«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Ինչի՞ մասին են վկայում այտուցները

Ինչի՞ մասին են վկայում այտուցները

Ին՞չ է այտուցը: Գիտական սահմանումների համաձայն, դա հյուսվածքներում հեղուկի ավելորդ կուտակումն է: Մարդու օրգանիզմում ջուրը կազմում է 70%: Դրա մոտ 2/3-ը գտնվում է բջիջների մեջ, իսկ 1/3-ը` միջբջջային հատվածներում:

Այտուցները լինում են տեղային և ընդհանուր: Առաջինը որոշակի օրգանում կամ անոթային հունի հատվածում է: Այն առաջանում է, օրինակ, ավշային անոթների կամ ստորին վերջույթների երակների հիվանդությունների, դեմքի ալերգիկ այտուցների դեպքում: Ընդհանուր այտուցներն ուղեկցվում են ամբողջ մարմնի հյուսվածքների  թեթևակի ուռածությամբ և բնորոշ են սրտի, երիկամների, ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններին: Ընդհանուր այտուցը նկատելի է դառնում օրգանիզմում 3 և ավելի լիտր հեղուկի կուտակման դեպքում, որը հաճախ երիկամներում աղի և ջրի պահման հետևանքով է:

Ամեն դեպքում, այտուցներն ահազանգում են այն մասին, որ օրգանիզմում ինչ-որ պաթոլոգիական գործընթաց է տեղի ունենում և ժամանակն է դրան ուշադրություն դարձնել: Ներկայացնում ենք այտուց առաջացնող ամենատարածված պատճառներից մի քանիսը:

Զարկերակային արյան ճնշման հետ խնդիրներ

Այտուցների առաջացման պատճառներից մեկն արյունատար բարակ անոթներում` մազանոթներում զ/ճ-ի բարձրացումն է: Մյուս պատճառը կապված է արյան պլազմայում սպիտակուցների, հատկապես ալբումինների կուտակման հետ: Դա հանգեցնում է օսմատիկ ճնշման իջեցման և արյունատար հունից  հեղուկի դուրս բերմանը դեպի  հյուսվածքներ: Այտուցների առաջացումը պայմանավորված է նաև մազանոթների բարձրացած թափանցիկությամբ, որը զարգանում է դրանց թունավոր վնասման կամ բորբոքման հետևանքով: Բուժման  համար հարկ է դիմել թերապևտին:

Երակների հիվանդություն

Այտուցներն անխուսափելիորեն ուղեկցում են նաև ոտքերի երակների բորբոքային հիվանդություններին: Այդ դեպքում ոտքերը կարմրում են և ցավում ինչպես հանգստի ժամանակ, այնպես էլ դրանց դիպչելիս: Եթե սրունքները պարբերաբար այտուցվում են, սակայն չեն կարմրում, ապա դա վկայում է վարիկոզ հիվանդության մասին: Երակային այտուցները շոշափելիս փափուկ են, մաշկը տաք է, երբեմն կապտագույն երանգի:

Բարեբապտաբար, ոտքերը կարող են այտուցվել նաև «հենց այնպես»` տոթից և հոգնածությունից: Սակայն այդ դեպքում այն պարբերաբար բնույթ չի կրում. բավական է պառկել ոտքերը  բարձր դիրքում դրած, կամ ոտքերի համար տաք լոգանքներ ընդունել, այտուցներն անցնում են և էլ չեն կրկնվում:

Կարևոր է

Հարկ է հիշել, որ այտուցն ինքնին հիվանդություն չի համարվում: Այն կարող է միայն կարևոր ախտանիշ լինել, որը վկայում է այս կամ այն հիվանդության առկայության մասին: Դրա համար այտուցների պարբերաբար առաջացման  դեպքում հարկ է խորհրդակցել մասնագետի հետ:

Եթե առկա է վարիկոզ հիվանդություն կամ տրոմբոֆլեբիտ, կօգնի անոթաբանը:

Ալերգիա

Ալերգիկ այտուցները կարող են դրսևորվել մարմնի յուրաքանչյուր հատվածում: Դրանք շոշափելիս ամուր են, ուղեկցվում են քորով և կարմրությամբ, հաճախ նաև` մանր ցանի դրսևորմամբ: Այդպիսի այտուցների դեպքում, հարկ է դիմել բժիշկ-ալերգոլոգին և բուժել ոչ միայն ախտանիշները, այլև հեռացնել ալերգիայի խնդիրը:

