Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Ցավոտ միզապարկի համախտանիշ

Ցավոտ միզապարկի համախտանիշը կամ ինտերստիցիալ ցիստիտը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ բուժառուներն ունենում են ցավ միզապարկի, փոքր կոնքի շրջանում միզելու հաճախացած, ուժեղ ցանկություն /ուրգենտություն/, գիշերային միզարձակում: Ինտերստիցիալ ցիստիտը հաճախ դիտվում է կանանց մոտ և նշանակալիորեն իջեցնում է կյանքի որակը:
Ինտերստիցիալ ցիստիտի ախտանշանները
- Ցավ փոքր կոնքում կամ հեշտոցի և հետանցքի միջև՝ կանանց մոտ, ամորձիների և հետանցքի միջև՝ տղամարդկանց մոտ:
- Քրոնիկ կոնքային ցավ
- Միզելու մշտական, անզուսպ ցանկություն
- Հաճախացած միզարձակում մեզի փոքր քանակով
- Գիշերային միզարձակում
- Ցավ և տհաճ զգացողություն լիքը միզապարկի դեպքում: Միզապարկի դատարկումը հաճախ թեթևացում է բերում
- Ցավ սեռական հարաբերության ժամանակ
Ախտորոշումը
- Անամնեզ, միզարձակման օրագրի վարում /խմած հեղուկների քանակը, միզարձակումների նկարագրությունը 2-3 օր/:
- Գինեկոլոգիական զննում
- Մեզի հետազոտություն
- Կալիումի լուծույթով զգայունության թեստ. միզապարկի մեջ հերթականությամբ ներմուծվում են ջուր և կալիումի լուծույթ: Գրանցվում է բուժառուի զգացած ցավը և միզելու ցանկությունը: Եթե ցավը լինում է կալիումի լուծույթի ներմուծումից, դա ինտերստիցիալ ցիստիտի նշան է: Առողջ մարդկանց մոտ երկու դեպքում էլ որևէ ռեակցիա չի լինում:
- Ցիստոսկոպիա – ցիստոսկոպով հետազոտվում է միզապարկը, որը տեղային կամ ընդհանուր անզգայացման պայմաններում մտցվում է միզապարկ:
- Միզապարկի բիոպսիա – ցիստոսկոպիայի ժամանակ հիստոլոգիական հետազոտման համար վերցվում է հյուսվածքի նմուշ:
Բուժումը
Բուժումը համակարգային է․ երբեմն պահանջվում է երկար ժամանակ բուժառուի համար բուժման համակարգ ընտրելու:
Եթե միզապարկի ցավը կոնքի օրգանների սպազմի հետևանք է, կարող է օգնել ֆիզիոթերապիան:
Դեղորայքային բուժման ժամանակ նշանակվում են ոչստերոիդային հակաբորբոքիչներ /իբուպրոֆեն և այլն/, տրիցիկլիկ հակադեպրեսանտներ /ամիտրիպտիլին, իմիպրամին/, հակահիստամինային դեղեր /կլարիտին/, նշանակվում է նաև պենտոսան պոլիսուլֆատ /Էլմիրոն/:
Օգնում է նաև նեյրոստիմուլացիան. Էլեկտրական իմպուլսները բարելավում են միզապարկի արյան շրջանառությունը: Արվում է նաև սակրալ նեյրոմոդուլացիա:
Միզապարկի ինստիլյացիայի ժամանակ դեղորայքը ներմուծվում է անմիջապես միզապարկ:
Վիրահատական բուժում
Վիրահատական միջամտությունն իրականացվում է հազվադեպ: Այն ցուցված է այն բուժառուներին, որոնց չի օգնում կոնսերվատիվ (ոչ վիրահատական մեթոդներով) բուժումը:
Վիրահատական մեթոդներն են.
- Խոցային ցիստիտի ժամանակ խոցերի լազերային կոագուլացիա կամ էլեկտրոկոագուլացիա
- Միզապարկի խոցի հեռացում
- Միզապարկի աուգմենտացիոն պլաստիկա: Նրա հյուսվածքի մի մասի փոխարինում աղու հյուսվածքով: Բայց արդյունքը միշտ չէ, որ գոհացուցիչ է լինում: