«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Հիպերկալիեմիա

Հիպերկալիեմիա

Կալիեմիան արյան մեջ կալիումի պարունակության ցուցանիշն է: Սովորաբար, այն տատանվում է 3,6 -5 մմոլ/լ սահմաններում:

 

Երիկամների հիվանդությունները և որոշ դեղերի կիրառումը կարող են պատճառ դառնալ արյան շիճուկում կալիումի նորմայից քանակի բարձրացման: Դա կոչվում է հիպերկալիեմիա:

 

Կալիումը մասնակցում է երիկամների գործառույթներին, նյարդային գրգիռների փոխանցման, մկանների կծկման գործընթացներին:

 

Հաճախ հիպերկալիեմիան դիտվում է երիկամների ֆունկցիայի խանգարման ժամանակ՝ կալիումի շատ օգտագործման արդյունքում: Երիկամների հիվանդությունները, որոնց ժամանակ վատանում է երիկամներով օրգանիզմի թափոնների հեռացումը, համարվում է հիպերկալիեմիայի ամենահաճախ հանդիպող պատճառը: Իսկ առողջ երիկամները կարող են պահպանել կալիումի նորմալ քանակը նույնիսկ նրա շատ օգտագործման դեպքում:

 

Հիպերկալիեմիա կարող է ի հայտ գալ կալիումով հարուստ սնունդ օգտագործելու արդյունքում: Կալիումով հարուստ են նարինջը, բանանը, սեխը, ծիրանը, դեղձը, կարտոֆիլը, ընկուզեղենը, լոբազգիները, շոկոլադը:

 

Կալիումի քանակի պակասի՝ հիպոկալիեմիայի, պատճառ կարող են դառնալ դիուրետիկների կիրառումը, որոնք, սովորաբար, օգտագործվում են սրտային անբավարարության ժամանակ: Այդ է պատճառը, որ սրտային անբավարարությամբ հիվանդները երբեմն ընդունում են կալիում` հավելումների տեսքով: Սակայն երիկամների վատ աշխատանքի ժամանակ կալիումի հավելումները նույնպես կարող են հիպերկալիեմիայի պատճառ դառնալ:

 

Հաճախ հիպերկալիեմիայի պատճառ են սրտային անբավարարության և հիպերտոնիայի բուժման ժամանակ նշանակվող պատրաստուկները, ինչպես նաև հաճախ օգտագործվող ցավազրկողները՝ ոչ ստերոիդային հակաբորբոքիչները:

 

Հիպերկալիեմիան պարբերաբար կարող է ի հայտ գալ որոշ նախատրամադրող գործոնների առկայության ժամանակ, ինչպիսիք են՝ երիկամների քրոնիկ հիվանդությունները, սրտային անբավարարությունը: Այդ պատճառով նման հիվանդների մոտ կալիումի պարունակությունը պետք է վերահսկել:

 

Թեթև կամ միջին աստիճանի հիպերկալիեմիան՝ մինչև 6,5 մմոլ/լ, կարող է չառաջացնել ախտանշաններ, բայց հնարավոր է սրտի ռիթմի խանգարման լուրջ վտանգ լինել: Ծանր հիպերկալիեմիան՝ 6,5 մմոլ/լիտրից բարձր, արդեն վտանգ է կյանքի համար և պահանջում է անհետաձգելի օգնություն և բուժում: Հիպերկալիեմիայի հետևանքները կախված են նաև այլ գործոններից՝ սրտի հիվանդություններից, կամ արյան մեջ այլ էլեկտրոլիտների (կալցիում, մագնեզիում) հավասարակշռության խանգարումից, որոնք կարող են բարձրացնել սրտային առիթմիաների զարգացման վտանգը:

 

Հիպերկալիեմիան հնարավոր է կանխարգելել արյան ցուցանիշների հաճախակի հսկողությամբ, կալիումի մեծ քանակ պարունակող մթերքների բացառմամբ և կալիումի բարձր քանակին նպաստող դեղորայքի ճիշտ դոզավորմամբ, կամ դրանցից հրաժարումով:

 

Հիպերկալիեմիայի բուժման համար կարևոր է հաշվի առնել նրա ծանրության աստիճանը: Ծանր դեպքերում անհրաժեշտ է անհետաձգելի օգնություն ցուցաբերել հիվանդանոցային պայմաններում (կալիումի մակարդակի արագ իջեցման համար` ներերակային ներարկումներ, այլ միջոցառումներ և բարդությունների վերահսկում): Երբեմն հարկ է լինում կալիումն արյան միջից արագ հեռացնել հեմոդիալիզի օգնությամբ: Սովորաբար, դա անհրաժեշտ է երիկամների ֆունկցիայի անբավարարություն ունեցող հիվանդներին:

 

Երկարատև բուժումը ներառում է հիպերկալիեմիային նպաստող գործոնների բացառումը (կալիում պարունակող մթերք, կալիումի քանակը բարձրացնող դեղեր և այլն), կալիումը օրգանիզմից հեռացնող դեղերի նշանակումը:

 

Սրտային անբավարությամբ հիվանդներին, որոնք չեն կարող հրաժարվել իրենց անհրաժեշտ դեղերից, երբեմն նշանակվում են պատրաստուկներ, որոնք ուժեղացնում են ստամոքսաղիքային համակարգով կալիումի հեռացումը:  

30.06.2022