«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Հիպերակտիվ միզապարկ

Հիպերակտիվ միզապարկ

Հիվանդությունը բնորոշվում է միզարձակության վերահսկողության կորստով, և կարող է արտահայտվել հաճախամիզությամբ կամ անմիզապահությամբ:

 

Հիվանդությունը զարգանալիս խանգարվում է կապը միզապարկի դետրուզոր հարթ մկանների և կենտրոնական նյարդային համակարգի միջև: Արդյունքում առաջանում է միզապարկի մշտապես լցվածության զգացողություն: Այս խնդիրն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ, թեև դրանով տառապում են նաև տղամարդիկ:

 

Տարիքի հետ հիպերակտիվ միզապարկի վտանգն աճում է: Շատերի մոտ Ալցհեյմերի հիվանդության ժամանակ կամ կաթվածից հետո նույնպես դիտվում է հիպերակտիվ միզապարկ:

 

Երբեմն այս հիվանդությամբ ռտառապողներին ուղեկցում են նաև աղիների հետ կապված խնդիրներ:

 

Պատճառները

 

Միզապարկի հիպերակտիվության ժամանակ մկանները սկսում են ակամա կծկվել նույնիսկ այն ժամանակ, երբ մեզի պարունակությունը միզապարկում աննշան է:

 

Այս վիճակին կարող են նպաստել նաև մի շարք հիվանդություններ.

 

•    նյարդաբանական խանգարումներ՝ կաթված, ցրված սկլերոզ,
•    շաքարային դիաբետ,
•    դեղերի ընդունում, որոնք մեծացնում են մեզի արտադրությունը կամ պահանջում են, որ դեղն ընդունվի մեծ քանակի հեղուկների հետ,
•    միզային ուղիների վարակներ, որոնք կարող են առաջացնել նույն ախտանշանները,
•    միզապարկի ախտաբանություն, ինչպիսիք են, օրինակ, միզապարկի ուռուցքները կամ քարերը,
•    ալկոհոլի կամ կոֆեինի չարաշահում,
•    ծերության հետ կապված կոգնիտիվ գործառույթի նվազում,
•    դժվարացած քայլք, որը կարող է բերել զուգարան գնալու դժվարացում` հանկարծակի միզարձակման ժամանակ:

 

Ախտանշանները
Հիվանդությանը բնորոշ է միզարձակման մշտական ցանկությունը, կամ` երբեմն այդ գործունեության վերահսկման կորուստ, որը հանգեցնում է անմիզապահության: Ուղեկցող ախտանշաններ են անհարմարավետությունը և ցավը որովայնի ստորին մասում, փքվածությունը, զուգարան գնալիս` թեթև այրոցը:

 

Եթե կան հետևյալ գանգատները, ամենայն հավանակությամբ, առկա է հիպերակտիվ միզապարկ.

 

•    միզարձակման հանկարծակի ցանկություն, որը դժվար է վերահսկել,
•    անմիզապահություն,
•    հաճախակի միզարձակում (8 և ավելի անգամ 24 ժամվա ընթացքում),
•    գիշերային միզարձակում` 2 և ավելի անգամ:

 

Բուժումը

 

Բժիշկները տարբեր մոտեցումներ ունեն.

 

•    դեղորայքային,
•    ֆիզիոթերապևտիկ,
•    լազերային միջոցառումներ,
•    վիրահատական միջամտություն:

 

Շատ բան կախված է պատճառից, հիվանդության շրջանից և զուգահեռ խնդիրներից:

 

Ժամանակին խնդիրը չկարգավորելու դեպքում կարող են զարգանալ դեպրեսիա, անքնություն, անհանգստություն և այլն:


20.09.2021