«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Խորանիստ երակների թրոմբոզ

Խորանիստ երակների թրոմբոզ

Զարկերակները սրտից դեպի մարմնի հյուսվածքներ են տանում թթվածնով հարուստ արյունը, իսկ երակները սիրտ են վերադարձնում թթվածնից աղքատ արյունը: Երակները լինում են մակերեսային, որոնք մաշկին շատ մոտ են, խորանիստ՝ մկանների շուրջ, և պերֆորանտ (հաղորդակցական) երակներ, որոնք միակողմանի փականներով կապում են խորանիստ և մակերեսային երակները:

 

Խորանիստ երակները թափվում են ստորին սիներակ, որն, իր հերթին, միանում է սրտին: Խորանիստ երակների թրոմբոզը  (ԽԵԹ) նրանցում թրոմբի առաջացումն է: Սովորաբար, այն դիտվում է ստորին վերջույթների և կոնքի երակներում,  հազվադեպ՝ վերին վերջույթներում:

 

Խորանիստ անոթների թրոմբոզն արտահայտվում է այտուցվածությամբ, ցավով և տաքության զգացողությամբ: Այս ախտանշաններն արտահայտվում են թրոմբի տեղակայման շրջանում: Առկա վիճակի ամենածանր բարդությունը թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան է, երբ թրոմբը, դուրս գալով խորանիստ երակներից, հասնում է թոքային զարկերակներին ու խցանում: Դրա հետևանքով թոքերում և սրտում առաջանում է հիպերտենզիա: Դա ծայրահեղ ծանր վիճակ է, որը կարող է մահվան ելք ունենալ:

 

Խորանիստ անոթների թրոմբոզը դժվար է ախտորոշվում, սակայն ժամանակին կատարված ախտորոշումը և բուժումը կարող են արդյունավետ լինել:

 

Պատճառները

 

Թրոմբոզին նպաստում է երկարատև անշարժության արդյունքում երակներում արյան դանդաղ հոսքը կամ կանգը:

 

Հիմնական պատճառներն են.

 

•    վիրահատական միջամտությունները ոտքերի հոդերում, որովայնի խոռոչում և կրծքավանդակում,
•    ազդրի և ծնկի կոտրվածքները,
•    երկարատև ճամփորդությունները,
•    արյան մակարդելիության ժառանգական խնդիրները,
•    ուռուցքային հիվանդությունները,
•    երկարատև անկողնային ռեժիմը:

 

Նպաստող գործոններ են` սրտի իշեմիկ հիվանդությունը, ուղեղի արյան շրջանառության  սուր խանգարումը, ավելորդ քաշը, հղիությունը:

 

Ձեռքերի երակների թրոմբոզին նպաստող գործոններն են.

 

•    ներքին կաթետրի առկայությունը,
•    էլեկտրախթանիչի առկայությունը,
•    երակների շրջանում ուռուցքների առկայությունը:

 

Ախտորոշումը

 

Զննումից և անամնեզ հավաքելուց հետո բժիշկը նշանակում է երակների ուլտրաձայնային դուպլեքս սքանավորում, որը հնարավորություն է տալիս չափել երակի տրամագիծը, այնտեղ առկա թրոմբները և արյան հոսքի արագությունը: Անհրաժեշտության դեպքում իրականացվում է նաև Ֆլեբոգրաֆիա, որի ժամանակ երակի մեջ ներմուծվում է կոնտրաստ նյութ և ռենտգեն հետազոտությամբ ուսումնասիրվում երակների անատոմիան, թրոմբների առկայությունը:

 

Բուժումը

 

Սովորաբար, բուժումը կոնսերվատիվ է:

 

•    Հակամակարդիչներ՝ թրոմբի առաջացումը և հետագա աճը կանխող դեղորայք. հեպարինը նշանակվում է 5-7 օր, որից հետո` պերօրալ ընդունման դեղեր  (վարֆարինի հաբեր` 6 ամիս շարունակ): Պետք է չմոռանալ, որ հակամակարդիչները կարող են նպաստել արյունահոսությունների առաջացմանը: Այդ պատճառով բուժման ամբողջ ընթացքում անհրաժեշտ է կատարել արյան հետազոտություն:
•    Եթե թրոմբի չափերը շատ մեծ են, երբեմն խորհուևդ է տրվում իրականացնել թրոմբոլիզիս (թրոմբի լուծում):  Այս հետազոտության ժամանակ երակի մեջ ներմուծվում է համապատասխան պատրաստուկ: Թրոմբոլիտիկները նույնպես կարող են արյունահոսության պատճառ լինել:
•    Երբեմն անհրաժեշտ է լինում վիրահատական թրոմբէկտոմիա կատարել (թրոմբը հեռացնել երակից):
•    Թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի վտանգի դեպքում ստորին սիներակում ներդրվում է հատուկ մետաղական ֆիլտր (КАВА-ФИЛЬТР), որը կարող է պաշտպանել թոքային էմբոլիայից՝ թրոմբը կանգնեցնելով մինչև նրա թոքային զարկերակ հասնելը:
•    Այտուցը նվազեցնելու համար օգտագործում է էլաստիկ բինտ:
•    Նշանակվում են ֆլեբոտոնիկներ  (դետրալեքս):

27.07.2021