«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Մարմնի հենաշարժական համակարգը

Մարմնի հենաշարժական համակարգը

Մարմնի հենաշարժական համակարգի հենք հանդիսացող կմախքի ոսկրերն իրար միացնող շարակցահյուսվածքային փակեղների և կապանների միջոցով կազմված բազմաթիվ հոդերը բավարար չեն շարժումներ իրականացնելու համար:

Դրանց շարժման մեջ դնողը մկաններն են, որոնց որոշակի ուղղվածություն ունեցող մկանաթելերի խրձերի երկու ծայրերն ավարտվում են ամուր ջլերով: Սրանք լինելով հոդից դուրս, սերտաճած են հոդի կազմության մեջ մտնող ոսկրերի ծայրերին և մկանի կծկման ժամանակ հոդի վրայով սահելով, որոշակի շարժում են ապահովում:

Դա լավ տեսանելի է նախաբազկի շարժումը պատկերող նկարում (նկ. 1-Ա, Բ): Այստեղ անշարժ բազկոսկրի առաջային երեսի վերին ծայրին ամրացած երկգլխանի ծալիչ մկանի ստորին ծայրը կպած է նախաբազկի ծղիկոսկրին և մկանի կծկման շնորհիվ կատարվել է նախաբազկի առբերում, այսինքն` արմնկային հոդը ծալվել է և կախված նախաբազուկը վեր է բարձրացել: Այդ ընթացքում բազկոսկրի հետին երեսին գտնվող եռագլուխ` տարածիչ մկանը թույլ է, իսկ երբ ինքը` եռագլուխ մկանն է կծկվում, այն հետ է բերում նախաբազուկը` ուղղելով ծալված հոդը: Այս գործողությունն արդեն ուղեկցվում է երկգլխանի ծալիչ մկանի թուլացմամբ:


Նկար 1. Նախաբազկի շարժումները


Ա. Կատարվել է նախաբազկի առբերում` արմնկահոդը ծալվել է



Բ. Կատարվել է նախաբազկի և արմնկահոդի ուղղում


 

Նկար 2. Դաստակի մատներն առբերող ու տարածող մկանները սկիզբ են առնում նախաբազկից

 

Ա. Դաստակի առաջնային` ափը փակող, մատներն աշխատեցնող կարճ ու երկար մկանախմբերը

 

 
Բ. Դաստակի հետին երեսի` ափը բացող մկաններն են ու մի քանի հոդերի վրայով անցնող մկանաջլերը իրենց շարժումները զսպող կապաններով



Այսպիսով, շարժում ապահովող յուրաքանչյուր մկան ունի իրեն հակառակ գործողություն կատարողը` անտագոնիստը: Այս իրարամերժ շարժումների իրականացումը կատարվում է մկանների կազմության մեջ մտնող զգացող և ուղեղից եկած շարժման կամ արգելակման հրահանգ հաղորդող նյարդերի միջոցով:

Որոշ մկաններ և դրանց ջլերը բավական երկար են և մինչև ծայրային հեռակա ոսկրին հասնելը անցնում են մեկ կամ մի քանի հոդերի վրայով: Երբ մկանը կծկվում է, ճանապարհին այդ երկար ջլերը սահում են դրանց շարժումը զսպող ու ուղղորդող ամուր կապանների տակով: Այդպիսի մկաններ են ձեռքի ափը փակող` բռունցք դարձնող ու բացող (նկ. 2-Ա, Բ), ինչպես նաև ոտքի թաթն ու մատները բարձրացնող և իջեցնող մկանախրձերն` իրենց երկար ջլերով (նկ. 3): Ձեռքի ափն ու մատները շարժող մկանախմբերը, որոնք սկիզբ են առնում նախաբազկից և վերջանում մատների ոսկրերի վրա, պատշաճ վարժանքի միջոցով կարողանում են նրբագույն շարժումներ իրականացնել: Դա առավելապես արտահայտվում է նկարելիս, երաժշտական գործիքների վրա նվագելիս, ասեղնագործելիս և այլն:

 

 Նկար 3. Ոտքի թաթ


 

