«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Վիբրացիոն հիվանդություն

Վիբրացիոն հիվանդություն

Կլինիկան: Ընթանում է թույլ արտահայտված ախտանշաններվ: Օրգանիզմի վիճակը կոմպենսացված է: Հիվանդները գանգատվում են թույլ ցավերից, թմրածությունից: Լոկալ վիբրացիայից առաջացած վիբրացիոն հիվանդությամբ (ՎՀ) հիվանդների գանգատներն են.

  • ձեռքերի մատների անսպասելի առաջացող սպիտակացումը (հաճախ` ձեռքերը սառը ջրով լվանալուց կամ օրգանիզմի ընդհանուր սառեցումից),
  • վերջույթների ձգող, կոտրատող գիշերային ցավերը (հաճախ` տհաճ թմրածության ձևով արտահայտվող պարեսթեզիաներով զուգորդված), ձեռքերի արտահայտված սառնություն,
  • ընդհանուր թուլությունը, գլխացավերը, գլխապտույտները, խանգարված քունը, արտահայտված գերգրգռվածությունը, ստամոքսի շրջանում ցավերը:


Կլինիկական ընթացքը դասակարգվում է արտահայտվածության 3 աստիճանով.

  • I աստիճան (սկզբնական): Ընթանում է թույլ արտահայտված ախտանշաններվ: Օրգանիզմի վիճակը կոմպենսացված է: Հիվանդները գանգատվում են թույլ ցավերից, թմրածությունից: Օբյեկտիվ հետազոտությունը հայտնաբերում է ծայրային ֆալանգների զգայողության թեթև խանգառումներ, մազանոթների տոնուսի աննշան անկում:

  • II աստիճան: Գանգատների քանակն ավելանում է: Ակրոանգիոսպազմների հաճախականությունն ու տևողությունն աճում է, ցավային արտահայտումներն ու պարեսթեզիաները, խոշոր անոթների ու մազանոթների տոնուսի փոփոխությունները կրում են կայուն բնույթ: Ի հայտ են գալիս վեգետատիվ դիսֆունկցիայի և ասթենիայի ախտանշանները: Ավելի արտայատված են դառնում վեգետատիվ-սենսորային պոլինեյրոպաթիայի ախտանշաններն ու հենաշարժողական ապարատի դիստրոֆիկ խանգարումները:

  • III աստիճանը բնութագրվում է ուժեղ արտահայտված ախտանշաններով` անգիոսպազմների հաճախականությունն ու ուժը կտրուկ աճում են, նկատվում են զգայողության ծանր խանգարումներ, վիբրացիոն զգացողությունը կտրուկ նվազում է ընդհուպ մինչև վերանալը: Նկատվում են կենտրոնական նյարդային համակարգի մանրօջախային ախտահարումների ախտանշաններ, դիէնցեֆալ կրիզներ, մկանների սնուցման խանգարումներ, անգիոդիստոնիկ կրիզներն ախտահարում են նաև սրտի և գլխուղեղի անոթները:


ՎՀ ախտորոշումը կայացնելիս, բացի անամնեզը պարզելուց, անհրաժեշտ է իրականացնել հիվանդի կլինիկական և ֆիզիոլոգիական մանրակրկիտ հետազոտություն, ՎՀ քողարկված ձևերը հայտնաբերելու և օրգանիզմի գործառույթային հնարավորությունները պարզելու նպատակով: Հիվանդին հետազոտելիս անհրաժեշտ է ուշադիր լինել նրա ձեռքերի մաշկի գունավորվածությանը, վերջույթների շարժունակությանը, վիբրացիոն և ցավային զգայողությանը, սիրտ-անոթային և մկանային համակարգերի վիճակին:

Անհրաժեշտ է անցկացնել ձեռքերի մաշկի «սառեցման» հետազոտություն, էլեկտրամիոտոնոմետրիա, էլեկտրա- պոլի- և մեքենասրտագրում:

Վիբրացիոն հիվանդությունն անհրաժեշտ է տարանջատել այլ, ոչ մասնագիտական հիվանդություններից` Ռեյնոյի հիվանդությունից, սիրինգոմիելիայից, վեգետատիվ պոլինեյրոպաթիայից, միոզիտից: Իր կլինիկական արտահայտումներով ՎՀ-ն հաճախ նման է այլ ծագման նևրիտների և պլեքսիտների:

Բուժումը

ՎՀ բուժումն անհրաժեշտ է սկսել վաղ շրջանում` կիրառելով ծագումնաբանական, պաթոգենետիկ  և սիմպտոմատիկ բուժման սկզբունքները:

Ամենաարդյունավետ արդյունքը ստացվում է խոլինոլիտիկ ազդեցությամբ դեղերի կիրառումից: Արտահայտված ցավային համախտանիշի դեպքում խորհուրդ է տրվում զուգակցել կենտրոնական խոլինոլիտիկներ, անոթալայնիչ և գանգլիաարգելակող դեղեր:

Ֆիզիկական մեթոդներից արտահայտված արդյունք են տալիս նովոկայինի և բենզահեքսոնիումի էլեկտրաֆորեզը, ռադոնային, թթվածնային և ազոտա-ջերմային լոգանքները, բուժական մարմնամարզությունը, ձեռքերի և պարանոցի մերսումը, օդային լոգանքները, հելիոթերապիան:

27.12.2017