«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Միզաքարային հիվանդություն. հարցերին պատասխանում է Արամ Զոհրաբյանը

Միզաքարային հիվանդություն. հարցերին պատասխանում է Արամ Զոհրաբյանը

Ի՞նչ է միզաքարային հիվանդությունը:


Միզաքարային հիվանդությունը (ՄՔՀ) միզասեռական համակարգի ամենատարածված հիվանդություններից է` իր հաճախականությամբ զբաղեցնելով  3-րդ հորիզոնականը:


Ովքե՞ն են առավել հակված միզաքարային հիվանդության, ռիսկի գործոնները:


Միզային քարերի առաջացման հաճախականության վրա ազդում են կլիման, սոցիալ-տնտեսական վիճակը, հեղուկների ընդունումը, կենսաձևը, զբաղմունքը, քաշը, տարիքը և սեռը.


Արդյո՞ք միզաքարային հիվանդությունը ժառանգական է:


Ժառանգական գործոնն ունի իր դերը:


Նշանակություն ունի՞, արդյոք, աշխարհագրությունը:

 

Այո, օրինակ՝ Հայաստանը համարվում է ՄՔՀ էնդեմիկ զոնա:

 

Ի՞նչ դերակատարում ունի սնունդը երիկամներում քարերի առաջացման գործընթացում:


Սննդակարգից ռիսկի գործոններն են՝ սննդի կալորիականությունը, կալցիումի բարձր քանակ պարունակող սննդամթերքի օգտագործումը, A և B վիտամինների դեֆիցիտը:

 

Ինչպե՞ս են առաջանում քարերը երիկամներում և ի՞նչ տեսակներ կան:

 

Վերոնշյալ բոլոր նյութերը նպաստում են երիկամներում բյուրղիկների առաջացմանը, որոնք այնուհետև միաձուլվելով չափերով մեծանում են՝ ձևավորելով միզային քարեր: Երիկամների քարերի դասակարգումն իրականացվում է ըստ տեղակայման (բաժակի, ավազանի) և ըստ կառուցվածքի (օքսալատային, ֆոսֆատային, ուրատային, ցիստինային)

 

Ի՞նչ կերպ է մեզում միզաթթվի քանակի բարձրացումը նպաստում քարերի առաջացմանը երիկամներում:

 

Միզաթթվի ցուցանիշի բարձրացումը նպաստում է ուրատային քարերի առաջացմանը:

Քար միզապարկում, միզածորանում, երիկամներում: Ի՞նչ ախտանիշներով է արտահայտվում միզաքարային հիվանդությունը:

 

Երիկամների քարերը, սովորաբար, որևէ կլինիկական արտահայտություն չունեն՝ մինչ նրանց անկումը միզածորան, որն ուղեկցվում է երիկամային խիթով, կամ չափերով խիստ մեծացումը վերածվում է մարջանաձև քարի, ինչը նույնպես ուղեկցվում է ցավային համախտանիշով: Միզապարկի քարերն արտահայտվում են դիզուրիայով (միզարձակման տարատեսակ խանգարումներով): Բոլոր դեպքերում, կարող է նկատվել հեմատուրիա (արյունամիզություն):

Ի՞նչ կլինի, եթե չբուժեն միզաքարային հիվանդությունը:

 

Միզաքարային հիվանդության ժամանակ ամենահաճախ հանդիպող բարդությունը միզուղիների սուր բորբոքային գործընթացներն են՝ (պիելոնէֆրիտ, պիոնէֆրոզ, պարանէֆրիտ, ցիստիտ, ուրետրիտ): Ստորին միզուղիների քարերի դեպքում կարող է առաջանալ սուր միզակապություն, միզածորանների քարերի դեպքում առաջանում է հիդրոնեֆրոզ, որը կարող է բերել անուրիայի կամ քրոնիկական երիկամային անբավարարության:

 

Ի՞նչ է երիկամային խիթը:

 

Երիկամային խիթը սուր ցավային համախտանիշ է, որն արտահայատվում է գոտկային շրջանի սուր ցավերով՝ պայմանավորված ուրոդինամիկայի (մեզի արտահոսքի) կամ հեմոդինամիկայի խանգարումով:

 

Ի՞նչ օգնություն ցուցաբերել երիկամայաին խիթի ժամանակ:

 

Նախևառաջ դիմել համապատասխան հիվանդանոց` ախտորոշումը հաստատելու համար: Արդեն հետազոտություններում հաստատված երիկամային խիթի ժամանակ առաջին բուժօգնությունը դիկլոֆենակի 75մգ միջմկանային ներարկումն է` ըստ ԵՈՒԱ ուղեցույցի:

