Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Հաճախասրտություն
Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/:
Այն ախտանշան է, որը լինում է ֆիզիկական, հոգեբանական լարվածության կամ որևէ հիվանդության ժամանակ և՛ առողջ, և՛ հիվանդ մարդկանց մոտ:
Պատճառները
- Անսովոր կամ բարձր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը,
- Ուժեղ սթրեսը,
- Բարձր ջերմաստիճանը, տոթը,
- Սուրճի կամ այլ էներգետիկ ըմպելիքների չարաշահումը,
- Դիրքի կտրուկ փոփոխությունը:
Այս բոլոր դեպքերում վիճակն արագ կարգավորվում է, և բուժառուն իրեն առանձնապես վատ չի զգում:
Այլ բան է, երբ հաճախասրտության պատճառը լուրջ հիվանդությունն է.
- Զարկերակային հիպերտենզիան
- Սրտի արատը
- Կարդիոսկլերոզը
- Սրտամկանի ինֆարկտը
- Տենդը վարակի ֆոնի վրա
- Գլխուղեղի որոշ ախտաբանություններ
Հաճախասրտության ախտանշանները․
- Սրտում ռիթմի ընդհատումները, երբ ֆիզիկապես զգացվում է, որ ասես սիրտը ներս է ընկնում,
- Հևոց սովորական իրավիճակներում, օրինակ, թեթև ֆիզիկական աշխատանքից,
- Ցավի առկայությունը,
- Ուշագնացությունը, դրան մոտ վիճակը կամ գլխապտույտը:
Առիթմիան լինում է թեթև և կարճատև, բայց կարող է նաև տևել երկար:
Հաճախասրտության վտանգավորությունը
Առողջ մարդու մոտ այն վտանգավոր չէ, իսկ հիվանդների մոտ կարող է շատ վտանգավոր լինել:
Այն հղի է բարդություններով.
- Սրտային անբավարարության զարգացում,
- Գիտակցության կորուստ,
- Թրոմբների առաջացման վտանգի բարձրացում,
- Սրտային նոպաներ,
- Ինսուլտի զարգացում։
Երբեմն հաճախասրտությունը դիտվում է դեռահասների մոտ, երբ օրգանիզմի աճը խիստ ակտիվ է, բայց ոչ բոլոր օրգան-համակարգերն են հասցնում այդ տեմպին: Սովորաբար դա ժամանակի ընթացքում անցնում է:
Ախտորոշումը
Անհրաժեշտ է դիմել սրտաբանի, առիթմոլոգի, որոնք անհրաժեշտության դեպքում կուղարկեն համապատասխան մասնագետների մոտ:
Անամնեզի հավաքումից հետո կատարվում են մի քանի հետազոտություններ՝ էլեկտրասրտագրություն /ԷՍԳ/, ԷՍԳ ըստ Հոլտերի, էխոսրտագրություն, էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտություններ, որոնք նշանակվում են միայն կոնկրետ հիվանդությունների դեպքում:
Իրականացվում են նաև օրգանիզմի ընդհանուր վիճակի հետազոտություններ: Երբեմն արվում են նաև հորմոնալ, ՄՌՏ և այլ հետազոտություններ:
Մոտեցումներն անհատական են։
Բուժումը
Բուժումը բաժանվում է երկու մասի՝ դեղորայքային և վիրահատական:
Դեղերից առաջին հերթին օգտագործվում են սրտի ռիթմը կարգավորող դեղեր, որոնք պետք է ընդունել բացառապես բժշկի նշանակմամբ: Նշանակվում են նաև հանգստացնող դեղամիջոցներ՝ դեղորայքային կամ բուսական: Դրանք դրական ազդեցություն են ունենում, եթե պատճառը սթրեսն է:
Բուժման առանցքային մեթոդը վիրահատականն է. տվյալ խնդրից կախված առաջարկվում է ռադիոհաճախական կաթետերային աբլացիա, արհեստական կարդիոստիմուլյատոր, որոշակի գեղձի կամ նրա հատվածի հեռացում: Այս միջոցներն օգտագործվում են, եթե առկա են սրտի կառուցվածքա-գործառույթային փոփոխություններ կամ հորմոնալ խանգարումներ:
Եթե առիթմիայի պատճառ են հանդիսանում որոշ հիվանդություները /անեմիա, լեյկեմիա և այլն/, ապա բուժումն ուղղված է հիմնական հիվանդության դեմ:
Առաջին օգնությունը տան պայմաններում։
Առիթմիայի դեպքում պետք է հիվանդին ապահովել լիարժեք հանգիստ, բացել պատուհանները, տալ թույլ հանգստացնող միջոցներ:
Օգնում է նաև շնչառության վերահսկումը՝ խորը ներշնչել, պահել շնչառությունը, ապա դանդաղ արտաշնչել:
Ճակատին կամ դեմքին կարելի է դնել սառը թրջոց կամ պարզապես լվանալ սառը ջրով: Երբեմն այս միջոցառումները բավական են լինում սրտի ռիթմը կարգավորելու համար: Եթե վիճակը չի կարգավորվում, անհրաժեշտ է շտապօգնություն կանչել:
Կանխարգելումը
Անհրաժեշտ է վարել առողջ ապրելակերպ.
- ճիշտ սնվել, բացառել ճարպոտ, քաղցր, դժվարամարս սնունդը,
- վերահսկել վիտամինների և հանքային աղերի քանակն օրգանիզմում,
- ակտիվ կյանք վարել, մարզվել,
- խուսափել հոգեբանական լարվածությունից։