«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Անզուսպ փսխումներ

Անզուսպ փսխումներ

Փսխումը ստամոքսի, երբեմն նաև տասներկումատնյա աղու պարունակության արտամղումն է բերանով: Դա օրգանիզմի կարևոր պաշտպանական մեխանիզմներից է:

 

Փսխումները կարող են դիտվել ոչ հաճախ կամ միանվագ: Օրինակ, սննդային, ալկոհոլային թունավորումների, թունավոր հղիության ժամանակ: Բայց կարող են լինել նաև անզուսպ, պարբերաբար կրկնվող փսխումներ: Այդ դեպքում փսխումը կարող է որևէ լուրջ հիվանդության ախտանշան լինել:

 

Փսխման պատճառի ախտորոշման համար կարևոր է փսխման զանգվածի տեսքը և բնույթը: Այն կարող է լինել.

 

  • անսովոր հոտով,
  • արյան հետքերով՝ անգամ մինչև սև գույնի,
  • չմարսված սննդով,
  • լեղու առկայությամբ,
  • թարախի առկայությամբ:

 

Պետք է պարզել նաև փսխումն ուղեկցող այլ ախտանշանների առկայությունը՝ ցավ, դիարեա, բարձր ջերմություն և այլն:

 

Թունավորումից բացի, փսխման պատճառ կարող է լինել տարբեր հիվանդությունների ժամանակ առաջացած ինտոքսիկացիան:

 

Ստամոքս-աղիքային հիվանդություններ

 

Դիսկինեզիաներ, գաստրիտ, ստամոքսի խոց, ուռուցք, տասներկումատնյա աղու խնդիրներ՝ խոց, դուոդենիտ, ուռուցքներ, ստամոքս-կերակրափողային ռեֆլյուքս, ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ՝ պանկրեատիտ, լեղապարկի ախտաբանություններ՝ խոլեցիստիտ, լեղաքարային հիվանդություն և այլն:

 

Փսխում կարող է լինել նաև որովայնի խոռոչի սուր խնդիրների ժամանակ՝ ապենդիցիտ, սուր խոլեցիստիտ, պերիտոնիտ:

 

Շատ վարակներ ևս ուղեկցվում են ջերմությամբ ու փսխումով: Հաճախ դա դիտվում է երեխաների մոտ: Դրանցից է ռոտավիրուսը, որը հաճախ անվանում են նաև աղիքային գրիպ: Փսխում լինում է նաև վիրուսային հեպատիտի, քութեշի, սննդային թունավորումների ժամանակ:

 

Երիկամների հիվանդություններ

 

Երիկամների ախտահարման ժամանակ (միզաքարային հիվանդություն, քրոնիկ երիկամային անբավարարություն և այլն) օրգանիզմում կուտակվում են թունավոր նյութեր։ Այդ պատճառով դրանք կարող են արտահայտվել նաև փսխումով:

 

Էնդոկրին հիվանդություններ

 

Շաքարային դիաբետի ժամանակ դիտվող փսխումը վկայում է կետոացիդոզի մասին, որը վտանգավոր վիճակ է և կարող է անգամ կոմայի պատճառ դառնալ:

 

Կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) հիվանդություններ

 

Հաճախակի փսխումները կարող են ԿՆՀ տարբեր հիվանդությունների (գլխուղեղի ցնցում, միգրեն, արյան շրջանառության խանգարում, մենինգիտ, էնցեֆալիտ, ուռուցքներ) ախտանշան լինել: Նման դեպքերում փսխումը թեթևություն չի առաջացնում:

 

Սիրտ-անոթային հիվանդություններ

 

Արյան ճնշման կտրուկ բարձրացման, հիպերտոնիկ կրիզի ժամանակ լինում են սրտխառնոց և փսխում, որոնք ուղեկցվում են գլխապտույտով և գլխացավով: Այս դեպքում նույնպես փսխումը չի հանգստացնում:

 

Ներքին ականջի հիվանդություններ

 

Ներքին ականջի ախտաբանությունը /(Մենյերի հիվանդություն, լաբիրինթիտի ախտահարում) նույնպես ուղեկցվում է թեթևություն չբերող փսխումով, լինում են նաև գլխապտույտ և լսողության վատացում:  

 

Փսիխոգեն հիվանդություններ

 

Փսխում լինում է նաև խիստ արտահայտված տագնապային վիճակների, փսիխոզների ժամանակ:

 

Երբեմն դեղորայքային բուժման որոշ կուրսերի ժամանակ նույնպես լինում է արտահայտված փսխում` ճառագայթային բուժման և քիմիաթերապիայի ժամանակ, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր, հակաբիոտիկներ օգտագործելիս և այլն:

 

Փսխման ախտորոշման համար անհրաժեշտ է դիմել բժշկի։ Զննման արդյունքում բժիշկը բուժառուին կուղղորդի համապատասխան մասնագետի և հետազոտությունների:

 

Փսխումների բուժման համար, նախ, անհրաժեշտ է բուժել այն առաջացրած հիվանդությունը:


01.04.2022