«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Իմունամոդուլյատորներ. ընդունե՞լ, թե՞ ոչ

Իմունամոդուլյատորներ. ընդունե՞լ, թե՞ ոչ

Երբ սկսվում է տարափոխիկ հիվանդությունների սեզոնը, բոլորը համակվում են իմունիտետը բարձրացնելու գաղափարով: Իսկ նման պատրաստուկների գովազդները շատ են ու շփոթեցնող: Որո՞նք ընտրել և, ընդհանրապես, պե՞տք է, արդյոք:

Մեր իմունիտետն իր տեսակի մեջ գլխավոր գործոն է: Այն նորմայի սահմաններ ունի` արյան բջիջների և պաշտպանական նյութերի համահարաբերակցությունը, որի դեպքում մարդը կարողանում է լիովին հաղթահարել հիվանդությունը: 50 տարի առաջ գիտնականները մտածեցին, թե ինչպես կարելի է իմունիտետը ՙտեղավորել՚ այդ սահմաններում: Այդ ժամանակ էլ ստեղծվեցին մի քանի դեղեր:

  1. Իմունասուպրեսորներ. ընկճում են իմունային ռեակցիաները, որոնք անհրաժեշտ են բարդ աուտոիմուն հիվանդությունների բուժման համար:

  2. Իմունախթանիչներ. սրանք, ընդհակառակը, ակտիվացնում են իմունային պատասխանը: Սկզբում դրանք ստեղծվել էին ուռուցքային հիվանդների համար, երբ իմունիտետն ընկճվում է քիմիաթերապիայով:

  3. Իմունամոդուլյատորներ. ազդում են բջիջների տարբեր խմբերի վրա` ձգտելով պահպանել դրանց հաշվեկշիռը: Փորձելով ազդել մի խմբի բջիջների վրա, իմունամոդուլյատորները, այնուամենայնիվ, ազդում են նաև մյուսների վրա: Գիտնականները ձգտում են ստեղծել իմունակոռեկտորներ/շտկիչներ` կետային իմունամոդուլյատորներ, որոնց ազդեցությունը նշանակետային կլինի:


Ինչպես նշվեց, դեղատներում մոտավորապես 100 անուն դեղորայք կարելի է գտնել, որոնք ազդում են իմունիտետի վրա, կանխարգելում և բուժում են գրիպը, ՍՇՎԻ-ն և մրսածության մյուս հիվանդությունները: Այս ամենով հանդերձ, այդպես էլ անհասկանալի է`  այդ դեղերն արդյունավետ են, թե` ոչ, որովհետև նույն դեղորայքից մեկի մոտ վերանում են ախտանշանները, իսկ մյուսին` ընդհանրապես չի օգնում: Ինչու՞: Վիճելի հարց է:

XX դարի 70-ական թվականներին իմունամոդուլյատորները թափանցեցին բժշկության գրեթե բոլոր ոլորտները: Բժշկական ամսագրերում տպագրվեցին կարծիքներ գրիպի և ՍՇՎԻ-ի բուժման և կանխարգելման ոլորտում այդ դեղորայքի արդյունավետ օգտագործման վերաբերյալ: Միայն 4 տարի առաջ փորձագետների կարծիքները բաժանվեցին: Հազվադեպ ու քիչ են քննադատում իմունամոդուլյատորները նրանք, ովքեր այս կամ այն կերպ կապված են դրանց մշակման հետ: Նրանցից շատերը գիտնականներ են և այս կամ այն իմունամոդուլյատորը  նրանց ՙզավակն է՚, նրանք տեսել են, թե ինչպես է այդ նյութն աշխատում ՙմանրէադիտակի տակ՚ և կյանքում: Բայց շատ են նաև բժիշկները, ովքեր իմունիտետի դեղահաբերով ամրացման անհրաժեշտության և օգուտի մասին դատում են ըստ կլինիկական հետազոտությունների, որոնք անցկացվել են միջազգային չափորոշիչներին համապատասխան:

Ամենահայտնի հինգ մոլորություններ, որոնք ստիպում են իմունամոդուլյատորներ օգտագործել:

1. «Իմ իմունինտետը ցածր է»

Այդպես են ասում, երբ անընդհատ հազում ու փռշտում են:

Բայց, բժիշկների վկայությամբ, դեպքերի 2/3-ի պատճառն իմունիտետը չէ: Պարզապես մարդը ժամանակին բժշկին չի դիմել, կամ էլ ճիշտ ախտորոշում չեն կատարել, կամ քրոնիկական հիվանդություններ է ունեցել, որոնք սրվել են մրսածության հետևանքով: Նման դեպքում իմունամոդուլյատորները ո՛չ միայն պետք չեն, դրանք կարող են նաև վնասել: Դրանց փոխարեն պետք է այլ դեղ նշանակել  կամ վերանայել բուժման կուրսը (օրինակ, քրոնիկական տոնզիլիտի դեպքում հեռացնել նշագեղձերը):

