«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը

Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը

Ի՞նչ է դեպրեսիան:

 

Դեպրեսիա բառը տրամադրության անկում է նշանակում: Սովորական վատ տրամադրությունը և դրա հետ կապված դեպրեսիան կարող են լինել միանգամայն առողջ մարդու մոտ՝ պայմանավորված այս կամ այն հուզական լարվածությամբ (անախորժություն ընտանիքում, աշխատավայրում): Սովորական տրամադրության անկումն առողջ մարդկանց մոտ տևում է մի քանի ժամից մի քանի օր, մի քանի շաբաթ և ոչ  ավելի: Եթե դեպրեսիան տևում է մի քանի շաբաթից ավելի և դրա համար առանձնապես պատճառներ չկան, ապա այն արդեն հիվանդագին դեպրեսիա է, և պետք է դիմել մասնագետի: Առողջ մարդու մոտ դեպրեսիան անցնում է, երբ նա դիմում է ընկերոջը, բարեկամին, խոսում է, շփվում, լսում:

 

Ի՞նչ մասնագետի դիմել դեպրեսիայի դեպքում:

 

Դեպրեսիայի դեպքում պետք է տարբերակել սովորական տրամադրության անկումը և հիվանդագին վիճակը: Եվ ըստ այդմ էլ հասկանալի կլինի, թե ում դիմել՝ հոգեբանի, հոգեբույժի, թե թույլ տալ, որ մարդն ինքը վերադառնա իր նորմալ վիճակին:

 

Ինչո՞վ են տարբերվում սովորական վատ տրամադրությունը, կենցաղային հարցերի նկատմամբ ռեակցիաները, ապաթիան և դեպրեսիան:

 

Սովորական վատ տրամադրության դեպքում մարդն անտրամադիր է, տխուր, բայց շարունակում է աշխատել, զբաղվել առօրյա գործերով, կատարել իր պարտականությունները: Իսկ հիվանդագին տրամադրության անկման՝ դեպրեսիայի դեպքում, մարդը դառնում է անաշխատունակ, լրիվ կորցնում է հետաքրքրությունները, փորձում է իր պարտականությունները ձևական կատարել, ինչն էլ նրան շատ դժվարությամբ է տրվում: Բնորոշ է քնի խանգարումը, ցավերը մարմնի տարբեր մասերում՝ գլխացավը, ցավերը գոտկային շրջանում: Այդ ամենն ունի երկարատև բնույթ, տևում է մի քանի շաբաթից ավելի և անհրաժեշտ է անպայման  դիմել բժշկի:

 

Որո՞նք են դեպրեսիայի հաճախ հանդիպող պատճառները:

 

Դեպրեսիայի համար մեծ նշանակություն ունի ժառանգական  գործոնը: Նևրոտիկ դեպրեսիայի ժամանակ վատ տրամադրության պատճառը սուր հոգեկան ապրումներն են: Իսկ  հոգեկան հիվանդությունների սահմաններում առաջացած դեպրեսիայի պատճառը հաճախ շատ դժվար է հասկանալ:  Եթե դեպրեսիան էնդոգեն է, այսինքն մարդու մեջ ի ծնե կա նախատրամադրվածություն,  չնչին առիթ է պետք, որ արդեն հասուն տարիքում հիվանդությունն արտահայտվի:

 

Որո՞նք են դեպրեսիայի պատճառները և ընթացքի առանձնահատկությունները դեռահասի մոտ:

 

Դեռահասների մոտ դեպրեսիայի ամենատարածված պատճառներն են՝ անհաջող սերը, խնդիրները ծնողների հետ, ծնողների պահանջները, դիտողությունները, որոնք բերում են երեխայի  ինքնագնահատականի անկման: Շատ կարևոր է դեռահասին ոգևորելը, գովաբանելը:

 

Դեռահասների մոտ ամենահաճախն է դեպրեսիա լինում և դա ամենավտանգավոր դեպրեսիան է, որը կարող է, ցավոք սրտի, ավարտվել սուիցիդով /ինքնասպանությամբ/:

 

