«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Լյարդի ուռուցքների ժամանակ իրականացվող վիրահատությունները

Լյարդի ուռուցքների ժամանակ իրականացվող վիրահատությունները

Լյարդի ուռուցքի ի՞նչ տեսակներ կան:


Լյարդի ուռուցքները երկու տեսակ են` խոլանգիոկարցինոմա, որն առաջանում է լեղուղիներից և հեպատոցելուլյար կարցինոմա, որը լյարդի հյուսվածքից առաջացած ուռուցքն է:


Այս հիվանդները ենթարկվում են վիրահատական բուժման:  Սակայն ցանկալի է դա անել ավելի վաղ շրջանում` առավել արդյունավետ արդյունքներ ստանալու համար: Ցավոք, ներկայում այս ուռուցքներն ավելի հաճախ են հանդիպում  և  ցավոք սրտի դիմում են ուշացած դեպքերում :

 

Ի՞նչ գանգատներով են արտահայտվում:


Լյարդի ուռուցքների ժամանակ գանգատներն են՝ ընդհանուր թուլություն, քաշի կորուստ, սրտխառնոց, փսխումներ, վքնածության զգացողություն, ավելի ուշ շրջաններում միանում է աջ թուլակողում ծանրության զգացում,  բութ ցավ, կարող է լինել մեխանիկական դեղնուկ, և հարակից օրգանների ներաճի դեպքում՝ համապատասխան կլինիկական դրսևորումներ:

 

Ո՞ր տարիքային խմբերում են առավել հաճախ հանդիպում


Այս ուռուցքներն առավել բնորոշ են 40 տարեկանն անց անձանց: Սակայն, ինչպես բոլոր ուռուցքները,  սրանք  ևս վերջին տարիներին «երիտասարդացել» են:

 

Ինչպիսի՞ վիրահատական մեթոդներ են կիրառվում:


Խոլանգիոկարցինոմաների` լեղուղիների ուռուցքների ժամանակ վիրահատությունը Սեյպոլ -Կուրիանի մեթոդով է իրականացվում, երբ այդ ուռուցքները ներլյարդային դասավորություն ունեն, այսինքն գտնվում են ներլյարդային լեղուղիներից անմիջապես դուրս եկող հատվածում (Կլացկինի ուռուցք): Ուռուցքը հեռացվում է, և ներլյարդային լեղուղիներից դուրս եկող այդ հատվածը միացվում է բարակ աղուն, լեղուղիների և լյարդի միջով անց են կացվում դրենաժներ, որոնք երկարատև մնում են մինչև ամբողջովին ձևավորվեն  բերանակցումները:


Մյուս մեթոդը կիրառվում է հեպատոկարցինոմաների` լյարդի հյուսվածքից առաջացած ուռուցքների ժամանակ. կատարվում է լյարդի մասնահատում: Իհարկե, լինում են դեպքեր, երբ ուռուցքը միաժամանակ ախտահարում է և՛ լյարդը, և՛ լեղուղիները:
Մասնահատումից հետո լյարդի պահպանված հատվածն ամբողջությամբ իր վրա է վերցնում անհրաժեշտ ֆունկցիան, թեև չի բացառվում լյարդային անբավարարության զարգացումը: Ընդհանուր առմամբ, անգամ լյարդի 2/3-ը հեռացնելիս, մնացած 1/3-ը կարող է ծանրաբեռնվածությունը իր վրա վերցնել, լուծել օրգանիզմի դետոքսիկացիոն խնդիրները և նաև մյուս ֆունկցիաներն իրականացնել:

 

Որո՞նք են լյարդային վիրահատությունների ներվիրահատական  և հետվիրահատական  բարդությունները:


Ներվիրահատական բարդություններից է արյունահոսությունը և ներլյարդային  և՛ արտալյարդային, որը երբեմն շատ դժվար է դադարեցնել: Կարող է լինել նաև դեպի հարակից օրգաններ ուռուցքի  ներաճ, այդ ժամանակ վիրահատության ծավալը բավականին մեծանում է: Երբեմն կարող են ի հայտ գալ այլ բարդություններ ևս` վերքի թարախակալում, սպիտակուցային, լյարդ-երիկամային անբավարարություն, կարերի անբավարարություն և այլն:


Այդ բարդություններից խուսափելու համար պետք է հիվանդին ճիշտ նախապատրաստել, հետազոտել,  և եթե լաբորատոր ցուցանիշների շեղումներ կան, դրանք բերել նորմայի և հետո միայն վիրահատել, ինչպես նաև մեծ դեր ունի վիրահատող բժշկի պրոֆեսիոնալիզմը:


Հեռակա բարդություններից են `մետաստազները և ուռուցքի ռեցիդիվը:

 

Վիրահատությունից հետո որքա՞ն ժամանակ են հիվանդները բուժվում ստացիոնար պայմաններում:


Դա կախված է վիրահատության տեսակից: Վերջերս մեզ մոտ իրականացված լյարդի մասնահատումից հետո հիվանդը 7-րդ օրը դուրս գրվեց, իսկ Սեյպոլ-Կուրիանի վիրահատությունից հետո հիվանդը դուրս գրվեց 15-րդ օրը, իհարկե, հետագայում մնալով մեր հսկողության  և քիմիոթերապևտի հսկողության տակ:

Ինչպե՞ս կանխարգելել:


Չափազանց կարևոր է պարբերաբար ամբուլատոր հետազոտությունների կատարումը, վաղ բժշկի դիմելը, որի կողմից կնշանակվեն համապատասխան հետազոտություններ բոլոր հիվանդությունների (առավելապես լյարդի ուռուցքների)  հայտնաբերման  համար:

 

Գևորգ Սիմոնյան Հովհաննեսի,

վիրաբույժ, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի բժիշկ-օրդինատր:

 

25.01.2019