Իսկ քրոնիկական հիվանդություններով մարդկանց 1/3-ի համար, իրոք, պետք է համալիր բուժման մեջ իմունամոդուլյատորներ ներառել:

Հաճախ երկրորդային իմունային անբավարարության ախտանշաններ հանդիպում են ծանր շաքարային դիաբետի, բրոնխային ասթմայի դեպքում, երբ հիվանդը չի կատարում բժշկի ցուցումները:

Ըստ արտասահմանյան բժիշկների, ՙիմունանբավարարության՚ ախտորոշում ընդհանրապես գոյություն չունի: Լինում է միայն բնածին իմունանբավարարություն, որը շատ լուրջ հիվանդություն է և, սովորաբար, ժառանգական է լինում: Այն չնկատել, կամ 20-30 տարի հետո պատահաբար հայտնաբերելն անհնարին է: Տվյալ հիվանդության դեպքում նույնիսկ ոչ բոլորն են չափահասության տարիքին հասնում: Եթե եվրոպացի բժիշկները նույնիսկ կիրառում են ՙիմունանբավարարություն՚ հասկացությունը, ապա միայն երկրորդային իմունանբավարարության դեպքում, որն առաջացել է ՄԻԱՎ վարակից և այլ ոչ պակաս վտանգավոր ինֆեկցիաներից:

2.  ՙԻմ իմունագրաման վատն է»

Եթե հետազոտությունները նորմայից դուրս ինչ-որ թվեր են ցույց տվել, նշանակում է, լաբորատորիայի աշխատակիցներն են թերացել, կամ այն ձեր անհատական նորման է: Ընդհանրապես, իմունագրաման թանկարժեք հատուկ հետազոտություն է, որը ցուցված է ՄԻԱՎ վարակի և ծանր իմունանբավարարության բուժման մոնիտորինգի համար: Առանց այլևայլության, իմունագրամա կատարելն անիմաստ է, իսկ դրա հիման վրա ՙխառնվել՚ իմունիտետի աշխատանքին, արդեն վտանգավոր է:

Ո՞ւմ է պետք իմունագրաման

Այն նշանակելու համար շատ լուրջ   պատճառներ են պետք: Օրինակ. եթե մարդն ապրում է բարենպաստ էկոլոգիական պայմաններում, առողջ կենսակերպ է վարում և առանց որևէ պատճառի հիվանդանում է տարվա մեջ մոտ 6 անգամ (իսկ երեխաները` 8-10), միևնույն ժամանակ, հակավիրուսային թերապիան չի օգնում, ամեն անգամ ՍՇՎԻ ոչ սովորական ձևով է ընթանում, հայտնի չէ, երբ է սկսվում, երբ` բուժվում, գրեթե միշտ մանրէային բարդություններ է տալիս, օրինակ, թոքաբորբ:

3.  «Իմ իմունիտետը կբարձրացնեմ և բոլոր հիվանդություններից կազատվեմ»

Ամեն ինչ չէ, որ իմունիտետով է պայմանավորված: Նույնիսկ ի սկզբանե առողջ մարդիկ չեն կարողանում բուժվել աչքաթող արված հայմորիտից կամ թոքաբորբից առանց դեղահաբերի:

4. «ՍՇՎԻ-ն արագ բուժելու համար հարկ է ամրացնել իմունիտետը»

Ո՛չ: Արդեն սկսված հիվանդության դեպքում իմունային պատասխանն ինքն է վիրուսներ ՙբաց թողնում՚, որը համակարգն ակտիվացնում է:

5. «Ոչ մի դեպքում չպետք է հիվանդանամ, կանխարգելման համար ինչ-որ բան պետք է խմեմ»

Չի կարելի ամբողջ տարին ՙխառնվել՚ սեփական օրգանիզմի աշխատանքին: Եվ իմունամոդուլյատորների  ընդունման հետևանքներն էլ դեռ լիովին ուսումնասիրված չեն: Գիտությանն անհայտ է նաև ամենակարևորը` մի՞շտ է այդ գործընթացն ինքն իրեն կանգ առնում: Չէ՞ որ հնարավոր է այնքան իմունամոդուլյատոր օգտագործել, որ իմունային պատասխանը դառնա անկառավարելի, օրգանիզմն սկսի հարձակվել ինքն իր վրա, ինչպես շատ լուրջ աուտոիմունային հիվանդության դեպքում:

Ավարտենք լավ լուրերով

Ընդհանրապես իմունիտետը հնարավոր է ամրացնել: Երաշխավորված միջոցների թվին է պատկանում յուրաքանչյուր հիվանդության մինչև վերջ բուժումը (այդ թվում և` մրսացության), նորմալ քնելը,  օրգանիզմի կոփումը, ֆիթնեսը, առողջ սնունդը, աուտոթրենինգի բոլոր միջոցները:

04.12.2017