«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Սակավարյունություն

Սակավարյունություն

Բժիշկներին դիմում են բազմաթիվ պացիենտներ, գանգատվելով ուժերի անկումից, հոգնելիությունից, իմունիտետի նվազումից, ախորժակի բացակայությունից, եղունգների ու մազերի կոտրտվածությունից, տրամադրության տատանումներից, քնի հետ կապված խնդիրներից և մի շարք այլ ախտանշաններից: Որպես կանոն, մարդիկ հակված են իրենց վիճակը վերագրել ավիտամիոզին: Սակայն այդ երևույթները բնորոշ են նաև այնպիսի հիվանդության, որը, չնայած ինքնուրույն հիվանդություն չի համարվում, բայց օրգանիզմի համար կարող է ծանր հետևանքներ ունենալ: Խոսքը տարածված ախտաբանության`  սակավարյունության (անեմիա) մասին է:

Սակավարյունությունը բնութագրվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ (տղամարդկանց մոտ 130գ/լ-ից, կանանց մոտ` 120գ/լ-ից պակաս) և, մեծ մասամբ, արյան մեջ էրիթրոցիտների ծավալով (տղամարդկանց մոտ` 39%, կանանց մոտ` 35%): Սակավարյունությունը միշտ երկրորդական է, այսինքն, այն ուղեկցում է որևէ հիվանդության, որպես ախտանշան:

Սակավարյունության առավել տարածված տեսակն է երկաթ-դեֆիցիտայինը (ԵԴՍ), որը կազմում է սակավարյունության բոլոր դեպքերի 98%-ը: ԵԱԱ զարգացման ռիսկի խմբում են վերարտադրողական տարիքի կանայք, հղիները, կերակրող մայրերը և փոքրահասակ երեխաները:

ԵԴՍ զարգացման հիմնական պատճառներն են.

  • տարբեր հիվանդությունների պատճառով տարբեր տեղակայման արյունահոսությունները (ստամոքս-աղիքային, արգանդային, քթային, երիկամային),
  • աղիներում սննդի հետ ստացված երկաթի յուրացման խանգարումը,
  • օրգանիզմում երկաթի ավելացած պահանջարկը (հղիություն, կերակրում, ինտենսիվ աճ և այլն),
  • երկաթի ալիմենտար անբավարարություն (անբավարար սնունդ, անորեքսիա, բուսակերություն և այլն): 


ԵԴՍ զարգացման սկզբնական փուլում  երկաթի անբավարարությունն օրգանիզմում վատացնում է երկաթպարունակող հյուսվածքային շնչառության ֆերմենտների ֆունկցիան: Դրա հետևանքով զարգանում են բազմաթիվ տրոֆիկ խանգարումներ (մաշկի չորություն, եղունգների կոտրտվածություն, մազաթափություն): Հետագայում խանգարվում է նաև հեմոգլոբինի ձևավորումը:

Սակավարյունության բուժման հիմնական սկզբունքներն են.

  • երկաթի անբավարարության հիմնական պատճառների վերացումը,
  • օրգանիզմն ապահովել ամինաթթուների, սպիտակուցների, վիտամինների և միկրոտարրերի բավարար քանակով,
  • ստամոքսի և բարակ աղու էպիթելի կառուցվածքի և գործառույթի կարգավորումը, որոնք կարևոր դեր են խաղում սննդի հետ օրգանիզմ ներմուծված երկաթի յուրացման համար: 


Բայց միայն երկաթի բարձր պարունակությամբ (միս, լյարդ, ոլոռ, լոբի և այլն) սննդակարգը բավարար չէ տվյալ տարրի անբավարարությունը վերացնելու և ԵԴՍ-ն բուժելու համար: Սննդի հետ ներմուծվող երկաթի քանակությունը չի համապատասխանում այն քանակին, որը ներծծվում է ստամոքս-աղիքային ուղիում: Օրինակ, եթե չափահաս տղամարդը օրական լիարժեք սննդի հետ ստանում է 18 մգ երկաթ, դրանից յուրացվում է ընդամենը 1-1,5 մգ-ը, իսկ կանանց մոտ 12-15 մգ-ից յուրացվում է ընդամենը 1-1,3 մգ-ը:

Այդ պատճառով էլ ԵԴՍ համապատասխան բուժումն անհնարին է առանց երկաթ պարունակող դեղպատրաստուկների: Դրանք ստամոքս-աղիքային ուղիում սննդի մեջ պարունակվող երկաթից առավել լավ են յուրացվում: Դեղպատրաստուկն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ ԵԴՍ դեպքում հեմոգլոբինի ցուցանիշի համապատասխան աճը կարելի է ապահովել միայն, երբ օրգանիզմ է ներմուծվում 30-100 մգ երկվալենտ երկաթ: Եվ, քանի որ, ԵԴՍ ֆոնի վրա երկաթի յուրացումը աճում է մինչև 25-30% (համեմատած 3-7% նորմայի հետ), պացիենտին անհրաժեշտ է նշանակել օրական 100-300 մգ երկվալենտ երկաթ:

Բացի դրանից, բուժման սխեման անպայման պետք է ներառի ասկորբինաթթու, որը նպաստում է երկաթի լավ յուրացմանը, ընդ որում, նրա պարունակությունը պետք է 2-3 անգամ գերազանցի երկաթի պարունակությանը: Թերապիայի արդյունավետությունը նշանակալիորեն բարձրացնելու համար հարկավոր է նաև ֆոլաթթու և վիտամին B12 ընդունել, որոնք արյունաստեղծ բջիջներում ուժեղացնում են ԴՆԹ սինթեզը, ինչպես նաև կարգավորում են օրգանիզմում երկաթի մետաբոլիզմի ցիկլը:

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012



06.08.2018