Ինչպե՞ս կայունացնել մարդու հուզական շեմը՝ խուսափելով նևրոզից դեպրեսիա անցումից :

 

Մարդիկ իրարից տարբերվում են իրենց բնավորությամբ. ոմանք ունեն ներդաշնակ բնավորություն, երբ ճիշտ է ընկալվում իրական կյանքը,  ոմանք էլ ունեն բնավորության շեշտվածություն. շուտ վիրավորվում են,  զայրանում, ներշնչվում, տագնապում: Սակայն դա դեռ հիվանդություն չէ: Իհարկե, շատ կարևոր է այդ շեշտվածությունը ճիշտ ընկալելը, որովհետև այն տարիների ընթացքում բերում է  հիվանդագին երևույթների, բացասական կամ հոգեկան ապրումների,  որոնցից էլ կարող է զարգանալ հիվանդությունը:

 

Պետք չէ խուսափել հոգեբաններից: Դրական է այն, որ ներկայումս  դպրոցներում, անգամ բուհերում կան հոգեբաններ: Եվ եթե ուսուցիչը կամ դասախոսը երեխայի մոտ նկատում է բնավորության շեշտվածության նշաններ (շուտ վիրավորվելը, վախկոտությունը, չշփվելը) երեխային ուղղորդում է հոգեբանի մոտ:

 

Արդյոք պե՞տք է բուժել նևրոզը:

 

Նևրոզն անկասկած բուժել է պետք, որովհետև, չնայած դա դեռ հոգեկան հիվանդություն չէ,  բայց արդեն սահմանային վիճակ է: Նևրոզի ախտանիշներն են՝ ճնշող գլխացավը, տրամադրության տատանումը, լացկանությունը, դյուրագրգիռ լինելը, կյանքի նկատմամբ հետաքրքրության  կորուստը, տարբեր բնույթի ցավերը սրտի շրջանում, աղիներում, գոտկատեղում:

 

Հաճախ նևրոզով հիվանդները դիմում են տարբեր մասնագետների՝ նյարդաբանի, թերապևտի՝ խուսափելով դիմել հոգեբույժի: Մինչդեռ այլ մասնագետները, տարբեր հետազոտություններ և դեղեր նշանակելով, երկրաձգում են հիվանդագին վիճակը՝ ոչնչով չկարողանալով օգնել հիվանդին:

 

Չբուժված նևրոզը  կարող է որոշ ժամանակ անց բերել նևրոտիկ անձի զարգացման: Այդ փուլում արդեն  հնարավոր է, որ ոչ մի բժիշկ չկարողանա նրան լիարժեք օգնել: Նա միշտ դժգոհ է, ունի տրամադրության անկում, անաշխատունակ է: Այնպես որ, նևրոզն անպայման պետք է բուժել և այն պետք է բուժի հոգեբույժը:

 

Ինչպե՞ս ախտորոշել դեպրեսիան:

 

Դեպրեսիան ախտորոշվում է նախ գանգատների հիման վրա: Դրանք են՝ առանց պատճառի արտահայտված տրամադրության անկումը,  ընդհանուր թուլությունը, ախորժակի անկումը, լացկանությունը, անտարբերությունը սեփական կյանքի, հարազատների, մտերիմների, պարտականությունների նկատմամբ:

 

Արդյոք դեպրեսիային բնորո՞շ է սեզոնայնությունը:

 

Այո՛: Երկբևեռ պսիխոզի ժամանակ էնդոգեն դեպրեսիայի սրացում հիմնականում լինում է աշնանը և գարնանը:

 

Դեպրեսիայի ի՞նչ տեսակներ են տարբերում:

 

Տարբերում են կենցաղային (ոչ հիվանդագին) դեպրեսիա, հոգեկան հիվանդությունների սահմաններում արտահայտվող դեպրեսիա և ռեակտիվ դեպրեսիաներ: Վերջին 20-30 տարիների ընթացքում դեպրեսիան փոխել է իր կլինիկական  արտահայտման ձևերը: Ներկայումս կարող է դեպրեսիան արտահայտվել սոմատիկ որևէ գանգատով միայն՝ գլխացավ, սրտի  ցավ և այլն: Դա քողարկված, սոմատոգեն դեպրեսիան է:

 

Դեպրեսիայի մյուս տեսակը ռեակտիվ դեպրեսիան է, որն առաջանում է սուր հոգեկան ապրումից: Դա կարող է լինել  հարազատի կորուստ, հրդեհ, սթրես առաջացնող որևէ այլ իրավիճակ: Ռեակտիվ դեպրեսիան ավելի հեշտ է անցնում կամ ենթարկվում բուժման:

 

Միայն հոգեբույժը՝ հիվանդի հետ զրուցելիս, կարող է պարզել դեպրեսիայի առկայությունը:

 

Ի՞նչ է պսիխոտիկ դեպրեսիան:

 

Պսիխոտիկ դեպրեսիան հոգեկան հիվանդությունների, շիզոֆրենիայի ժամանակ արտահայտվող դեպրեսիան է: Այն կարող է հիվանդության համախտանիշներից մեկը լինել և կոչվում է բիպոլյար աֆեկտիվ դեպրեսիա: Նախկինում  այն անվանվում էր մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ: Այս դեպրեսիան պետք է բուժել արդեն ոչ միայն հակադեպրեսանտներով, այլև հակապսիխոտիկ դեղորայք ավելացնելով:

 

Որո՞նք են դեպրեսիայի առավել վտանգավոր և ուշադրության  արժանի ախտանիշները:

 

Դեպրեսիայի ուշ հայտնաբերումը և ժամանակին չբուժելը կարող է բերել շատ վտանգավոր վիճակի՝ ինքնամեղադրման, ինքնանվաստացման և անգամ ինքնասպանության մտքերի: Նման դեպքերում անհապաղ պետք է դիմել հոգեբույժի: Անգամ հաճախ հարկ է լինում ստացիոնար բուժում անցկացնել, որովհետև դա կարող է տանել ինքնասպանության իրականացման: Ըստ վիճակագրության՝ 1-2 անգամ ինքնասպանության մասին արտահայտվելը, այնուամենայնիվ վաղ թե ուշ բերում է գործողության՝ սուիցիդի:

 

Ո՞րն է դեպրեսիվ տրիադան:

 

Դեպրեսիվ տրիադան արտահայտվում է հոգեկան հիվանդությունների ժամանակ և իր մեջ ներառում է Պրոտոպոպովի տրիադան՝ հաճախասրտություն, բբերի լայնացում, փորկապություն:

Ի՞նչ ընթացք ունի դեպրեսիան նյարդաբանական, նյարդավիրաբուժական և այլ օրգանական հիվանդությունների ժամանակ:

 

Գանգուղեղային վնասվածքների ժամանակ դեպրեսիայի առաջացումը շատ բնորոշ է, բացի այդ կարող են նաև այլ հոգեկան ախտանիշներ առաջանալ: Կաթվածի, ուռուցքային և այլ օրգանական հիվանդությունների դեպքում նույնպես հիվանդի մոտ կարող է դեպրեսիա առաջանալ, որովհետև հիվանդն սկսում է վախենալ հիվանդության կրկնությունից, առաջանում է տագնապային վիճակ, որն էլ տանում է դեպրեսիայի: :

 

Հնարավո՞ր է ինքնուրույն հաղթահարել դեպրեսիան, և ի՞նչ միջոցներ են անհրաժեշտ դրա համար:

 

Եթե դեպրեսիան չի կրում հիվանդագին բնույթ, մարդն ինքն իրեն կարող է օգնել: Հատկապես դա հեշտ է հայկական իրականության մեջ, որովհետև հայերը սիրում են կիսվել հարևանի, հարազատի, ընկերոջ հետ, հաճախ սուրճի սեղանի շուրջ խոսում են, արտահայտվում, լսում, խորհուրդ ընդունում և բժշկի կարիք այլևս չի առաջանում:

 

Բայց եթե դեպրեսիան հիվանդագին բնույթ է կրում, երկարատև է, օրգանական բնույթի է, էնդոգեն է կամ հոգեկան հիվանդության սահմաններում է, պետք է միայն և միայն հոգեբույժի դիմել:

 

