«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 14-րդ միջազգային համաժողովը

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 14-րդ միջազգային համաժողովը

Երևանի «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոնում ընթանում է Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 14-րդ տարեկան միջազգային համաժողովը, որի առաջին օրը նվիրվեց Ուրոլոգիայի եվրոպական դպրոցի դասընթացներին: Ամենամյա համաժողովին ներկա են Ուրոլոգիայի եվրոպական դպրոցի փորձագետներ, ովքեր իրենց փորձը կիսում են հայ գործընկերների հետ:

Համաժողովի նպատակների, փորձի փոխանակման, ուրոլոգիայի բնագավառում հայկական բժշկության ձեռքբերումների ու անելիքների մասին զրուցեցինք «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Արեն Բաբլումյանի հետ:

–   Համաժողովն ամենամյա է: Եթե ամփոփենք ներկա արդյունքները, ի՞նչ են տալիս այս հանդիպումները հայ մասնագետներին:

–   Երկու բառով եթե բնորոշեմ, տալիս են գիտելիք ու փորձ:

–   Կներկայացնե՞ք այս տարվա համաժողովի հիմնական խնդիրներն ու շոշափվող թեմաները:

–   Այսօր ունեինք բազմաթիվ հայտնի հյուրեր: Մոսկվայից ժամանել է պրոֆեսոր Պուշկարը, Հոլանդիայից`պրոֆեսոր Մորսելաարը, Իտալիայից` պրոֆեսոր Բրիգանտին: Նրանցից յուրաքանչյուրը կարդաց դասախոսություն: Քննարկված հիմնական թեմաներն էին շագանակագեղձի քաղցկեղը, մերօրյա մարտահրավերները և նորագույն մոտեցումներն ու բուժման եղանակները բաց թողնված քաղցկեղի դեպքում, ինչպիսին է, օրինակ, ռոբոտիկ վիրաբուժությունը:

–   Ի՞նչ ակնկալիքներ ունեք համաժողովից:

–   Հիմնական նպատակը կրթական է, ինչպես և նախորդ համաժողովների ժամանակ, այսինքն՝ կապերի հաստատում Եվրոպայի մասնագետների հետ, շփումներ, քննարկումներ, փորձի փոխանակում:

–   Ինչպե՞ս են դրված ուրոլոգիական հիվանդությունների խնդիրները Հայաստանում և աշխարհում: Եթե փորձենք համեմատական վերլուծություն կատարել…

–   Այն թեմաները, որ այսօր քննարկել ենք և որոնց մասին արդեն խոսեցինք, ամենաարդիականն են թե' Հայաստանում, թե' նրա սահմաններից դուրս: Ողջ աշխարհում լուրջ բաց թողումներ կան` կապված շագանակագեղձի քաղցկեղի բուժման հետ: Ապահովագրական ծառայությունները հիմա բավական օգնում են այդ հիվանդությունն ավելի վաղ հայտնաբերել և բուժել: Անչափ տարածված են քարային հիվանդությունները, որոնք կազմում են ուրոլոգիական հիվանդությունների մոտ 20-30 տոկոսը: Ցավոք, տարածված է նաև կանացի անմիզապահությունը, ինչու՞, որովհետև մեր կանայք ամաչում են գնալ ուրոլոգի մոտ` խորհրդատվության, շատերը սխալմամբ դիմում են գինեկոլոգի օգնությանը, մինչդեռ այս պարագայում անհրաժեշտ է դիմել ուրոլոգի:

–   Այսօր Հայաստանում մեր հիշատակած հիվանդությունների բուժումը համապատասխանու՞մ է միջազգային չափանիշներին:

–   Այո, օրինակ, քարային հիվանդությունների հետ կապված կարող եմ պարծանքով նշել, որ Հայաստանում կան բոլոր նորագույն սարքավորումները, և բուժման բոլոր հնարավոր մեխանիզմները գործում են:

–   Ճի՞շտ հասկացա` նշված արդյունքը կարող ենք միայն քարային հիվանդությունների դեպքու՞մ փաստել:

–   Դե, օրինակ, շագանակագեղձի քաղցկեղի բուժումն այսօր վատ վիճակում է ո´չ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Բուժման որոշ եղանակներ Հայաստանում ուղղակիորեն չկան:

–   Հիմնական խնդիրը տեխնիկակա՞ն է:

–   Այո, կա տեխնիկական հագեցվածության լուրջ խնդիր: Անհրաժեշտ սարքավորումները շատ թանկ են: Համեմատության համար ասեմ, որ Ռուսաստանում այդ սարքերից ընդամենը մի քանիսը կա: Հուսանք, որ ժամանակի ընթացքում Հայաստանում ևս հնարավոր կլինի ունենալ նման սարքավորումներ:

–   Իսկ կադրային խնդիրը լուծվա՞ծ է: Մեր մասնագետները վերապատրաստման կուրսեր անցնու՞մ են:

–   Ասեմ, որ հայ բժիշկները բացարձակ չեն զիջում օտարերկրյա իրենց գործընկերներին: Բացի փորձի նմանատիպ փոխանակումներից, քիչ չեն դեպքերը, երբ մեր բժիշկները վերապատրաստվում են նաև դրսում:

–   Ի՞նչ էր նախատեսում իրականացնել համաժողովը ողջ չորս օրերի ընթացքում:

–   Առաջին օրը եվրոպական ուրոլոգիական դպրոցի դասընթացի օրն էր: Սեպտեմբերի 29-ին` երկրորդ օրվա ընթացում, EULIS-ի ծրագրով Երևան ժամանեցին մասնագետների մի խումբ` Եվրոպական տարբեր երկրներից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Հոլանդիայից, Մեծ Բրիտանիայից: Կոնֆերանսի հաջորդ մասը վերաբերել է հիմնականում քարային հիվանդություններին, և բացի դասախոսություններից եղել են նաև ցուցադրական վիրահատություններ: Համաժողովի երրորդ օրը կկայանա հոկտեմբերի 4-ին ԵՊԲՀ մեծ դահլիճում: Կլինի մեծարման երեկո` նվիրված պրոֆեսոր Կարո Դերձակյանի 25-ամյակին: Իսկ չորրորդ օրվա շրջանակներում նախատեսում ենք անցկացնել հենց Կարո Դերձակյանի ցուցադրական վիրահատությունները` կապված շագանակագեղձի բարորակ գերաճի, կանացի անմիզապահության ու լազերային վիրաբուժության հետ:

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի համաժողովը կնպաստի հայ և օտարերկրացի բժիշկների փորձի փոխանակմանը;

02.10.2012