Սրտային անբավարարություն

Ոտքերի կոճերի այտուցը տագնապալի ախտանիշ է, որովհետև ահազանգում է սրտային անբավարարության առկայության մասին: Սրտային այտուցներին նախորդում  է հևոցը: Պայմանավորված սրտի հիվանդության զարգացման չափով, այտուցները կարող են աստիճանաբար ծավալով մեծանալ` կոճերից վերև, ընդհուպ, մինչև ազդրերը: Մաշկը «սրտային» այտուցի հատվածում բաց-կապտավուն է, ձգված, շոշափելիս` սառը: Եթե նման այտուցներ են հայտնաբերվում, անհապաղ դիմել սրտաբանին:

Պատճառը երիկամներում է

Երիկամները, իրենց գործառույթն այս կամ այն պատճառներով  չկատարելով, նույնպես կարող են ջուրը մղել միջբջջային տարածք, այդպիսով այտուցներ ձևավորելով:

Երիկամային այտուցները փափուկ են,  խմորանման, ամենից հաճախ դրևսորվում են դեմքի վրա, ընդ որում հենց առավոտից: Այտուցի հատվածում մաշկը չոր է և գունատ: Հատկանշական է, որ երիկամային այտուցները մեծ մասամբ «լողացող» են, այսինքն, արագորեն տեղափոխվում են մարմնի դիրքի փոփոխման դեպքում: Երիկամների բուժման համար հարկ է դիմել ուրոլոգին:

Ինչպես պայքարել այտուցների դեմ

Եթե այտուցներն ինչ-որ լուրջ հիվանդության հետ կապված չեն, ապա կարող են օգնել հետևյալ հանձնարարականները: Առաջին հերթին, հարկ է սահմանափակել կծու և յուղոտ ուտեստների, նաև հեղուկի օգտագործումը, հատկապես, քնելուց առաջ: Օրվա սննդակարգում հարկ է ներառել գոլորշու վրա պատրաստված մթերք, կանաչեղեն (առաջին հերթին` մաղադանոս), թարմ մրգեր ու բանջարեղեն: Շատ օգտակար է կտավատի սերմերից պատրաստված թուրմը. 4 ճաշի գդալ սերմերի վրա լցնել 1 լիտր ջուր և եռացնել 15 րոպե: Քամել և տաք վիճակում ընդունել օրական 3 անգամ, 1/2 բաժակ, 2-3 շաբաթվա ընթացքում: Համը լավացնելու համար կարելի է մի քիչ կիտրոնի հյութ ավելացնել:

Այտուցների կանխարգելման ամենալավ միջոցը մարմնամարզությամբ զբաղվելն է, հատկապես, լողով: Այն նպաստում է արյան շրջանառության լավացմանն ու օրգանիզմի անոթային համակարգի ամրացմանը: Լավ արդյունք է տալիս նաև ձեռքերի մատների և ոտնաթաթերի մերսումը:

Բացի այդ, անոթներն ամրացնելուն և այտուցների առաջաման կանխարգելմանն օգնում են ջրային բուժգործողությունները, մասնավորապես, կոնտրաստ ցնցուղը.  5-6 անգամ տաք ջուրը փոխել սառով և հակառակը: Սակայն հարկ է պահպանել կոփման հիմնական կանոնը. սառը ջրին հարկ է սովորել աստիճանաբար:

  • Անհրաժեշտ է հաճախ մաքուր օդում զբոսնել և շատ շարժվել: Այտուցները կանգային երևույթ են և ինչքան շարժումները շատ են, այնքան այտուցներ քիչ են զարգանում:

  • Խորհուրդ չի տրվում շատ բարձր կրունկներով կոշիկներ կրել, որպեսզի ոտքերի վրա այտուցներ չառաջանան:

  • Եթե տոթից և հոգնածությունից ոտքերն այտուցվել են, օրվա ընթացքում աշխատեք գոնե 10-15 րոպե պառկել ոտքերը վերև բարձրացած դիրքում, դրանով նպաստելով հեղուկի դուրսբերմանը: Օգնում են նաև ծովային աղով ոտքերի տաք լոգանքները (1 լիտր ջրին 1 ճաշի գդալ աղ):


Դեմքի այտուցների դեպքում հում կարտոֆիլն անցկացնել քերիչով, թանզիֆով քամել և դրանով շփել այտուցված հատվածները:

 

 

28.02.2017