«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Ցավեր սրտի շրջանում. հուշում է սրտաբանը

Ցավեր սրտի շրջանում. հուշում է սրտաբանը

Կրծքավանդակի ձախ մասում` սրտի շրջանում ցավեր են առաջացել։ Դա ի՞նչ է նշանակում։ Եթե կարողանանք ինքներս որոշել այդ ցավերի բնույթը, ապա դրանք շատ բան կհուշեն։

Եթե ցավը ծակող է, տեղակայված է սրտի շրջանում, առաջացել է մրսածության հետևանքով, բարձր ջերմաստիճանի ֆոնի վրա, կամ գրիպով, անգինայով հիվանդանալուց 1-2 շաբաթ անց, եթե ցավում է կրծքավանդակի` սրտից դեպի ձախ ընկած հատվածը և ուժեղանում է խորը շնչելիս, ապա այդպիսի ցավն անուշադրության մատնել չի կարելի։ Այն կարող է դիտվել որպես հիվանդության ընթացքում մանրէների առաջացրած թույներին օրգանիզմի հակազդման պատասխան, որպես սկսվող ռևմատիզմ, սրտամկանաբորբ, որոնք սրտի ձեռքբերովի արատների 90%-ի պատճառն են։ Հնարավոր է, որ անցկացրած գրիպը լիովին չի բուժվել, բարդացել է, վերածվելով ձախ թոքի և դրան արտաքինից պատող թաղանթի (պլևրայի) բորբոքման։ Եվ հենց դա է ցավացողը, քանի որ թոքը չի կարող ցավալ։ Ուրեմն ցավի բուն պատճառը կարող են պարզել թերապևտը, սրտաբանը, ռևմատոլոգը, որոնք մանրակրկիտ քննելով ձեզ, կհանձնարարեն լրացուցիչ հետազոտվել` կատարել արյան ընդհանուր և կենսաքիմիական քննություն, էլեկտրասրտագրություն, սրտի գերձայնային հետազոտություն, անհրաժեշտության դեպքում նաև` թոքերի ռենտգենյան և այլ հետազոտություններ։

  • Մեկ այլ դեպքում ցավը բութ է, անընդհատ, շարունակվում է ժամերով, օրերով, որն ավելի շուտ սրտի շրջանում ճնշման բութ զգացումի է նման, կամ, հակառակը, այն կարճատև, ծակող բնույթ ունի, որը տևում է ընդամենը մի քանի վայրկյան, բայց ավելի ուժեղ է։ Այս տարաբնույթ ցավերը ամենևին կապ չունեն մարմնի շարժումների, ինչպես նաև հանգստի վիճակի հետ և հաճախ որոշակի լարումից հետո կարող են թուլանալ։


Եթե այսպիսի ցավեր ունեցող երիտասարդ տղամարդը, կինը գանգատվում են գերհոգնածությունից, գլխապտույտից, ասում են, թե չեն կարողանում ազատ շնչել և հաճախ աշխատում են խորը շունչ առնել, հորանջում են ու անքնությամբ են տառապում, ապա դա հենց սիրտանոթային համակարգի գործունեության խանգարման հետևանք է, որը հայտնի է «գերբեռնվածության համախտանիշ» անունով։ Այդ խանգարումների պատճառը առաջին հերթին նյարդային, և մեծ մասամբ հոգեկան լարվածությունն է, ընտանեկան կոնֆլիկտները, աշխատանքային անախորժությունները, ինչպես վախի զգացումը մարտից առաջ։ Հավանաբար ընթերցողը ներողամտորեն կժպտա, բայց իզուր, քանի որ նման խանգարումներն անտեսելը և չբուժվելը կարող են մեծ վնաս հասցնել սեփական առողջությանը և, ընդհանրապես, փչացնել տրամադրությունը։ Իսկ նման գանգատներ ունեցող «նյարդայնացած» տնային տնտեսուհուն հարկ է դիմել բժիշկ-հոգենյարդաբանի` անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու համար։

  • Եթե ցավը ծակող բնույթ ունի, առաջանում է խորը շունչ քաշելիս, գոտկատեղից վեր իրանը թևերի հետ ձախ ու աջ պտտելիս, ապա մի շտապեք ինքներդ ձեզ «սրտային հիվանդի» կարգավիճակ տալ։ Ցավերի պատճառը փնտրեք հենաշարժական ապարատի հիվանդությունների ցանկում։ Նախ և առաջ բացառեք ողնաշարի կրծքային հատվածի օստեոխոնդրոզը, սկոլիոզը, միջկողային նյարդերի ու մկանների բորբոքումները։


Միայն ուսաթիակային կամ միաժամանակ այլ հոդերի հետ համակցված ախտահարումներով ընթացող հոդաբորբերը երիտասարդների շրջանում ավելի հաճախ ռևմատիկ բնույթ են կրում, իսկ տարեցների օրգանիզմում դրանք ձևավորվում են որպես տարիքային, դեֆորմացնող պոլիարթրիտ։ Սակայն ամեն դեպքում անհրաժեշտ է ժամանակին դիմել ռևմատոլոգի, որպեսզի հնարավոր լինի բուժել, այլ ոչ թե ջանալ շտկել ոսկրամկանային համակարգում արդեն տեղի ունեցած համարյա անդարձելի կազմափոխությունները։