Ինչպե՞ս տրամադրել հիվանդներին, որ նրանք հոգեբանին, հոգեթերապևտին և հոգեբույժին դիմեն առանց նախապաշարումների:

 

Ցավոք սրտի, մեզ մոտ կան նախապաշարումներ հոգեբանին, հոգեբույժին դիմելու հարցում: Բայց վերջին տարիներին որոշ տեղաշարժեր են նկատվում, եթե ոչ հոգեբույժի, ապա արդեն երբեմն դիմում են հոգեբանի և հոգեթերապևտի: Սակայն դա շատ քիչ տոկոս է կազմում: Հիմնականում հիվանդը, նրա հարազատները զգուշանում են հասարակական կարծիքից՝ մոռանալով, որ կարևորը մարդու հոգեկան առողջությունն է:

 

Որո՞նք են դեպրեսիայի բուժման մեթոդները :

 

Կենցաղային դեպրեսիան բուժման կարիք կարող է չունենալ: Որոշ դեպքերում հարազատների խորհուրդները, հոգեբանի մոտ լինելը, հոգեթերապևտի մոտ կարճատև բուժումն օգնում են:

 

Քաղաքակրթության բարդությունները, սոցիալական, սոցիալ- հոգեբանական վիճակը բերում են տագնապային վիճակների, անհանգստության, դեպրեսիայի և պետք է անպայման դեղորայք օգտագործել:

 

Բայց եթե դեպրեսիան հիվանդագին՝ պսիխոտիկ դեպրեսիա է, իհարկե շատ ավելի լուրջ բուժում է պահանջում, և հիմնական դեղորայքը հակադեպրեսանտներն են, որոնց խումբը շատ մեծ է:

 

Որո՞նք են հակադեպրեսանտների, նեյրոլեպտիկների կողմնակի ազդեցությունները: Որքանո՞վ է այդ խմբերի նոր սերունդը  անվտանգ:

 

Ո՛չ միայն հակադեպրեսանտները, այլ ցանկացած դեղ կարող է կողմնակի ազդեցություն ունենալ: Նեյրոլեպտիկների հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններ են՝ թքարտադրությունը, ձեռքերի դողը, քայլվածքի փոփոխությունը: Բայց պետք է երկու չարիքից մեկն ընտրել և, բնականաբար,  հոգեկան վիճակի կարգավորումն ավելի կարևոր է:   Ավելի անվնաս են համարվում մի խումբ  նոր դեղեր՝ զիպրեքս, զոլամաքս, օլազապին և այլն, որոնք բավականին թանկ են: Իհարկե գոյություն չունի բացարձակ առանց երկրորդական ազդեցության դեղ, իսկ դրանից հնարավորինս խուսափելու համար պետք է ճիշտ ընտրել դեղը, դեղաչափը՝ հաշվի առնելով հիվանդի քաշը, ներքին օրգանների վիճակը և շատ այլ գործոններ:

 

Հարկ է նշել նաև, որ դեղերն ունեն  խիստ անհատական ազդեցություն. և երբեմն  լավ համարվող դեղերը կարող են հասարակներից ավելի քիչ օգնել:

 

Կարևոր դեր ունի նաև բժշկի ճիշտ ընտրությունը, որի վերաբերմունքը նույնպես կարևոր է հիվանդի բուժման ընթացքի համար:

 

Հնարավո՞ր է կանխարգելել դեպրեսիան:

 

Եթե դա հոգեկան հիվանդություն է, հնարավոր չէ: Իսկ եթե ռեակտիվ դեպրեսիա է, կանխարգելել հնարավոր է: Մի բարի խոսքը նման դեպքերում շատ մեծ օգնություն է: Այդ է պատճառը, որ շատ հայեր արտասահմանում չեն դիմանում, որովհետև այնտեղ չկա հայ հարևանը, ընկերը, բարեկամը, որի հետ կարող է նստել, խոսել, կիսվել:

Հարցերին պատասխանեց Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի հոգեսոմատիկ բաժնի վարիչ, Հայբուսակ ինստիտուտի դոցենտ Գայանե Մարգարյանը

 

 

 

26.09.2018