդիրներ, ուռուցքներ և այլ հիվանդություններ: Պատճառը գտնելուց հետո պետք է բուժել հիմնական հիվանդությունը, որի բուժման արդյունքում կանցնի նաև գլխացավը:


Առաջնային գլխացավերի ժամանակ բուժումը մասնագիտական է: Միգրենի դեպքում պետք է սննդակարգից հանել գինին, պանիրը, այն բոլոր մթերքները, որոնք դրդում են գլխացավը:


Եթե գլխացավի տեսակը ճիշտ է ախտորոշվում, բուժումը նույնպես ճիշտ է նշանակվում և լինում է բավականին արդյունավետ արդյունք: Շատ կարևոր է բուժման ընթացքում նաև հիվանդի մասնակցությունը, հատկապես միգրենի ժամանակ` իր ճիշտ ապրելակերպի կազմակերպմամբ: Լարվածության գլխացավերի ժամանակ հիմնականում նշանակվում է դեղորայք, կարևորված է նաև օրվա ռիթմի կարգավորումը:

Արմենիա ԲՀԿ
Ավետիսյան Օֆելիա Արտուշի, բժիշկ- նյարդաբան

30.08.2019