Մկանային և ոսկրային ցավերը դժվար չէ տարբերակել սրտի ցավերից։ Բավական է սեղմել մարմնի ախտահարված` վնասված հատվածը, և համապատասխան տեղում ցավ կառաջանա, ինչպես, օրինակ, մարզիկների մոտ է լինում։ Նման դեպքում անհապաղ դիմեք վնասվածքաբանի։ Հնարավոր է, որ նա ձեզ խորհուրդ տա դիմելու ռևմատոլոգի, կամ պարզապես տուն կուղարկի, առաջարկելով մեկ-երկու ամիս հոդը չմրսեցնել, հանգիստ պահել, և ամեն բան ինքնին կանցնի։

Պետք է գիտենալ, որ ոսկրային ախտահարումները, որոնք տեղակայված են կրծքավանդակի շրջանում, երբեմն կարող են մի շարք ծանր, բուժում պահանջող հիվանդությունների պատճառ դառնալ։ Ուստի, եթե դրանք ուղեկցվում են այլ հիվանդագին երևույթներով, ապա մոտակա պոլիկլինիկայում ստացած խորհրդատվությունը կօգնի պարզելու ցավերի բուն պատճառը։

Հիշեք, որ ժամանակին կատարված բուժումն արդեն գործի կեսն է, իսկ ցավերը հաղթահարելուն կօգնեն բժշկի նշանակած հակաբորբոքային դեղամիջոցները, մերսումներն ու բուժական մարմնամարզությունը։

  • Ցավեր, որոնք կապված են սննդի կամ ալկոհոլի անգամ փոքր քանակությամբ պարբերաբար ընդունման հետ։


Երբեմն սիրտը սկսում է ցավալ (նվալ) շատ, մասնավորապես ճարպեր կամ կծու կերակուրներ ուտելուց հետո, ինչպես նաև երկար ժամանակ քաղցած մնալիս։ Նման ցավերն առաջանում են, կապված սրտի և որովայնի խոռոչի օրգանների ընդհանուր նյարդավորման հետ, ուստի դրանք կարող են գաստրիտի` ստամոքսաբորբի, խոցի, պանկրեատիտի` ենթաստամոքսային գեղձի, խոլեցիստիտի` լեղուղիների բորբոքման և աղիքների փքվածության հետևանք լինել։ Ըստ որում, երբ այս հիվանդությունները սուր բնույթի են, առաջին հերթին ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքման ժամանակ, ցավը կնվազի նիտրոգլիցերին ընդունելուց հետո, էլեկտրասրտագրի վրա կարող են ի հայտ գալ փոփոխություններ, որոնք բնորոշ են սրտամկանի ինֆարկտին` վերջինիս բացակայության դեպքում։


Բացի այդ, կարող է ուտելուց հետո կրծքավանդակում ճնշող, կոկորդում կոշտ սննդի խցանման զգացում, և վերջապես, հաճախ սննդով խեղդվելու պահեր լինեն, սակայն դրանք անուշադրության են մատնվում։ Այնինչ, եթե կրծքավանդակի շրջանում ձեզ արդեն անհանգստացնում են անորոշ, նվացող, ձգող, երբեմն` ուժեղ ցավերը, որոնք սկզբում դժվար է ճիշտ ախտորոշել, ապա իրական պատկերը պարզելու համար ձեզ օգնության կգա կերակրափողի ռենտգենյան նկարը, որը կպարզի ցավի բուն պատճառը, և բուժող բժիշկը ճիշտ կողմնորոշում կունենա։

  • Եթե ցավն առաջացել է միջանցիկ քամու տակ մնալուց հետո և տեղակայված է կրծքավանդակի կողմնային մասում, կողոսկրերի ուղղությամբ, կտրուկ բնույթի է, անհանգստացնում է արդեն մի քանի օր, ուժեղանում է խորը շունչ քաշելիս, ավելի ճիշտ` թույլ չի տալիս խորը արտաշնչել, և եթե դուք մանուկ հասակում հիվանդացել եք ջրծաղիկով, ապա հնարավոր է այդ ցավացող տեղում մեկ շաբաթ անց բշտեր հայտնվեն, որից հետո ցավը կնվազի։ Սա, հավանաբար, նախկին կրած հիվանդության հետևանքն է, որի ապաքինման միջոցներ կձեռնարկի բուժող բժիշկը` թերապևտը, մաշկաբանը, վարակաբանը։

  • Եթե ցավը առաջանում է նոպաներով, կապված է ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ, տեղակայված է կրծոսկրի հետևում, կարող է տարածվել ձախ թևի, պարանոցի, ստորին ծնոտի շրջանում, թիակի տակ, եթե այն ընթանում է այրոցի, սեղմման զգացումով, չպետք է հետաձգել սրտաբանի դիմելը։ Սա ավելի շուտ ստենոկարդիա է, որը սրտի իշեմիկ հիվանդության ձևերից մեկն է։ Սա կարող է սրտամկանի ինֆարկտով ավարտվել։

 

 Հեղինակ. Էլիզաբեթ ԳՐԻԳՈՐՅԱՆ, բ.գ.թ., ԵՊԲՀ թերապիայի N1 ամբիոնի ասիստենտ, բժիշկ-սրտաբան

14.02.2018