«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Վեգետաանոթային դիստոնիա

Վեգետաանոթային դիստոնիա

Վեգետաանոթային դիստոնիան  (ՎԱԴ) տարբեր գործոնների ազդեցության արդյունքում զարգացած համախտանիշ է: Այն բնորոշվում էսիրտ-անոթային համակարգի վեգետատիվ դիսֆունկցիայով, ներքին օրգանների գործունեության տարբեր խանգարումներով:

 

Նույնիսկ առողջ մարդկանց մոտ լինում են շրջաններ, երբ դիտվում է անքնություն, թուլություն, գրգռվածություն, արագ հոգնելիություն:  Եթե դրանց պատճառը ավիտամինոզը  (վիտամինային քաղց) և գերհոգնածությունն են, ապա հանգստի, վիտամինների ընդունման արդյունքում երևույթներն անցնում են: Սակայն դրանք կարող են լինել նաև վեգետաանոթային դիստոնիայի նշաններ:

 

Վեգետաանոթային դիստոնիան լուրջ խանգարում է, որից, առաջին հերթին, տուժում է վեգետատիվ նյարդային համակարգը, որը վերահսկում է արյան ճնշումը, շնչուղիների աշխատանքը, հորմոնների արտադրությունը, միզասեռական համակարգի ակտիվությունը, կյանքի նորմալ ռիթմը:

 

Հաճախ այն դիտվում է 7-8 տարեկան դպրոցականների, դեռահասների մոտ, ընդ որում, աղջիկների մոտ արտահայտվում է առավել հաճախ:

 

Պատճառները

 

Փոքր տարիքի երեխաների մոտ պատճառը պերինատալ շրջանի ախտաբանություններն են  (ներարգանդային հիպօքսիա), ծննդաբերական վնասվածքները և այլն: Վեգետատիվ դիսֆունկցիան այդ երեխաների մոտ արտահայտվում է մարսողական խանգարումներով (մեթեորիզմ, անկայուն կղանք, վատ ախորժակ), հուզական անհավասարակշիռ վիճակով, մրսածական հիվանդությունների հանդեպ հակվածությամբ:
 

Սեռական հասունացման շրջանում ՎԱԴ-ն արտահայտվում է սրտի շրջանի ցավերով, սրտխփոցով, արյան ճնշման տատանումներով,  անհավասարակշիռ պահվածքով, վատ հիշողությամբ, կենտրոնացման թուլացմամբ, տագնապայնությամբ:

 

Մեծահասակների մոտ ՎԱԴ-ն ավելի է խորանում՝ կապված առկա քրոնիկ հիվանդությունների, ընկճախտի, սթրեսների, գլխի, ողնաշարի վնասվածքների, էնդոկրին հիվանդությունների, հորմոնալ փոփոխությունների հետ (հղիություն, կլիմաքս):

 

Ախտանշանները

 

  • Գլխացավ,
  • Գլխապտույտ,
  • թուլություն,
  • քրտնարտադրություն,
  • ուշագնացություններ,
  • աղմուկ` ականջներում,
  • քնկոտություն,
  • հուզական կտրուկ անկումներ,
  • տագնապային գրոհներ,
  • կպչուն վիճակներ,
  • տագնապայնություն,
  • սրտխփոց,
  • մարմնի ջերմաստիճանի տատանումներ:

 

Սրտի կողմից լինում են նաև արտահայտված ցավ, ռիթմի խանգարումներ և այլ սրտային գանգատներ: Դիտվում է նաև մեթեոկախյալություն, փորկապություն կամ լուծ և փսխում:

 

Ախտորոշումը

 

Ախտանշանների բազմազանությունը մի կողմից դժվարացնում է ախտորոշումը, մյուս կողմից ենթադրում է ՎԱԴ-ի առկայությունը:

 

Իրականացվում են մի շարք հետազոտություններ՝ էլեկտրաէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ), սրտի էխոսրտագրություն՝  (ԷխոՍԳ), էլեկտրասրտագրություն (ԷՍԳ): Եթե ժխտվում են օրգանական հիվանդությունները, ախտորոշվում է ՎԱԴ:

 

Բուժումը

 

Անհրաժեշտ է, նախ, կարգավորել օրվա հանգստի, քնի (ոչ պակաս 8-9 ժամ) ռեժիմը, մարզվել, կոփել մարմինը՝ աերոբիկա, լող, վազք զբոսանք, կոնտրաստ ցնցուղ:

 

Հակացուցումների բացակայության դեպքում հարկ է իրականացնել գլխի, պարանոցի, ողնաշարի մերսումներ:

 

Սնունդը պետք է լինի առողջ՝ սպիտակուցների, վիտամինների և հանքանյութերի անհրաժեշտ քանակով:

 

Երբեմն նշանակվում է նաև դեղորայքային բուժում.

 

  • հիպոտենզիվ պատրաստուկներ,
  • բետա պաշարիչներ (հաճախասրտության ժամանակ),
  • ստերոիդներ,
  • հակաօքսիդանտներ (բջիջների քայքայումը կանխող պատրաստուկներ),
  • արյան շրջանառությունը կարգավորող դեղեր,
  • հակատագնապային դեղեր,
  • հակադեպրեսանտներ:

 

Տագնապայնության և հոգեկան խանգարումների դեպքում անհրաժեշտ է դիմել հոգեթերապևտի խորհրդատվության:

29.04.2022