«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Խոլեցիստիտ

Խոլեցիստիտ

Խոլեցիստիտը լեղապարկի բորբոքումն է: 85-95 տոկոս դեպքերում այն ի հայտ է գալիս լեղաքարային հիվանդությամբ տառապողների մոտ: Հիվանդության այլ պատճառներն են՝ լեղու կանգը, բակտերիալ վարակը, լեղապարկի արյան շրջանառության խանգարումը:

 

Ըստ ընթացքի տարբերում են սուր և քրոնիկ խոլեցիստիտներ:

 

Սուր խոլեցիստիտը 90-95 տոկոս դեպքերում զարգանում է լեղուղիների քարերով խցանման հետևանքով (լեղաքարային հիվանդությամբ տառապողների մոտ): Այլ պատճառներ հանդիպում են շատ քիչ դեպքերում:

 

Հիվանդների տարիքը հիմնականում 30-80 տարեկանն է: Կանայք ավելի հաճախ են հիվանդանում:

 

Ախտանշանները

 

  • Աջ թուլակողում ցավի նոպաներ,
  • Ավելի ուշ ի հայտ են գալիս սրտխառնոց և փսխում,
  • թուլություն, ջերմության բարձրացում:

Աստիճանաբար հիվանդի վիճակը վատանում է: Թվարկված ախտանշանների դեպքում պետք է դիմել բժշկի: Եթե ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվում, ապա հիվանդության սկզբից 3-4 օր անց կարող է առաջանալ այնպիսի վտանգավոր բարդություն, ինչպիսին է պերիտոնիտը՝ որովայնամզի բորբոքումը, որը կարող է բերել մահվան:

 

Քրոնիկ խոլեցիստիտ

 

Քրոնիկ խոլեցիստիտն ավելի քիչ վտանգավոր է կյանքի համար, քան սուր խոլեցիստիտը, բայց այն կարող է վերափոխվել սուր խոլեցիստիտի:

 

Այս հիվանդությամբ կանայք հիվանդանում են տղամարդկանցից 2-3 անգամ ավելի հաճախ:

 

Հիվանդությունն արտահայտվում է աջ թուլակողում չափավոր պարբերական ցավերով, սրտխառնոցով, փսխումով: Հաճախ հիվանդության ախտանշաներն արտահայտվում են ճարպոտ կամ կծու սնունդ ընդունելուց հետո:

 

Ախտորոշման համար ներկայում ամենատեղեկատվական, անցավ հետազոտման մեթոդ որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտությունն է:

 

Սուր խոլեցիստիտի բուժումը

 

Բուժումն իրականացվում է վիրաբուժական բաժանմունքում: Բուժական մոտեցումն անհատական է:

 

Հիմնական սխեման


  • Նշանակվում է սով` 3-4 օր,
  • Սառը` որովայնի առաջային պատին,ներերակային տրվում են աղային լուծույթներ, գլյուկոզա 5 տոկոսանոց, , որոնց մեջ ավելացվում են սպազմոլիտիկ, ցավազրկող պատրաստուկներ (Բարալգին, Ռենալգին և այլն), որոնք կատարվում են նաև միջմկանային ներարկումով:ւժեղ ցավազրկողների օգտագործումը հակացուցված է, քանի որ դա կթաքցնի հիվանդության իրական պատկերը:
  • Նշանակվում են հակաբիոտիկներ:
  • Այլ պատրաստուկնե` կարիքի դեպքում:

 

Եթե խոլեցիստիտը լեղաքարային հիվանդության հետևանք է և դեղորայքային բուժումն արդյունք չի տալիս, անհրաժեշտ է դիմել վիրահատական միջամտության:

 

Քրոնիկ խոլեցիստիտի բուժումը

 

Բուժման մեթոդի ընտրության հարցում մեծ դեր ունի լեղաքարային հիվանդության առկայությունը: Եթե լեղապարկում առկա են քարեր, վիրահատությունը պարտադիր է, եթե չկան՝ իրականացվում է կոնսերվատիվ բուժում:

 

Քարերի բացակայության դեպքում նշանակվում է խիստ սննդակարգ (սեղան №5):

 

Սննդից պետք է բացառել սուր և տապակած, ապխտած կերակուրները, պահածոները, երշիկեղենը, կակաոն, շոկոլադը, ալկոհոլը, կծու պանիրը:

 

Կարելի է օգտագործել լեղամուղ մթերք, եթե դրանք ցավ չեն առաջացնում, եփած ձու՝ չափավոր քանակով, ոչ աղի, թարմ կարագ, ձիթապտղի ձեթ, կաթ, թթու կաթնամթերք, ոչ յուղոտ միս, թարմ ձուկ:

 

Հիվանդներին խորհուրդ է տրվում լեղամուղ պատրաստուկներ.

  • Խոլենզիմ,Ալլոխոլ
  • Խոլագոլ և այլն
  • Լեղամուղ դեղաբույսերի եփուկներ՝ եգիպտացորենի մազիկներ, անթառամի ծաղիկներ և այլն:

 

30.04.2021