«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Պոդագրա

Պոդագրա

Անցյալում թագավորների հիվանդությամբ` պոդագրայով տառապում էին միայն հարուստ մարդիկ: Եվ մինչ այսօր զարմանալի օրինաչափություն է նկատվում. ինչքան բարձր են մարդկանց նյութական եկամուտները, այնքան հաճախ է այս հիվանդությունը նրանց մոտ հանդիպում:


Հայտնի է, որ ծանր նյութական պայմաններում, պատերազմների ժամանակ պոդագրայի հիվանդացության դեպքեր գործնականում չեն հայտնաբերվում:  Որքան էլ զարմանալի է, տղամարդիկ  ոտքերի պոդագրայով 20 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան կանայք: Առաջին անգամ հիվանդացածների տարիքը 40-50 տարեկանն է: Երեխաները պոդագրայով շատ հազվադեպ են հիվանդանում և, որպես կանոն, այստեղ իր դերն ունի ժառանգականությունը:

Հիպոկրատն առաջին անգամ նկարագրելով այս հիվանդությունը, այն անվանել է «թակարդ ոտնաթաթի համար» («ago»-թակարդ,«podos-ոտնաթաթ»): Մեծ բժշկապետը համոզված էր, որ ոտքերի պոդագրայի պատճառը որկրամոլությունն ու ալկոհոլի չարահաշումն է: Եվ միայն XIX դարում բժշկությունն ապացուցեց հիվանդության կապն արյան մեջ միզաթթվի բարձր պարունակության հետ: Միզաթթուն առաջանում է սպիտակուցների ճեղքման գործընթացի արդյունքում, այն արտաքնապես իրենից ներկայացնում է հեղուկի մեջ դժվար լուծվող սպիտակ փոշի: Երբ միզաթթուն նորմայից բարձր է լինում, այն կուտակվում է հոդերում, վերածվելով նատրիումի մոնոուրատի: Պոդագրայի նոպան էլ, ըստ էության, հյուսվածքներում մոնոուրատի կուտակման գործընթացի արդյունք է: Պոդագրայի սրացումը սովորաբար սկսվում է անսպասելի, գիշերը, հաճախ առատ ու բազմազան ճաշկերույթից հետո, հատկապես մսեղենի և ալկոհոլի ընդունումից: Ցավը շեշտակի արագանում է, հոդն սկսում է այտուցվել, կարմրել, տաքանալ: Մարդը ցավից չի կարողանում իր տեղը գտնել, ամենաչնչին հպումն անգամ, օրինակ անկողնային սպիտակեղենի (այսպես կոչված «սավանի ախտանիշ»), սարսափելի ցավ է պատճառում: Երբեմն բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, մարդը դողում է: Նոպան կարող է ընդգրկել նաև այլ հոդերը և, այդ դեպքում, մի քանի ժամ տևած տառապանքներից հետո հիվանդն արդեն չի կարողանում շարժվել: Նման նոպաները հիվանդության սկզբում կարող են դադարել 1-2 օրից հետո, սակայն պոդագրան նահանջում է միայն ժամանակավորապես, որոշ ժամանակ անց այն նորից է վերադառնում: Հիվանդության քրոնիկական ձևն ախտահարում է ամբողջ օրգանիզմը:

Տոֆուսները պոդագրայի դեպքում

Տոֆուսների առաջացումը պոդագրայի տեսանելի նշաններից մեկն են: Տոֆուսները ենթամաշկային բջջանյութի մեջ ուրատային բյուրեղիկների կուտակմամբ պոդագրիկ հանգույցներ են: Դրանք առաջանում են ձեռքերի վրա` նախադաստակի և  արմունկի  հոդերում, նախաբազուկներում, ոտքերի վրա` ոտնաթաթերի հոդերից մի քիչ վերև,  ծնկների և ազդրերի շարժուն մակերեսներին, ճակատի վրա` ականջի հատվածում, որոշ ներքին օրգանների վրա` սրտում, երիկամներում, հոդերում և սրտապարկում:

Պացիենտների բուժումը հարկ է անցկացնել ոչ միայն նոպաների ժամանակ, այլ, կարևոր է,  հատկապես, նոպաների միջև ընկած հարաբերական հանգստի ժամանակահատվածում, նույնիսկ, եթե հիվանդն իրեն լավ է զգում, քանի որ հյուսվածքներում այդ ընթացքում ամեն օր կազմավորվում են միկրոտոֆուսներ:

Հիվանդությունն ունի նաև ավելի լուրջ հետևանքներ` սրտի, երիկամների և այլ օրգանների ախտահարումներ: Օրինակ, քրոնիկական երիկամային անբավարարությունը կարող է մահվան հանգեցնել: Նման դեպքեր հանդիպում են պոդագրայի ուշացած ախտորոշման ժամանակ:

Սնվելու կանոնները

Հիվանդության բուժումը պետք է միայն համալիր լինի: Պոդագրայի դեպքում սննդակարգն առաջին տեղում է, որը բացառում է այն մթերքները, որոնց ճեղքումից էլ առաջանում է միզաթթվի ավելորդ քանակություն: Դրանք են` ձկնեղենը, ձկան խավիարը, միսը, լոբին, ոլոռը, գարեջուրը և այլն: Հրաժարվել թունդ ալկոհոլային խմիչքների չարաշահումից: Խորհուրդ է տրվում շատ հեղուկ ընդունել, որպեսզի օրգանիզմից ուրատների դուրս բերման գործընթացը լավանա:

Հարկ է կարգավորել նաև մարմնի քաշը, սակայն միայն բժշկի հսկողության ներքո, քանի որ արագ նիհարելը կարող է հանգեցնել միզաթթվի ուժեղացած արտադրման և, որպես հետևանք, պոդգրիկ կրիզի: Ներկայումս պոդագրայի բուժման համար անհրաժեշտ բազմաթիվ դեղպատրաստուկներ կան, որոնք էլ կնշանակի բժիշկը:

19.07.2017