«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Վիտամին Ա՝ իմունիտետը և տեսողությունը պաշտպանված են

Վիտամին Ա՝ իմունիտետը և տեսողությունը պաշտպանված են

Վիտամին Ա-ն միկրոնուտրիենտ է, առանց որի անհնար է իմունային, վերարտադրողական համակարգերի, տեսողական օրգանների և անգամ գեների ակտիվության նորմալ գործունեությունը: Այն նաև պատասխանատու է մաշկի առողջության, առաձգականության համար:

 

Մարդուն օրական անհրաժեշտ է 700-900 մգ վիտամին Ա (ռետինոլ): Եթե ռետինոլի պարունակությունն օրգանիզմում նորմալ է՝ մաշկին պիգմենտային բծերի, ակնեի, պզուկների, չորության, թուլության արտահայտությունները նվազագույն են:

 

Վիտամին Ա-ի գործառույթները.

 

  • մասնակցում է շարակցական հյուսվածքի, աճառների, ոսկրերի և հիալուրոնաթթվի առաջացմանը,
  • անհրաժեշտ է առողջ նյութափոխանակության համար,
  • մասնակցում է լիարժեք և համապատասխան իմունային ռեակցիայի ձևավորմանը,
  • ապահովում է սեռական հորմոնների նորմալ սինթեզը,
  • մասնակցում է օրգանիզմում ինտերֆերոնի և իմունոգլոբուլին Ա-ի արտադրությանը, այսինքն, պատասխանատու է իմունային համակարգի գործունեության համար,
  • կարևոր է տեսողության պահպանման համար:

 

Վիտամի Ա-ի անբավարարության պատճառները.

 

  • սննդի մեջ բանջարեղենի և մրգերի պակասը, որոնք բետա կարոտինի աղբյուր են, իսկ վիտամին Ա-ն օրգանիզմում առաջանում է բետա կարոտինից,
  • սննդի հետ ճարպերի քիչ օգտագործումը (ռետինոլը ճարպալույծ վիտամին է, որը յուրացվում է միայն ճարպային կոմպլեքսում),
  • վնասակար սովորությունները (ծխելը և ալկոհոլի հաճախակի օգտագործումը),
  • հակաբիոտիկներով բուժումը:

 

Վիտամին Ա-ի պակասի հետևանքով առաջանում է.

 

  • տեսողության վատացում, ընդ որում, առաջին ախտանշանը «հավկուրությունն» է, այսինքն, մթության մեջ տեսողության վատացումը,
  • իմունային համակարգի խանգարումներ (ռետինոլի պակասի արդյունքում բարձրանում է վիրուսների և մանրէների նկատմամբ ընկալունակությունը),
  • երեխաների մոտ աճի և ոսկրերի ձևավորման խանգարումներ:

 

Վիտամին Ա պարունակող մթերքներ.

 

բուսական.

 

  • կանաչ և դեղին բանջարեղեն (գազար, դդում, քաղցր պղպեղ, բրոկոլի, կանաչ սոխ, կանաչեղեն),
  • լոբազգիներ,
  • մասուր
  • չիչխան,


Կենդանական.

 

  • ձկան յուղ,
  • լյարդ,
  • ձկնկիթ,
  • կաթ,
  • կարագ,
  • մարգարին,
  • թթվասեր,
  • կաթնաշոռ,
  • պանիր,
  • ձվի դեղնուց:

 

Եվ, քանի որ, ռետինոլը յուրացվում է միայն ճարպային կոմպլեքսներում, այդ պատճառով պետք է օգտագործել նաև անհրաժեշտ քանակով բուսայուղ, թթվասեր կամ յոգուրտ:

07.01.2022