Մարմնի հենաշարժական ապարատի բարդ շարժումներն իրականացվում են իրար նպաստող և հակազդող մի քանի մկանախմբերի կոորդինացված գործողություններով: Կյանքի ընթացքում ձեռք բերված փորձի և գիտակցության զարգացմանը զուգընթաց, օրգանիզմում մշակվում են արտաքին ակնթարթային բացասական ազդակներից (բարձր և ցածր ջերմություն, ուժեղ լույս, էլեկտրական հոսանք և այլն) խուսափելու, պաշտպանվելու, այսպես կոչված` ակամա պայմանական ռեֆլեքսներ: Դրանց շնորհիվ մարմնի կամայական մկանները կարող են կծկվել ոչ միայն գիտակցված կամ նախորոք մտածված, այլև չգիտակցված ռեֆլեքսի ձևով: Դրանք ակնթարթային պաշտպանական շարժումներ են, որոնց հիմքում ընկած է օրգանիզմի նյարդային համակարգի հիշողությունը, փորձը, որը ձևավորվել է նախկինում ցավի, տհաճության զգացումներ առաջացնող ազդակների հետ առնչվելիս:

Օրվա ընթացքում մեզ համար աննկատելիորեն, չգիտակցված` արդեն սովորական դարձած բազմաթիվ բարդ շարժումներ ենք կատարում` կենտրոնական նյարդային համակարգի կոորդինացնող հատկության շնորհիվ: Օրինակ` քայլելիս մարմնի բազմաթիվ մկաններ են մասնակցում, որոնք կատարելով տվյալ պահին անհրաժեշտ, ուժով, ռիթմով, սահունությամբ, համակցված գործողություններ, ապահովում են մարմնի հավասարակշռության և տեղաշարժման ներդաշնակ գործընթացը:

Ակնհայտ է, որ երեխայի համար քայլել սովորելը երկարատև դանդաղ զարգացող, փոխհամակցված գործողությունների յուրացման և մշակման կարիք ունի, իսկ սպորտի տարբեր ձևերին տիրապետելը կամ պարարվեստում շարժումների գեղագիտական արտահայտչականության հմտություններ ձեռք բերելը տարիների ֆիզիկական, հոգեբանական մարզումներ են պահանջում:

Կենցաղում, առօրյա աշխատանքում, պատահարների ժամանակ տարբեր վնասվածքների հետևանքով որևէ նյարդի ամբողջականությունը խախտվելիս դադարում է տվյալ մկանի գործունեությունը: Մկանը ենթարկվում է ապաճման (ատրոֆիա), կորցնում է կծկվելու հատկությունը` դառնում անդամալույծ:

Խոշոր նյարդի վնասման դեպքում տեղի է ունենում ամբողջ մարմնամասի անդամալուծում:

Չափահաս մարդու կմախքային մկանները կազմում են նրա մարմնի զանգվածի 40%-ը, իսկ նորածինների և փոքր երեխաներինը` 20-25%-ից ոչ ավելի:

Մկանային համակարգի խնամքը, նրա կոփումը և զարգացումը հասարակության առողջության և կյանքի որակը բարելավող ամենակարևոր գործոններից է; Վաղուց հայտնի «Շարժումը կյանք է» կարգախոսն այսօր ոչ միայն աճող սերնդի, այլ նաև տարեցների համար թերշարժունակությունից խուսափելու միջոցով առողջությունն ու երկարակեցությունն ապահովող կարևոր կենսական խնդիր է: Ճիշտ սնվելու և օրգանիզմի բոլոր օրգանների ակտիվությունն ապահովելու համար ստեղծված հնարավորություններն այսօր շատ են և բազմազան: Ծուլությունն ու հեռուստացույցից հիվանդագին կախվածությունը, գերլարվածություն պահանջող համակարգչի հետ երկարատև աշխատանքն ու գայթակղիչ խաղերով տարվելը, մասնավորապես զարգացող սերնդի համար, արդեն կործանարար չափերի է հասնում: Օրգանիզմի ներդաշնակ զարգացումը պահանջում է ապահովել նաև նրա ֆիզիկական կոփումն ու մարզվածությունը: Սա առողջ ապրելակերպի այբբենական անհրաժեշտություն է, որ գալիս է մարդկային հասարակության անցյալի հազարամյակներից: Դա ներկա և ապագա կյանքի կարևոր գրավականն է:

05.04.2017