«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Երիկամային անբավարարություն

Երիկամային անբավարարություն

Երիկամները կենսական կարևորության օրգաններն են, որոնք իրականացնում են արտազատիչ և հյութազատիչ ֆունկցիաներ:

 

Հիվանդության դեպքում երիկամները չեն կարողանում այդ ֆունկցիաները լիարժեք կատարել:

 

Երիկամային անբավարարությունը կարող է լինել նրանց ֆունկցիայի աստիճանական, պրոգրեսիվող ախտահարումների արդյունք (քրոնիկական երիկամային անբավարարություն), կամ հանկարծակի ֆունկցիայի խանգարման հետևանք (սուր երիկամային անբավարարություն):

 

Քրոնիկական անբավարարության ժամանակ երիկամները վնասվում են անվերադարձ:

 

Քրոնիկական անբավարարության պատճառները տարբեր են՝ շաքարային դիաբետ, երիկամների քրոնիկական բորբոքում (պիելոնեֆրիտ), աուտոիմուն ախտահարում (գլոմերուլոնեֆրիտ), արյան զարկերակային ճնշման բարձրացում (հիպերտոնիա) և անոթային այլ խանգարումներ:

 

Երիկամների ախտաբանության ժամանակ խանգարվում է թթվա-հիմնային և օսմոտիկ հավասարակշռությունը, մեզի առաջացումը, փոխվում է վերջինիս բաղադրակազմը: Ջուրը և կենսագործունեության արգասիքները կուտակվում են օրգանիզմում` առաջացնելով ուրեմիա:

 

Ուրեմիան արյան մեջ հիմնականում ազոտային փոխանակության արդյունքում տոքսիկ նյութերի կուտակումն է (ազոտեմիա):

 

Ուրեմիայի հիմնական ախտանշաններն են՝ մաշկի քորը, թուլությունը, ապատիան, ախորժակի վատացումը, սրտխառնոցը, փսխումը, զզվանքը սննդի նկատմամբ՝ հատկապես մս,:

 

Երիկամային թերապիայի երեք հիմնական մեթոդները
Երիկամային անբավարարության բուժումը դեռևս համարվում է անհնարին: Ժամանակակից բժշկությունը կոմպենսացնում է երիկամային անբավարարությունը և հնարավորություն ստեղծում ապրել ակտիվ կյանքով:

 

Դեղորայքային բուժում
Եթե հիվանդը դիալիզի (հեմոդիալիզ կամ պերիտոնեալ դիալիզ) անհրաժեշտություն է ունենում, բուժող բժիշկը նշանակում է անհատական ընտրված դեղորայք: Նշանակվում են հակահիպերտենզիոն դեղեր, քանի որ երիկամային անբավարարությամբ հիվանդների մեծ մասը տառապում է բարձր զարկերակային ճնշմամբ (հիպերտենզիայով): Բարձր ճնշումn անհրաժեշտ է կարգավորել, նախ` աղի և ջրի օգտագործման հսկողությամբ, իսկ եթե չի օգնում, օգտագործվում են հիպոտենզիվ դեղեր:

 

Վիտամին D
Վիտամին D-ն օրգանիզմը ստանում է սննդով և արևի ճառագայթների օգնությամբ, իսկ ակտիվանում է լյարդում և երիկամներում: Վիտամին D-ն նպաստում է կալցիումի յուրացմանն` օրգանիզմում: Երիկամային հիվանդությունների ժամանակ նշանակվում է վիտամին D-ի ակտիվացված ձևը, որպեսզի օրգանիզմն այն հեշտ կարողանա օգտագործել:

 

Երկաթ
Երկաթը էրիթրոցիտներում պարունակվող հեմոգլոբինի կարևոր բաղադրիչ է: Այն նշանակվում է երկաթի հատուկ պատրաստուկների տեսքով, բայց հաճախ ներմուծվում է ներերակային՝ դիալիզի ընթացքում:

 

Էրիթրոպոետին
Էրիթրոպոետինը հիմնականում երիկամներում արտադրվող հորմոն է, որի սինթեզը երիկամային քրոնիկ խնդիրների ժամանակ նվազում է, իջնում է նաև արյան մեջ էրիթրոցիտների քանակը` դառնալով սակավարյունության պատճառ: Ուստի օրգանիզմ է ներմուծվում սինթետիկ էրիթրոպոետին` ներերակային կամ ենթամաշկային եղանակով:

 

Ֆոսֆատ-կապող պատրաստուկներ (ֆոսֆատ-բինդերներ)
Երիկամները նորմայում արտազատում են օրգանիզմ սննդով ներմուծված ֆոսֆատները: Քրոնիկական անբավարարության ժամանակ այդ գործընթացը խանգարվում է, որի արդյունքում արյան և բջիջների մեջ բարձրանում է ֆոսֆատի պարունակությունը, ինչն իր հերթին առաջացնում է փափուկ հյուսվածքների կալցիֆիկացիա, օրինակ, մաշկում կամ աչքերի անոթներում, որի հետևանքով գրգռվում են մաշկը և աչքերը:

 

Հնարավոր է նաև անոթների կալցինոզի առաջացում, որն էլ կարող է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:

 

Դիալիզը կարող է պակասեցնել ֆոսֆատի ավելցուկը, բայց նրա մուտքը օրգանիզմ անհրաժեշտ է կարգավորել ցածրֆոսֆատային սննդակարգով և ճիշտ ընտրված ֆոսֆատ-կապող պատրաստուկներով:

16.03.2021