«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Հակաքովիդային մթերքներ

Հակաքովիդային մթերքներ

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում քովիդով հիվանդների վրա:

 

Բուժառուի սնունդը պետք է լինի բազմազան՝ հարուստ կենդանական և բուսական բնական մթերքներով:

 

Հարկ է օրգանիզմն ապահովել բավարար քանակի լիարժեք սպիտակուցով: Սպիտակուցն անհրաժեշտ է որպես անփոխարինելի նյութ բջջաթաղանթների վերականգնման, հորմոնների և ֆերմենտների արտադրության համար: Ժամանակին ստացված սպիտակուցն օգնում է օրգանիզմին անհրաժեշտ պաշտպանություն իրականացնել:

 

Ճարպերն իրականացնում են հակաբորբոքային գործընթաց և արգելակում են վիրուսի տարածումը: Բայց ճարպերի ամենամեծ դերը շնչառական համակարգին օգնելն է: Թոքային հյուսվածքի ալվեոլները պատված են սուրֆակտանտով, որի 90 տոկոսը կազմում են ճարպերը: Սուրֆակտանտի որակից է կախված թոքային հյուսվածքի վիճակը և նորմալ գազափոխանակությունը:

 

Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով սննդի մեջ անհրաժեշտ է ներառել չհագեցած ճարպաթթուներ` հատկապես օմեգա-3 խմբի: Այդ ճարպաթթուների մեծ քանակ պարունակում են ձկան, կտավատի և այլ չզտված բուսայուղերը:

 

Ձիթայուղը պարունակում է ոչ պակաս կարևոր օմեգա-9 ճարպաթթուներ: Օգտակար են նաև կենդանական ճարպերը (խոզի ճարպ և այլն):

 

Վիտամին A-ն իմուն համակարգին օգնում է արտադրել միկրոբներ և վիրուսներ ոչնչացնող բջիջներ: Վիտամին E-ն համարվում է հզոր հակաօքսիդանտ:  Այս երկու վիտամիններով հարուստ են ընկուզեղենը, ձվի դեղնուցը, ավոկադոն:

 

Սննդի մեջ պետք է լինի մեծ քանակությամբ թարմ բանջարեղեն: Կարմիր մրգերը և բանջարեղենը հարուստ են կերատոնիդներով, որոնք համարվում են բնական հակաօքսիդանտներ:

 

Թարմ բանջարեղենում առկա բջջանքը, վիտամինները, հանքային նյութերը, ֆերմենտները և ֆիտոնցիտները (բնական հակաբիոտիկներ) նպաստում են աղիների մաքրմանը և դետոքսիկացիային:

 

Անհրաժեշտ է նաև խմել մեծ քանակությամբ (օրական 2 լիտր) սովորական, չգազավորված ջուր: Ջրի օգնությամբ օգտակար նյութերը հասնում են բջիջներին, այն նաև օժանդակում օրգանիզմից թունավոր նյութերի հեռացմանը:

08.08.2022