«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Կրկնվող քթային արյունահոսություն

Կրկնվող քթային արյունահոսություն

Քթային արյունահոսությունը հանդիպում է և՛ մեծահասակների, և՛ մանուկների մոտ:


Երեխաների մոտ այն ավելի շատ կապված է վնասվածքների /տրավմաներ/ կամ քթի խոռոչում եղած  օտար մարմնի հետ:


Երեխան նաև հաճախ քչփորում է քիթը և վնասում լորձաթաղանթը: Բայց պատճառը կարող է նաև լուրջ հիվանդությունը լինել՝ ուռուցքներ, արյան մակարդելիության խանգարում:


Մեծահասակների մոտ քթային արյունահոսությունը հետևանք է քրոնիկ հիվանդությունների, ծերերի, ծխողների մոտ՝ քթի լորձաթաղանթի ատրոֆիայի:


Քթային արյունահոսության հաճախ հանդիպող պատճառները բաժանվում են տեղայինի և ընդհանուրի:

 

Տեղայիններն են.

 

  • Օտար մարմին
  • Լորձաթաղանթի վնասվածք /տրավմա/
  • Ատրոֆիա
  • Մակաբույծներ
  • Ուռուցքներ
  • Քթի միջնապատի թեքվածություն
 

Ընդհանուր պատճառներ.

 

  • Լեյկոզներ, կոագուլոպաթիաներ, թրոմբոցիտների, մակարդելիության գործոնների բնածին կամ ձեռքբերովի պակաս
  • Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ. զարկերակային հիպերտենզիա
  • Էնդոկրին ախտաբանություն–շաքարային դիաբետ, հիպոֆիզի, մակերիկամի ուռուցք, վահանագեղձի հիվանդություններ: Հիպերգլիկեմիան բերում է անոթների փխրունության
  • Սուր ինֆեկցիոն վիճակ բարձր ջերմությամբ և ինտոքսիկացիայով
  • Աուտոիմուն ախտաբանություն. վասկուլիտներ
  • Թոքերի տուբերկուլոզ
  • Ուռուցքներ, քրոնիկ ինտոքսիկացիա
  • Անտիկոագուլյանտների, ասպիրինի և այլ որոշ դեղերի ընդունում
 

Ախտորոշում

 

  • Առաջային և հետին րինոսկոպիա
  • Խորքային զննման համար՝ քթի խոռոչի էնդոսկոպիա
  • Արյան, մեզի ընդհանուր հետազոտություն, արյան բիոքիմիա
  • Ուռուցքի կասկածի դեպքում՝ բիոպսիա
  • Ցուցումների դեպքում թերապևտի, էնդոկրինոլոգի խորհրդատվություն
 

Բուժումը


Քթային արյունահոսության ժամանակ պետք է սեղմել քթի այն մասը, որտեղից արյան հոսք կա. դրա համար օգտագործում են ջրածնի պերօքսիդի 3 տոկոսանոց լուծույթով թրջված խծուծ՝ տամպոն: Կարելի է այդ շրջանում որևէ սառնություն դնել քթին:

 

Եթե այդ ամենը չի օգնում, բժիշկն իրականացնում է առաջային կամ հետին տամպոնադա: Ծանր դեպքերում կատարվում է վիրահատություն, կապվում են քթի խոշոր անոթները:


Արդյունավետ միջոցներ են նաև.

 

  • Քթի խոռոչի արյունահոսող շրջանի կրիոազդեցությունը
  • Վնասված անոթների լազերային կոագուլացիան
 

Սովորաբար արյունահոսում են քթի միջնապատի առաջային և ստորին շրջանները, որտեղ մոտ է անոթային խուրձը /Կիսելբախի զոննա/: Կարող են արյունահոսել նաև ոչ մեծ հեմանգիոմաները:

 

Անհրաժեշտության դեպքում նշանակվում է դեղորայքային բուժում.

 

  • Արյան մակարդելիությունը բարձրացնող
  • Քթի անոթների սպազմ առաջացնող
  • Անոթների պատերի առաձգականությունը և ամրությունը կարգավորող
  • Զարկերակայի ճնշումը կարգավորող
 

Արմատական բուժման համար անհրաժեշտ է.

 

  • Քչացնել ատրոֆիկ գործընթացը — լորձաթաղանթին քսվում են յուղային լուծույթներ:
  • Օտար մարմնի հեռացում — չպետք է փորձել օտար մարմինը հեռացնել ինքնուրույն,
  • որովհետև այն կարող է ավելի խորանալ. անպայման պետք է դիմել մասնագետի
  • Բուժել քթի քրոնիկ հիվանդությունները — ուղղել թեքված միջնապատը, հեռացնել ուռուցքը և այլն։


Եթե զարգացել է անեմիա, անհրաժեշտ է սննդակարգով և դեղորայքով կարգավորել արյան երկաթի մակարդակը, կարգավորել զարկերակային ճնշումը /ԶՃ/, էնդոկրին ախտաբանության դեպքում նշանակել հորմոնալ բուժում: Եթե առկա է ճիճվակրություն՝ իրականացնել ճիճվաթափում:


Կանխարգելում

 

  • Հաճախ լինել մաքուր օդում, խուսափել չոր օդից
  • Բուժել քթի հիվանդությունները
  • Հրաժարվել ծխելուց և ալկոհոլի չարաշահումից
  • Փոշու, վնասակար նյութերի հետ աշխատելիս օգտագործել ռեսպիրատոր
  • Վարել ակտիվ կյանք
  • Վերահսկել շաքարի քանակն արյան մեջ, ԶՃ-ը, մարմնի ջերմաստիճանը:
  • Քթի չորության դեպքում այն խոնավացնել
  • Կտրել երեխաների եղունգները, նրանց հեռու պահել մանր առարկաներից։
21.02.2023