«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Ճարպակալում. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Լուսինե Մամիկոնյանը

Ճարպակալում. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Լուսինե Մամիկոնյանը

Ի՞նչ է հավելյալ քաշը և ի՞նչ է ճարպակալումը:

Ճարպակալումը համարվում է հիվանդագին վիճակ, որի ժամանակ լինում է մարմնի ավելցուկային ճարպ: Իսկ ճարպի կուտակումը միշտ ունենում է բացասական ազդեցություն օրգանիզմի վրա:


Ճարպակալման աստիճանները  հիմնականում 4-5-ն են: Հաշվարկն արվում է մարմնի զանգվածի ինդեքսով: Ինդեքսը ստանալու համար՝ մարմնի քաշը բաժանվում է հասակի  քառակուսու վրա:


Առաջին աստիճանի ժամանակ ինդեքսը ըստ հասակի և քաշի կազմում է 28-30,  30-35-ը երկրորդ աստիճանն է, 35-ից 40-ը՝ երրորդ աստիճանը, 40-ից բարձրը՝ չորրորդ աստիճանը:

Ի՞նչը կարող է բերել հավելյալ քաշի կամ ճարպակալման:


Հավելյալ քաշ առաջացնող պատճառները շատ են. առաջինը՝ սննդակարգի խախտումներն են, ոչ ճիշտ և անռեժիմ սնվելը: Նորմալ մարդը պետք է օրվա ընթացքում սնվի 3-4 և ավելի անգամ, և ճիշտ ապրելակերպով ապրի, որպեսզի նյութափոխանակությունն էլ արագանա և նորմալ ընթանա: Սակայն շատերը սովոր են անկանոն սննդի՝ սնվում են փողոցում արագ սննդով՝ պատրաստված երկրորդային ձեթերով, օգտագործում են մեծ քանակի ածխաջրատներ պարունակող և ճարպոտ կերակուրներ: Բացի դա վարում են նստակյաց ապրելակերպ, սպորտով չեն զբաղվում, չեն քայլում, դա կարելի է համարել օրգանիզմի նկատմամբ  արհամարհական վերաբերմունք: Նախկինում այդ  չկային ՛՛արագ սննդի՛՛ բազմաթիվ կետերը դրսում,  սննդի բազմատեսակությունը, չկային հեռախոսներ, ինտերնետ, ոչ բոլորն էին երթևեկում մեքենայով, շատ էին քայլում:


Փաստորեն,  քաղաքակրթությունն իր նորարարություններով պատճառ է դարձել սխալ ապրելակերպի և բազմաթիվ  հիվանդությունների երիտասարդացմանն ու տարածմանը:

Ճարպակալումը համարվո՞ւմ է հիվանդություն:


Ավելորդ քաշը չի կարող հիվանդություն չհամարվել, որովհետև ճարպակալումն ազդում է ողջ օրգանիզմի առողջական վիճակի վրա:
Առաջին աստիճանի ճարպակալումը դեռ կարելի է այնքան էլ ծանր վիճակ չհամարել, բայց երկրորդ, երրորդ, չորրորդ աստիճանները բերում են լուրջ խնդիրների և հիվանդությունների առաջացման: Ճարպակալման ժամանակ վատանում է նաև անոթների վիճակը, զարգանում են երկրորդային լիմֆոստազ, ստորին վերջույթների այտուցներ: Կարող է լինել նաև կորտիզոնի, պրոլակտինի բարձրացում:

Ճարպակալման ի՞նչ տեսակներ կան:


Կա ալիմենտար ճարպակալում, որը կախված է սննդակարգի խախտման հետ և կա հիպոթալամիկ ճարպակալում, որը հիպոֆիզի խնդիրներից է առաջ գալիս:


Ալիմենտար ճարպակալումը կարգավորելը շատ դժվար չէ, եթե ապահովվի սննդի ճիշտ և կանոնավոր ընդունումը: Սակայն, սնունդը չկարգավորելու դեպքում այն հիվանդությունների պատճառ կարող է դառնալ:


Հիպոթալամիկն արդեն հորմոնալ խանգարում է և ավելի լուրջ հիվանդություն. հիվանդները դժվար են ավելորդ քաշից ազատվում: Այս դեպքում կարող են լինել պրոլակտինի բարձրացում և այլ խանգարումներ, որոնցից են՝ կայուն զարկերակային ճնշման բարձրացումը, դիաբետի, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ատաջացումը, կանանց մոտ դաշտանային ցիկլի խանգարումները:
Այս վիճակը շատ դժվարությամբ է կարգավորվում, բուժվում, եթե իհարկե բուժվում է:

Որո՞նք են ճարպակալման առողջության համար վտանգավոր ամենատարածված հետևանքները:


Ամենատարածված և վտանգավոր հիվանդությունները դրանք սիրտ-անոթային հիվանդությունները և շաքարային դիաբետն են:

Ի՞նչ հիվանդություններ կարող են զարգանալ ճարպակալման ժամանակ:


Շատ արտահայտված ճարպակալումը նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների, շնչական և այլ օրգան համակարգերի խնդիրների: Առաջանում է շնչարգելություն, ճնշման բարձրացումը բերում է հիպերտոնիայի, մետաբոլիկ խանգարումների արդյունքում էլ շաքարային դիաբետ է զարգանում: Մեծ որովայնը նույնպես շատ մեծ կապ ունի դիաբետի հետ: Գրեթե միշտ մեծ որովայնը բերում է հիվանդագին խնդիրների:

Ինչո՞ւ է անհրաժեշտ բուժել ճարպակալումը:


Բուժումն անհրաժեշտ է բավական լուրջ  հիվանդությունների կանխարգելման համար, որոնք տանում են հաշմանդամության, կրճատում են կյանքը՝ ի վերջո տանելով վաղաժամ մահվան, կյանքի որակն են վատացնում կախյալ դարձնելով դեղերից, ցավերից, անախորժ վիճակներից:
Տուժում է նաև էսթետիկ վիճակը՝ մարդը դժգոհ է լինում իր տեսքից և, իհարկե,հաճելի չէ նաև շրջապատի համար:

Բուժման ի՞նչ մեթոդներ կան և որքանո՞վ են արդյունավետ:


Դա կախված է ճարպակալման տեսակից և  աստիճանից: Եթե դա մարդու անհարգալից վերաբերմունքի արդյունք է սեփական անձի նկատմամբ, բնականաբար, նա պետք է սկսի փոխել իր այդ վերաբերմունքը, պետք է սկսի ճիշտ սնվել, քայլել, զբաղվել մարմնամարզությամբ, հետևել գլյուկոզայի մակարդակին, հանձնել որոշակի անալիզներ, վերահսկել առողջական վիճակը: Այս բոլոր ցուցումները ճիշտ կատարելով, նա կարող է կարգավորել իր օրգանիզմի վիճակը, ազատվել ավելորդ քաշից և կանխել դրա հետևանքով առաջացող հիվանդությունները:


Իսկ էնդոկրին պատճառներից առաջացած ճարպակալման ժամանակ վիճակը կարգավորելը շատ դժվար է: Դարձյալ առաջին հերթին պետք է սննդակարգին հետևել, բայց արդեն նաև պետք է օգտագործել համապատասխան դեղորայք՝ համապատասխան մասնագետի նշանակմամբ:
Քիչ սնվել կարողանալու համար կան նաև այնպիսի պրեպարատներ, որոնք ազդում են սնունդ ընդունելու ուղեղային կենտրոնների վրա և նվազեցնում են ուտելու ցանկությունը, բայց դա բնավ էլ նպատակահարմար և անվտանգ չէ:

Որքանո՞վ է արդյունավետ ոչ դեղորայքային բուժումը:


Ես կողմնակից եմ ոչ դեղորայքային բուժմանը, եթե, իհարկե, չկան հորմոնալ հիվանդություններ: Պետք է ճիշտ սննդով փորձել կարգավորել քաշը:, ուտել հաճախ և քիչ չափով: Պարզապես մարդը պետք է գիտակցի իր վիճակը, կամք դրսևորի, հաստատուն լինի իր որոշումների մեջ՝ օրգանիզմը սթրեսի չենթարկելով՝ օրվա ընթացքում սնվի 5 անգամ, փոքր չափաբաժիններով /գտնում են, որ ամեն մարդ ամեն անգամ պետք է ընդունի իր բռունցքի չափ սնունդ/, մեծ ափսեի մեջ փոքր քանակություն լցնի՝ տեսողական խաբկանք ստեղծելու համար, հիմնականում սպիտակուցային սնունդ օգտագործի, որը հագեցնում է, իսկ միրգը, ածխաջրատային սնունդը՝ բերելով ինսուլինի արտանետման, առաջացնում են քաղցի առաջացում: Սնունդը պետք է լինի սպիտակուցով և բջջանքով հարուստ: Իսկ երեկոյան ժամը 19.00-ից հետո այլևս չպետք է սնվել:

Կարելի՞ է հավատալ ճարպակալման դեմ գովազդվող միջոցներին:


Գովազդվող միջոցները պարզ չէ, թե իրենցից ինչ են ներկայացնում և կարող են անգամ վտանգավոր լինել, նաև տվյալ մարդուն ոչ համապատասխան և ցուցված:


Կարևոր է հիվանդի հետազոտումը, ճարպակալման իրական պատճառը հասկանալը և ըստ դրա առաջնորդվելը՝ ճարպակալման դեմ մասնագետների նշանակած համապատասխան միջոցներ օգտագործելով:


Ճարպակալման ո՞ր տեսակներն են բուժում վիրաբույժները:


Վիրաբույժը բուժումը է արդեն ճարպակալման ուշ ստադիաները՝ 3-րդ, 4-րդ, երբ մարդն այլ միջոցներով և իր ուժերով չի կարողանում պայքարել դրա դեմ:


Վիրաբուժական բազմաթիվ մեթոդներ կան՝ արվում է ստամոքսի ռեզեկցիա, օղ են տեղադրում ստամոքսում, բայց դրանք ավելի հանգամանալից կարող են վիրաբույժները  ներկայացնել:


Վիրահատությունը վերադարձելի՞ գործընթաց է:

 

Վիրաբուժական մեթոդները՝ լիպոսակցիա և այլն, շատ տրավմատիկ միջոցներ են և պատճառը բնավ էլ չեն վերացնում: Հեռացված ճարպը նախ բերում է մաշկի անհամատեղության մարմնի ծավալի հետ և մաշկը կախվում է որովայնի ու ճարպի հեռացման այլ շրջաններում: Անհրաժեշտություն է առաջանում նաև պլաստիկ վիրաբուժության:


Իսկ պատճառի չվերանալը բերում է նաև վիճակի կրկնության: Այսինքն, ճարպի կրկին կուտակման: Այնպես որ, կարևորը ճարպակալման պատճառը վերացնելն է, հետազոտելը, հիվանդի կամքի ուղղությամբ աշխատելը:

Պահպանվո՞ւմ է քաղցածության զգացումը վիրահատությունից հետո:


Քանի որ վիրահատության որոշ տեսակներ ընդամենը ճարպի մեխանիկական հեռացում են իրենցից ներկայացնում և ճարպակալման պատճառը մնում է, վիճակը գրեթե չի փոխվում. մարդը ունի ուտելու նույն չվերահսկված ցանկությունը և վիրահատությունից հետո նույն ախորժակով և ագահությամբ շարունակում է ուտել և գիրանալ:

Որո՞նք են վիրաբուժական բուժման ռիսկերը:


Եթե մարդ լուրջ ճարպակալում ունի և դիմում է վիրահատության, արդեն իսկ ունի ռիսկային ֆոն՝ սիրտ-անոթային և այլ համակարգերի ֆոն, որն արդեն վիրահատության համար ռիսկային է: Ռիսկերից է նաև թրոմբոէմբոլիայի վտանգը: Եվ ընդհանրապես առկա են վիրահատություններին հատուկ բոլոր ընդհանուր վտանգները:

Ճարպակալման բուժման ի՞նչ ցուցանիշներն են խոսում հաջող արդյունքի մասին:


Կամքի ուժը եթե վերականգնվում է, դա երևի թե ամենամեծ արդյունքն է:

Երբ ամեն բան ճիշտ է արվում, մարդն զգում է իր օր օրի փոխվելը՝ նիհարելը, կեցվածքի կարգավորվելը, գեղեցկանալը, նրբանալը:  Որովհետև մեկ կգ ավելորդ քաշը մարդուն արտաքնապես 3 տարով մեծացնում է. և իհարկե, ոչ միայն արտաքնապես:

Հնարավո՞ր է հղիանալ և երեխա ունենալ ճարպակալման վիրաբուժական եղանակով բուժումից հետո:

Եթե հիվանդը հորմոնալ խնդիրներ չունի, որոնք հենց իրենք կարող են խնդիր լինել հղիության համար, իհարկե կարող է հղիանալ և երեխա ունենալ: Կարևոր է նաև վիրահատության տեսակը, եթե մեծ կտրվածք է արված, գուցե դա որոշ անհարմարություն առաջացնի հղիության համար:

Հարցերին պատասխանեց «Արմենիա» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժնի վարիչ, ամբիոնի դոցենտ, բգթ Լուսինե Մամիկոնյանը

 

 

21.09.2018