«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Անոթային վիրաբուժության ծառայությունն «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Վիրաբ Աղաբեկյանի հետ

Անոթային վիրաբուժության ծառայությունն «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Վիրաբ Աղաբեկյանի հետ

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության ծառայության մասին մանրամասներ պարզեցինք` զրուցելով անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ:

–   Խոսենք անոթային բաժանմունքի սետղծման պատմությունից:

–   Բաժանմունքը 40 տարվա պատմություն ունի, հանրապետության հայտնի անոթային վիրաբուժության յոթ կենտրոններից մեկն է: Այն հագեցած է անհրաժեշտ սարքերով, բժշկական տեխնիկայով:

–   Հիմնականում ի՞նչ վիրահատություններ են իրականացվում:

–   Բաժանմունքում կատարվում են տարբեր ծավալի վիրահատություններ՝ բաց և փակ եղանակներով: Հիմնականում իրականացվում են էնդովասկուլյար վիրահատություններ՝  կապված երակային և զարկերակային ախտաբանությունների հետ: Վիրահատություններ են իրականացվում տարբեր տեղակայման զարկերակների ախտաբանության ժամանակ՝  պարանոցային,  որովայնի խոռոչի, վերին և ստորին վերջույթների և այլն:

–   Բաժանմունքում ցուցաբերվո՞ւմ է կոնսերվատիվ բժշկական օգնություն:

-Իհարկե, կան նաև հիվանդներ, որոնք վիրահատական միջամտության կարիք չունեն և բուժվում են կոնսերվատիվ ճանապարհով: Մենք համագործակցում և համատեղ աշխատում ենք նաև բազմապրոֆիլ հիվանդանոցի բոլոր մասնագետների հետ՝  հիմնականում էնդոկրինոլոգների, սրտաբանների, նյարդաբանների:

–   Ի՞նչ նոր մեթոդներ կամ սարքեր կցանկանայիք ներդնել առաջիկայում:

–   Ցանկալի է բաժանմունքում ունենալ լազերային տեխնոլոգիաներ և մեր բուժման համալիրում ավելացնել լազերային վիրահատություններ՝ հիմնականում կապված երակային ախտաբանությունների հետ:

–   Ձեր աշխատանքային տարիների ընթացքում կա՞ն հիվանդությունների քանակի կամ որակի փոփոխություն:

–   Հիմնական հիվանդությունները երակային ախտաբանություններ են: Ավելացել է կաթվածներով պացիենտների դիմելիությունը, ինչում մեծ դեր ունեն, թերևս, մարդկանց նյարդային, հոգեկան վիճակները:

–   Բուժման արդյունքների առումով կա՞ն էական փոփոխություններ:

–   Էնդովասկուլյար մեթոդի ներդրման հետ մեկտեղ, բնականաբար, արդյունքներն առավել արդյունավետ են: Դրանում մեծ դեր ունեն նաև նորագույն սարքերի առկայությունը. որքան սարքերը կատարելագործված են և մարդկային գործոնը քիչ է միջամտության գործընթացում, այնքան վիրահատության որակը և բուժման արդունավետությունը բարձր է:

–   Ի՞նչ ներդրումներ են կատարվել վերջին տարիներին:

–   Հիմնական ներդրումը վերջին 4-5 տարիների ընթացքում բաժանմունքում պարանոցային և էնդովասկուլյար վիրահատական մեթոդների կիրառումն է: Բաժանումքը համալրվել է ժամանակակից սարքերով, փոխվել են բուժման մեթոդները, վիրահատությունների զգալի մասն իրականացվում են նվազագույն ինվազիմ մեթոդներով:  Ներկայում ամբողջ աշխարհում ընդունված է` հնարավորության դեպքում վիրահատություններն իրականացնել առավել քիչ վնասվածքային փակ եղանակով:

–   Համագործակցության ի՞նչ եզրեր կան:

–   Մասնակցում ենք ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում կազմակերպվող տարբեր գիտաժողովների: Ես նոր եմ վերադարձել Վալենսիայից, որտեղ մեկնել էի` մասնակցելու միջազգային կոնֆերանսին: Այդ շփումները նպաստում են փորձի փոխանակմանը, բժշկական վերջին նորություններին տեղեկանալուն:

Հանդիպումներ, քննարկումներ, փորձի փոխանակում հաճախ են կազմակերպվում` նաև գիտաժողովներից դուրս, և՛ մեր հայրենակից, և՛ արտերկրի մասնագետների հետ:

–   Ի՞նչ խորհուրդ կտաք պացիենտներին:

–   Ժամանակին դիմեն բժշկի և չբարդացնեն առկա հիվանդությունը: Մեզ մոտ հիմնականում հիվանդներն ընդունվում են բարձիթողի վիճակում, երբ արդեն բարձր արդյունքների հասնելու հավանականությունը նվազագույն է, հիվանդանոցում մնալու տևողությունը` երկար:

 

 

24.10.2018