«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Ռևմատիզմ. սեզոնային սրացում

Ռևմատիզմ. սեզոնային սրացում


Ռիսկի գործոնները

Ռևմատիզմը մարդկությանը շատ վաղուց է հայտնի: Դեռ հին եգիպտական ձեռագրերում ու Հիպոկրատի աշխատանքներում նկարագրված են եղել այս հիվանդության ախտանիշները: Ռևմատիզմ ասելիս, անմիջապես հիշում ենք` բորբոքում, այտուցված հոդեր և այլն: Սակայն, իրականում այս հիվանդությունն ավելի բազմակողմանի է:

Ռևմատիզմը համակարգային-ինֆեկցիոն-ալերգիկ հիվանդություն է, որն ախտահարում է սիրտ-անոթային համակարգն ու հոդերը: Հետաքրքիր է, որ կանայք ռևմատիզմով տառապում են մոտավորապես 3 անգամ ավելի հաճախ, քան տղամարդիկ, սակայն հասուն տարիքում այս տարբերությունն անհետանում է: Վերջերս երեխաների ու դեռահասների մոտ հաճախացել են ռևմատիզմի դեպքերը, ընդ որում, հիվանդությունը սովորաբար զարգանում է չբուժված սուր շնչառական վիրուսային վարակներից կամ անգինայից հետո:

Ռևմատիզմի առաջացման հիմնական պատճառը ստրեպտակոկային ինֆեկցիան է, որն ախտահարում է ցածր իմունիտետով օրգանիզմը: Ստրեպտակոկով (A խմբի) նման ախտահարումը պատասխանատու է հիվանդության սուր փուլի համար, ռևմատիզմի ձգձգվող դրսևորումների դեպքում առաջին պլան են մղվում տհաճ ախտանիշների ալերգիկ և աուտոիմուն պատճառները: Ապացուցված է նաև, որ որոշ գենետիկական գործոններ կարևոր դեր են կատարում ռևմատիզմի նախահակվածության առումով, ինչն էլ նշանակում է, որ դրանով շատ հաճախ  տառապում են նաև հարազատները:

Ախտանիշները

Ինչպես նշեցինք, ռևմատիզմն առաջին հերթին ախտահարում է հոդերը և այն անվանում են ռևմատոիդ արթրիտ: Ի դեպ, հոդային խանգարումների մեջ ռևմատոիդ արթրիտն առավել հաճախ է հանդիպում: Եթե հիվանդոթյունն ընդգրկում է միանգամից մի քանի հոդեր, ապա այն անվանում են պոլիարթրիտ: Հատկապես, խոցելի են սրունք-թաթային և ճաճանչա-դաստակային հոդերը:

Եթե տառապում է միայն մեկ տեսակի հոդը (սովորաբար խոշոր հոդային, օրինակ, ծնկային կամ արմնկային), ապա դա ռևմատոիդ մոնոարթրիտն է: Հետաքրքիր է, որ հոդերը բորբոքվում են համաչափ, այսինքն, երկու վերջույթների վրա միաժամանակ:

Սուր ռևմատոիդ պոլիարթրիտի առաջին ախտանիշներն են հոդերում սաստկացող  սուր ցավերը, որոնք ուժեղանում են նույնիսկ ոչ մեծ շարժումների դեպքում: Ցավի պատկերի վրա հոդային և փափուկ հյուսվածքների հատվածներում ի հայտ են գալիս այտուցներ:  Ռևմատիզմի սուր փուլը հաճախ ուղեկցվում է մարմնի բարձր ջերմաստիճանով` մինչև 38-40օC, և առատ քրտնարտադրությամբ:

Արթրիտի դրսևորումները շատ «թռուցիկ» են. դրանք կարող են որևէ հոդերում արագ անհետանալ և շատ արագ տեղափոխվել դեպի մեկ այլ հոդեր: Բուժման բացակայության դեպքում, ժամանակի ընթացքում  ռևմատոիդ արթրիտն ախտահարում է ավելի ու ավելի շատ հոդեր, անցնելով քրոնիկական փուլի: Այդ դեպքում հիվանդների համար բարդանում է շարժվելը, իսկ առավոտյան վերջույթներում  կաշկանդվածության զգացողություն  է նկատվում:

Ռևմատիզմի դեպքում, արթրիտի հետ մեկտեղ, հնարավոր է ավշահանգույցների մեծացում, նաև ծայրամասային նյարդային համակարգի աշխատանքի խանգարումներ (նևրիտներ): Նման ախտանիշները վկայում են օրգանիզմի ցածր դիմադրողականության և հիվանդության բարձր ակտիվության մասին: Ճիշտ ու ժամանակին բուժման դեպքում տհաճ ախտանիշներն, ի վերջո, վերանում են:

Ռևմատիզմի առավել վտանգավոր բարդությունը ներքին օրգանների ախտահարումն է` երիկամների, թոքերի և սրտի (միո- և էնդոկարդիտ): Այսպես, ռևմատիզմին բաժին է ընկնում ձեռքբերովի (այսինքն, ծնվելուց անմիջապես հետո) սրտի արատների մոտավորապես 80%-ը: Սրտի մկանների և փականների աշխատանքի խանգարումը հանգեցնում է շնչահեղձության, բարձրացած հաճախասրտության, առիթմիայի, կրծքավանդակում ցավերի:

Դեղորայքային բուժումը

Սուր ռևմատիզմի  առաջին ախտանիշների դեպքում ցուցված է անկողնային ռեժիմը և, նույնիսկ, հոսպիտալացումը, որը տևում է մի քանի շաբաթ: Այս ժամանակաընթացքում հատկապես կարևոր է հետևել բժշկի հանձնարարականներին և պարբերաբար ընդունել դեղերը: Ռևմատիզմի ախտանիշների կասեցման համար, սովորաբար օգտագործում են.

  •     հակաբորբոքային միջոցներ (ասպիրին, ինդոմետացին, դիկլոֆենակ),
  •     գլյուկոկորտիկոիդներ (պրեդնիզոլոն, դեկսամետազոն),
  •     պատրաստուկներ իմունիտետի խթանման համար (գամմա-գլոբուլին, գիստոգլոբուլին):
04.09.2017