Ինչու՞ է հղիների մոտ սրվում հիվանդությունը, ինչպե՞ս բուժել:

 

Հղիների մոտ` ի հաշիվ էսթրոգենների քանակի ավելացման, դիտվում է միզուղիների հարթ մկանների թուլացում՝ միզուղիների լայնացում, որը նպաստում է ստորին միզուղիներից ինֆեկցիայի վերել տարածմանը: Նաև` հղիության ժամանակ, սովորաբար, արգանդը տեղաշարժվում է դեպի աջ՝ առաջացնելով աջակողմյան հիդրոնեֆրոզ:

Ինչպե՞ս ախտորոշել միզաքարային հիվանդությունը: Ախտորոշման ի՞նչ գործիքային մեթոդներ են իրականացվում:


Ախտորոշման համար հիմնականում օգտագործվում են ՈՒՁՀ և ռենտգեն հետազոտություն, որոշ դեպքերում` համակարգչային շերտագրում (ՀՇ):

 

Միզաքարային հիվանդության լաբորատոր կրիտերիաները:

Լաբորատոր հետազոտություններից պարտադիր կատարվում է մեզի ընդհանուր քննություն, կրեատիննի և միզանյութի որոշում: Բուժման մեթոդները բաժանվում են 2 մեծ խմբի՝ կոնսերվատիվ և վիրահատական:

Ինչպե՞ս բուժել միզաքարային հիվանդությունը: Բուժման ի՞նչ մեթոդներ կան:

 

Չկա այնպիսի բուժում որը նպատակահարմար լինի բոլորին: Բուժման ռազմավարության ընտրության համար դեր ունեն բազմաթիվ գործոններ՝ քարի տեղակայում, քարի տեսակ, հիվանդի մոտ այլ հիվանդությունների առկայություն և այլն:

Միզաքարային հիվանդության բուժում` առանց վիրահատության. ո՞ր դեղերն են օգնում ազատվել երիկամների քարերից:

 

Քարերի ոչ բոլոր տեսակներն են ենթարկվում դեղորայքային բուժման: Կան բազմաթիվ դեղեր, որոնք նպաստում են որոշ քարերի լուծմանը կամ տեղաշարժմանը, սակայն` ինչ նշանակել հիվանդին, որոշում է բժիշկը` հաշվի առնելով բոլոր վերոհիշյալ գործոնները:

Վիրահատությունները միզաքարային հիվանդությունների ժամանակ:

 

Վիրահատական բուժման հիմնական տարբերակներն են հեռահար քարափշրումը (ԴԼԹ), կոնտակտային քարափշրումը (Էնդոսկոպիկ կամ պերկուտան) և բաց վիրահատությունը:

Հետվիրահատական ընթացքը:

 

Հետվիրահատական ընթացքը կախված է հիվանդի ընդհանուր վիճակից և բուժման ռազմավարության ընտրությունից` հաշվի առնելով արդի մեթոդները: Մինիմալ ինվազիվ միջամտությունների լայն կիրառումը բավականին նվազեցրել է հիվանդների հոսպիտալիզացիայի տևողությունը:

 

Ի՞նչ է լիթոտրիպսիան:

 

Լիթոտրիպսիան քարափշրումն է հեռահար կամ կոնտակտային տարբերակներով:

Բուժումը` ժողովրդական միջոցներով:

 

Ժողովրդական բուժման մեթոդները կորցրել են իրենց արդիականությունը:

 

Ֆիզիոթերապիան` միզաքարային հիվանդության ժամանակ:


Ֆիզիոթերապիան բուժման նպատակով գրեթե չի օգտագործվում:

 

Սննդակարգը` միզաքարային հիվանդության ժամանակ:

 

Կախված քարի կառուցվածքից, հիվանդի համար որոշվում է համապատասխան սննդակարգ:

 

Միզաքարային հիվանդության բուժումը սանատոր-կուրորտներում:

Սանատոր-կուրորտային բուժումն օգտագործվում է ՄՔՀ ոչ բարդացած դեպքերում, ինչպես նաև ՄՔՀ առաջացման կանխագելման համար:

Քարերի առաջացումը կրկնվելու կանխումը:

 

ՄՔՀ առաջանալու կամ կրկնվելու կանխման հիմնական մեթոդը հեղուկների մեծ քանակի օգտագործումն է, ինչպես նաև հատուկ սննդակարգը, որը որոշվում է անհատական՝ կախված քարերի բաղադրությունից:

 

 

29.05.2018